Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
2014 թվականի մայիսից ֆրանսիական «Էյր Ֆրանս» ավիաընկերությունը շաբաթական վեց թռիչք կիրականացնի Փարիզից Երեւան եւ հակառակ ուղղությամբ, իսկ 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին շաբաթվա բոլոր օրերին թռիչքներ կլինեն. լրագրողներին այսօր` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսի ժամանակ, հայտնեցին «Եվրոպա» հյուրանոցի եւ «Executive travel» ու «Սաբերատուր-Սեւան» տուրիստական ընկերությունների հիմնադիր-նախագահ Լեւոն Բաղդասարյանն ու հիմնադիր Վարուժան Սարգսյանը:
«Executive travel» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին եւ Հայաստանում «Էյր Ֆրանս» եւ «KLM» ավիաընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է: Ընկերության հիմնադրման սկզբնական ժամանակաշրջանում «Էյր Ֆրանս»-ը իրականացրել է շաբաթական 3 թռիչք, հետո' 4, իսկ հիմա` երկար նբանակցություներից հետո, հաջողվել է համոզել ավիաընկերությանը հաջորդ տարվանից իրականացնել շաբաթական 6 թռիչք, ամռան երկու ամիսներին` տուրիստական սեզոնին, շաբաթական 7 թռիչք` ամեն օր:
«Նստատեղերի շատացման պարագայում արդեն ավիատոմսերն էլ կէժանանան»,- նշեց Լեւոն Բաղդասարյանը:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն էլ, ոգեւորվելով այս իրողությունից, լրագրողներին ներկայացրեց, որ «Էյր Ֆրանս»-ը Ֆրանսիայի ամենադժվար համոզվող ավիաընկերությունն է, ու իր հարգանքն ու հիացմունքը հայտնեց գործարարներին. «Եթե ձեզ հաջողվի համոզել «Էյր Ֆրանս»-ին ոչ միայն հուլիս-օգոստոս, այլեւ մնացյալ ամիսներին էլ ամենօրյա թռիչքներ կատարել Հայաստան, ես այդ ուրախ լուրը կտոնեմ ձեզ հետ միասին` շամպայնով»:
Լրագրողները Լեւոն Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե տարեկան որքան զբոսաշրջիկ է գալիս Հայաստան Ֆրանսիայից: Նա ասաց, որ կոնկրետ թիվ ասել շատ դժվար կլինի, բայց վստահեցրեց, որ զբոսաշրջիկների թիվը տարեկան 10-15 տոկոսով աճում է:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ նշեց, որ երկուստեք այցելությունները բավականին շատացել են, եւ պատահական չէ, որ «Էյր Ֆրանս»-ը համաձայնել է շաբաթական թռիչքների թիվն ավելացնել: Դեսպանը նշեց, որ դա մարքեթինգային արդյունքների վրա հիմնված որոշում է, եւ եթե զբոսաշրջիկների հոսքերը մեծացած չլինեին, ավիաընկերությունը չվերթեր չէր ավելացնի:
Անրի Ռենոն, օգտվելով առիթից, կոչ արեց ներկաներին, լրագրողներին ու ՀՀ բոլոր քաղաքացիներին` ավելի ակտիվ լինել ու այցելել Ֆրանսիա' Փարիզ, ինչին արձագանքեց հյուրանոցի եւ «Executive travel» ու «Սաբերատուր-Սեւան» տուրիստական ընկերությունների հիմնադիր Վարուժան Սարգսյանը` շեշտելով, որ դեսպանի լուրը շատ հաճելի է, բայց որպեսզի կարողանան ավելի շատ տուրիստ տանել Ֆրանսիա, վատ չէր լինի վիզայի հետ կապված հարցերը փոքր-ինչ դյուրացնել, քանի որ վիզայի հարցն ամենախնդրահարույցներից է: Նա հույս հայտնեց, որ հենց այդպես էլ կլինի:
Անրի Ռենոն էլ նշեց, թե վիզա ստանալու պայմանների առումով ֆրանսիական դեսպանատունը նման բոլոր կարգի մյուս ծառայությունների շարքում առաջատար դիրքերում է, քանի որ այստեղ վիզա կամ արտոնագիր ստանալու ընթացակարգերը բավականին կարճ են տեւում. եթե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են, ապա վիզա ստանալու դիմումին 3 օրում արձագանքում են:
Անրի Ռենոն հիշեցրեց ՀՀ կառավարության կողմից վերջերս ստորագրված ու վավերացված փաստաթուղթը, որով հասարակության որոշ խմբերի համար վիզային ռեժիմի պայմանները մեղմացվում են: