Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում նոր կենսաչափական տվյալներով անձնագրերին անցումը նախատեսվում է 2014 թվականի հունվարի 1-ից: Սակայն այն հին նմուշի անձնագրերը, որոնք ստացվել են մինչեւ հունվարի 1-ը, նույնպես վավերական լինեն մինչեւ իրենց վավերականության ժամկետի ավարտը, մասնավորապես` եթե այս տարվա ընթացքում քաղաքացիները ստացել են հին նմուշի անձնագիր` 10 տարի ժամկետով, ապա դրանք առնվազն 10 տարի կգործեն զուգահեռ կենսաչափական տվյալներով անձնագրերին:
Կառավարությունն այսօր հաստատեց այս հարցի առնչությամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը պետք է ներկայացվի ԱԺ: Ըստ փաթեթը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի` նոր ճամփորդական փաստաթղթերի առավելությունն այն է, որ դրանք միայն պետք կգան մեր քաղաքացիներին այլ երկրներում, եւ եթե գործող անձնագրի համար յուրաքանչյուր մեկ տարվա համար նախատեսվում էր 1000 դրամ պետտուրքի չափով վճարման պարտականություն, նաեւ անձնագրային ծառայություններ այցելելու խնդիր, ապա նոր անձնագրերի դեպքում, որոնց արժեքը կկազմի բազային տուրքի 25-պատիկի չափը` 25 հազար դրամ, այլեւս անհրաժեշտություն չի առաջանա յուրաքանչյուր տարվա համար վճարում կատարել եւ այցելել անձնագրային ծառայություններ, այսինքն` օտար երկրներում ՀՀ անձնագրերի վավերականությունը հավաստող նոր կնիքի անհրաժեշտություն այլեւս չի լինի:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքին, ապա գործող անձնագրերին կփոխարինեն նույնականացման քարտերը, որոնց արժեքը կկազմի բազային տուրքի եռապատիկը` 3000 դրամ:
«Առավելությունն այն է, որ նույնականացման քարտի մեջ ինտեգրված է նաեւ սոցիալական քարտի կամ հանրային ծառայության համարանիշը, եւ քաղաքացին երկու լրացուցիչ քարտեր պահելու անհրաժեշտություն չի ունենա: Բացի այդ` տեխնիկական հնարավորություն կա ինտեգրելու նաեւ թե’ վարորդական վկայականը, թե’ առողջապահության ծառայությունենրից օգտվելու համար համապատասխան փաստաթղթերը կամ քարտերն այս համակարգում»,- պարզաբանեց Արթուր Օսիկյանը:
Նրա հավաստամամբ` ՀՀ այն բոլոր 6000 քաղաքացիները, ովքեր, կրոնական կամ այլ նախապաշարմունքներից ելնելով, հրաժարվել են սոցիալական քարտեր կամ հանրային ծառայությայն համարանիշեր ստանալուց, այլեւս խնդիրներ չեն ունենա: Որովհետեւ նախագիծ է նախապատրաստվել, որով պետք է փոքր լրացում կատարվի ու ներառվի նաեւ հանրային ծառայությունների համարանիշի մասին օրենքի փոփոխությունը, ինչը կենթադրի, որ այն քաղաքացիները, ովքեր, ինչ-ինչ ենթադրություններից կամ կրոնական համոզմունքներից ելնելով, հրաժարվել են հանրային ծառայության համարանիշից կամ սոցքարտից, նրանց կտրամադրվի նույնականացման քարտ` առանց սոցիալական քարտի կամ հանրային ծառայության համարանիշի նշման:
Թեեւ Օսիկյանն իր զեկույցում նշեց, որ 1.5 տարի է, ինչ համակարգը աշխատում է, եւ օրենքով արտգործնախարարության համար նույնպես նախատեսված է այդ համակարգը ներդնել, եւ նրանց ծրագրային համապատասխան մոդուլը տրամադրվել է, ուղղակի տեխնիկական խնդիրներ կան, որպեսզի հյուպատոսական ծառայությունները կարողանան աշխատեցնել համակարգը:
Այդ կապակցությամբ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը նշեց. «Ես շատ լավ հասկանում եմ, որ դա պարտադիր պահանջ է, եւ կենսաչափական անձնագրերին անցնելը նույնպես պարտադիր է, ուղղակի ինչ վերաբերում է մինչեւ հունվարի 1-ը այդ գործընթացը ավարտելուն, սկզբունքորեն ես գտնում եմ, որ դա իրատեսական չէ, եւ ուզում եմ պարզ ասել, որ կա պրոբլեմ` մենք 42-ից ունենք ընդամենը 15 կոմպլեկտ, յուրաքանչյուր կոմպլեկտի արժեքը շուրջ 7000 դոլար է, եւ մենք չունենք տեխնիկական հագեցվածություն` կադրային առումով : Դա շատ բարդ կլինի իրականացնել: Եթե մենք ներկայումս տարեկան սպասարկում ենք շուրջ 2 հազար 500 քաղաքացիների, մենք զրկվում ենք այդ հնարավորությունից, քանի որ կենսաչափական անձնագրերի տրամադրումը ներառում է մատնահետքի տրամադրում, եւ մենք տեխնիկապես չենք կարողանա դա իրականացնել: Եվ մեզ մոտ հարց է առաջանում, թե ինչպես ենք դա անելու: Այսինքն` միակ ճանապարհն է մնում, որ այն քաղաքացին, որը մշտապես կամ ժամանակավոր արտերկրում է բնակվում, նրան տրամադրել համապատասխան վկայական, որ նա վերադառնա, սպասարկվի ու հետ գնա, որը այդքան էլ կոնստրուկտիվ չէ»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրեց, որ այս հարցը բարձրացվել է 2012 թվականի դետեմբերին, եւ համապատասխան հանձնարարական է տրվել, որպեսզի բոլոր հարցերը քննարկվեն հյուպատոսարանների հետ` պատրաստ լինելու համար:
«Հիմա ես չեմ կարծում, որ խնդիր կլինի 15 կետում տեխնիկապես այս հարցերը լուծել: Ներկայացրեք, թե ինչպիսի լրացուցիչ ֆինանսական միջոցներ են պետք, որպեսզի մենք հատկացնենք այդ սարքավորումների ձեռքբերման համար, մեր պետական ձեռնարկությունը կաջակցի, որպեսզի տեխնիկական խնդիրներ չառաջանան: Մենք չենք կարող երկարաձգել, որովհետեւ խոսքը 1.5 միլիարդ դրամի մասին է, հետաձգումն այդպիսի գին ունի: Միայն հյուպատոսական ծառայությունների պատրաստ չլինելու պատճառով մենք չենք կարող այս որոշումը հետաձգել»,- ասաց Տիգրան Սարգսյանը, եւ որոշումը ընդունվեց:
Նշենք, որ կենսաչափական տվյալներով անձնագրերի կիրառումը բխում է «Ահաբեկչության դեմ պայքարի» տրամաբանությունից: Անձանց նույնականացման եւ պետությունում անցանկալի անձանց մուտքը վերահսկելի դարձնելու նպատակով շարունակաբար մշակվում եւ գործողության մեջ են դրվում ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ջանքերի շնորհիվ կատարելագործվող մեխանիզմներ, որոնցից մեկն էլ կենսաչափական տվյալներով անձնագիրն է:
ՄԱԿ ԱԽ-ի կողմից 2001 թվականին ընդունվեց 1373 բանաձեւը, համաձայն որի` ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի եւ արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Այս պահին ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 93-ն արդեն անցում են կատարել կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգին, եւ 21 պետություններ արդեն իսկ 12-48 ամսվա ընթացքում պատրաստվում են անցում կատարել նշված համակարգին: