կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 13:52
Հասարակություն

Հաջորդ տարվանից բոլոր գնումները կկատարվեն միայն մրցութային կարգով. Հովիկ Աբրահամյան

Հաջորդ տարվանից բոլոր գնումները կկատարվեն միայն մրցութային կարգով. Հովիկ Աբրահամյան

Այսօր` կառավարության նիստի ժամանակ, երբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացնում էր որոշման նախագիծ, որով պետք է անհետաձգելի համարվեր որոշ շինարարական, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների և այդ աշխատանքների տեխնիկական  հսկողության  ծառայությունների  գնման   կարգը  և թույլատրվեր նշված  գնումներն իրականացնել  «Գնումների  մասին»  օրենքի  20-րդ  հոդվածի  5-րդ  մասի  2-րդ  ենթակետին   համապատասխան՝  բանակցային  ընթացակարգով   առանց գնումների  հայտարարությունը  նախապես  հրապարակելու  միջոցով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի ուշագրավ հայտարարություն արեց:

 

Նա նշեց, թե խնդիր կա գնումները մրցութային ընթացակարգերով կազմակերպելու հարցում, եւ որ ինքը վճռական է տրամադրված հաջորդ տարվանից գնումները պարտադիր մրցութային կարգով անցկացնելու հարցում, քանի որ, հակառակ պարագայում, այդ գնումները հետագա շահարկումների եւ քննադատության առիթ են դառնում:

 

«Հաշվի առեք, որ հաջորդ տարվանից սկսելու ենք գնումներ անցկացնել միայն մրցութային կարգով: Եվ հատուկ դեպքերում, երբ, իրոք, կլինեն աղետներ ու այդ աղետների հետեւանքով հրատապ հարցեր, խնդիր չեմ տեսնում, բայց մնացած բոլոր հարցերով պետք է մրցութային ընթացակարգը գործի: Եվ ֆինանսների նախարարությանը հանձնարարել ենք, զբաղվում են, հիմա բոլոր մրցութները պետք է անցկացվեն էլեկտրոնային համակարգով, որը նաեւ զերծ կպահի յուրաքանչյուր քննադատությունից»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

 

Այնուհետև վարչապետը հետաքրքրվեց` ե՞րբ են ավարտվելու այդ աշխատանքները, ու վարչապետին տեղեկացրեցին, որ մինչեւ սեպտեմբերի 10-ը բոլոր գերատեսչությունների հետ կավարտվեն ուսումնասիրությունների ու քննարկումների աշխատանքներն ու, ամփոփելով արդյունքները, ամբողջությամբ անցում կկատարվի էլեկտրոնային մրցութային եղանակին: