Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ռուսական «Սպորտ Էքսպրեսին» լայնածավալ հարցազրույց է տվել:
- «Բորուսիայում» ընդամենը մի քանի ամիս է, ինչ գտնվում եք, բայց գերմանական մամուլում արդեն Ձեզ անվանում են թիմի առաջատարներից մեկը:
- Կարդացել եմ: Նույնիսկ եթե ինչ-որ բաներ զուտ խաղային առումով չեն ստացվում, փորձում եմ օգտակար լինել՝ շատ վազել, մտնել մենապայքարների մեջ, օգնել պաշտպանությունում: Իսկ այն, որ անվանում են առաջատար... Իհարկե, ցանկանում եմ լինել: Խաղադաշտում, ոչ թե բառերով:
- Ձեզ ձեռք են բերել ռեկորդային` 27.5 միլիոն եվրոյով...
- Գինը, ինքներդ եք հասկանում, որ ես չեմ սահմանել: Շնորհակալ եմ դորտմունդյան ակումբին, որ նրանք այդքան մեծ գումար են ծախսել իմ համար: «Բորուսիայում» ինձ միանգամից զգացի, կարելի է ասել, ինչպես տանը: Ինձ այստեղ շատ լավ ընդունեցին ֆուտբոլիստները, մարզիչները, բժշկական շտաբը: Բոլորը: Հավաքների ընթացքում գերազանց էր ստացվում և հանկարծ ցավալի վնասվածքը ստացա: Առանց որևէ բախման... Դրա պատճառով մեկ ամիս բաց թողեցի, և տրամադրությունը, իհարկե, լավ չէր: Խաղային ռիթմի մեջ մտնելը դժվար ստացվեց, բայց, փառք Աստծո, վերջին խաղերում ինձ, թվում է, գտել եմ:
- Ո՞րն է «Շախտյորի» և «Բորուսիայի» միջև սկզբունքային տարբերությունը:
- Առաջին հերթին այն, որ «Շախտյորը» խաղում է Ուկրաինայի առաջնությունում, իսկ դորտմունդցիները՝ Բունդեսլիգայում: Գերմանիայի առաջնության յուրաքանչյուր խաղ, կարծես, վերջինը լինի: Բոլոր խաղերում էլ ճակատամարտ է: Ուկրաինայի առաջնությունում շատ ավելի հեշտ էր: «Շախտյորի» դեմ խաղերում մյուս թիմերը հիմնականում պաշտպանվում էին, իսկ եթե մրցակիցը գոլ էր բաց թողնում, ապա, ըստ էության, միանգամից հանձնվում էր, գիտեր, որ չի կարող մեզ գոլ խփել: Քիչ մրցակիցներ կային: Բունդեսլիգայի պես չէր:
- Իսկ ո՞րն է երկու թիմերի խաղաոճերի գլխավոր տարբերությունը:
- «Բորուսիան» ավելի շատ է պրեսինգի դիմում և ուժեղ է հակագրոհելիս: Իսկ «Շախտյորը» նախընտրում է խաղալ առաջին համարով:
- «Լիվերպուլ», ՊՍԺ, «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Տոտտենհեմ», «Յուվետուս»` ահա այն թիմերի ոչ լրիվ ցուցակը, որոնք, լրատվամիջոցների պնդմամբ, ցանկանում էին Ձեզ տեսնել իրենց շարքերում: Ինչո՞ւ հայտնվեցիք հենց «Բորուսիայում»:
- Շփվեցի Յուրգեն Կլոպի հետ, և վստահություն առաջացավ, որ նրա գլխավորությամբ կարող եմ աճ գրանցել: Բացի այդ` կարծում եմ` դորտմունդցիների խաղաոճը ամենաշատն է համապատասխանում է իմ ոճին:
- Երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր ընթանում, արդեն հայտնի՞ էր, որ տեղափոխվելու եք «Բորուսիա»:
- Ոչ, ինչ եք ասում: Այդ ժամանակ մրցաշրջանը դեռ ավարտված չէր և թիմերը չգիտեին, թե` ում գնել կամ վաճառել...
- Իսկ «Ուեմբլիում» ո՞ւմ էիք երկրպագում:
- Կոնկրետ ոչ մեկին: Հույս ունեի տեսնել շատ գեղեցիկ ֆուտբոլ: Տեսա:
Հայրս գոհ կլիներ
- Դուք, ինչպեսև Ձեր հայրը, ֆուտբոլային ուղին եք ընտրել: Համլետ Մխիթարյանը ԽՍՀՄ առաջնությունում խաղացել է «Արարատի» կազմում, իսկ 1984 թվականին 18 գոլով դարձել է համամիութենական առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու: Ցավոք, 1996 թվականին նա հեռացավ կյանքից... Ի՞նչ եք հիշում` դրա հետ կապված:
- Ես նրան հիշում եմ Ֆրանսիա տեղափոխվելու ժամանակներից: Իսկ մինչ այդ շատ փոքր էի: Հորս հետ ֆուտբոլ էինք խաղում, ես հաճախ խնդրում էի, որ նա ինձ իր հետ մարզումների տանի: Դա, իհարկե, անհնարին էր. ես կշեղեի, պետք էր ինձ հետևել: Ի՞նչ մարզում... Հայրս միայնակ գնում էր, իսկ ես լաց էի լինում:
- Լինո՞ւմ է, որ մտովի խոսեք նրա հետ:
- Ոչ, բայց զգում եմ, որ նա կողքիս է: Մենք միշտ միմյանց աջակցում ենք:
- Ի՞նչ եք կարծում, նա հիմա գո՞հ կլիներ Ձեզանից:
- Կարծում եմ՝ այո: Քանի որ շարունակում եմ իր գործը:
- Զուտ հայկական ի՞նչն է Ձեզ պակասում Գերմանիայում:
- Արդեն ասացի, որ մայրս հիմա այստեղ է: Նա ինձ համար պատրաստում է բոլոր իմ սիրելի հայկական կերակուրները: Բայց, ընդհանրապես, բարեկամները հաճախ չեն այցելում` մայրիկիցս բացի, քույրս, երբեմն` տատիկս: Գալիս են, որպեսզի չձանձրանամ... Երևանից հայկական երաժշտության սկավառակներ եմ բերել, այնպես որ` մեքենայում հաճախ եմ դուդուկ լսում: Իհարկե, գիտեմ Բաբաջանյանի երգերը, սիրում եմ Ազնավուր: Դոնեցկում իմ գոլերից հետո ամբողջ մարզադաշտով միացնում էին Խաչատրյանի «Սուսերով պարը»: Շատ հաճելի էր:
- Դուք երջանի՞կ եք:
- Տարօրինակ հարց է: «Բորուսիայում» ինձ համար ամեն բան լավ է:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք totalfootball.am-ում: