կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 11:34
Սպորտ

Ամեն ինչ նորմալ է, գոլեր անպայման կլինեն. Արազ Օզբիլիս

Ամեն ինչ նորմալ է, գոլեր անպայման կլինեն. Արազ Օզբիլիս

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հարցազրույցը` ИТАР-ТАСС-ին

 

- Ի՞նչ տրամադրություն է «Ռոմաշկա»-ում կայացած խնջույքից հետո:

- Որտեղի՞ց գիտեք այդ մասին (ծիծաղում է): Ամբողջ թիմով հիանալի նշեցինք հաղթանակը: Պարբերաբար` մոտավորապես երկու ամիսը մեկ, մենք նման ոչ պաշտոնական հանդիպումներ ենք ունենում: Այնքան էլ երկար ժամանակ չեմ «Սպարտակում», սակայն սա  առաջին նմանատիպ երեկոն չէր թիմի հետ:

 

- Ո՞վ է «Սպարտակի» ուրախությունը:

- Իհարկե, ես (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ, ապա` Էդու Դոմինգեսը` մեր ֆիզպատրաստության մարզիչը: Ֆուտբոլիստներից ամենաուրախը Մակեևն ու Կարիոկան են:

 

- Կարիոկա՞ն:

- Այո': Ռաֆան քիչ է խոսում, սակայն երբ ինչ-որ բան է ասում…

 

- «Զենիթի» դեմ խաղը շատ տխուր սկսվեց: Վալերի Կարպինն ասել էր, որ թիմը պարզապես «վառվեց»:

- Ամենայն հավանականությամբ, նա ճիշտ է: Իհարկե, միշտ էլ ուզում ես լավագույն խաղդ ցույց տալ, սակայն միշտ չէ, որ ուզածիդ պես է լինում: Այդպիսի պահերին մեկ ակնթարթը կարող փոխել խաղի ընթացքը: «Զենիթի» դեմ խաղում այդ ակնթարթը Ռեբրովի հետ մղած 11 մետրանոցն էր: Այդ պահին մենք հասկացանք, որ կարող ենք ամեն ինչ շտկել: «Լոկոմոտիվը» պարտվել էր Տոմսկում, դե իսկ մենք էլ, հաղթելով «Զենիթին», մոտեցանք առաջին տեղին:

 

- Ի՞նչ տպավորություններ ունեք դատարկ մարզադաշտում խաղալուց:

- Իմ կարիերայի ընթացքում այդպիսի դեպք չէր եղել: Շատ տարօրինակ զգացումներ էին: Այո, մենք ավելի լավ էինք լսում միմյանց, մարզչի հրահանգները: Սակայն, կրկնում եմ, այդ ամենը շատ տարօրինակ էր:

 

- Խաղից հետո Նիկիտա Սիմոնյանի հետ շփվե՞լ եք:

- Այո: Նա շնորհավորեց մեզ հաղթանակի կապակցությամբ: Մի փոքր խոսեցինք Սիմոնյանի հետ, իսկ Յուրա Մովսիսյանը նվիրեց իր մարզաշապիկը, որով խաղում էր: Սիմոնյանի հետ շփումը ինձ համար մեծ պատիվ էր:

 

- Ինչպե՞ս է իրեն զգում Մովսիսյանը:

- Նա, ծնկի հետ կապված, որոշակի խնդիրներ ունի: Հուսով եմ` Յուրան շուտով կվերադառնա խաղադաշտ: Նա շատ կարևոր է թիմի համար:

 

- Մովսիսյանն ասում էր, որ Դուք շատ համեստ անձնավորություն եք:

- Չէի ասի, թե համեստ եմ, պարզապես հրապարակայնություն չեմ սիրում:

 

- Համեստությունը չի խանգարո՞ւմ խաղադաշտում:

- Խաղադաշտում այն ընդհանրապես չկա (ժպտում է):

 

- Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ Դուք կարող եք «այրվել» էմոցիաներից:

- Պարզապես ես շատ հանգիստ եմ: Չնայած կարող եմ տաքանալ այն պահին, երբ իմ նկատմամբ խախտեն կանոնները, իսկ մրցավարը չսուլի:

 

- Իսկ, օրինակ, կարո՞ղ եք Հալկի պես վերցնել գնդակը թիմակցից ու իրացնել 11 մետրանոցը:

- Դժվար թե: Թիմում ամեն ինչ շատ հստակ է բաշխված, կան մարդիկ, ովքեր իրացնում են 11 մետրանոցները:

 

- Հիշում եմ`Պերմում կայացած խաղի վերջնամասում Դուք Տինո Կոստայի հետ երկար ժամանակ վիճում էիք տուգանայինն իրացնելու վերաբերյալ: «Սպարտակը» պարտվում էր 1-2 հաշվով:

- Այդպիսի պահերին պետք է անկեղծ լինել մինչև վերջ: Ես այդ պահին համոզված էի, որ կարող եմ օգուտ տալ թիմին: Ընդհանրապես, այդ պահին մեծ ուշադրություն չեմ դարձրել: Տինո Կոստայի հարվածը նույնպես լավն է:

 

- «Սպարտակի» երկրպագուներն արդեն երկար են սպասում Ձեր` տուգանայինից կատարած հեռահար հարվածներին:

- Առայժմ չի ստացվում: Հավատացեք` ես չեմ մոռացել, թե ինչպես են հարվածում դարպասին, իմ հարվածի հետ նախկինի պես ամեն ինչ կարգին է: Ամեն ինչ նորմալ է, գոլերն անպայման կլինեն: Չեմ մտահոգվում այդ առիթով: 

 

- Իմիջիայլոց, ո՞րն է, Ձեր կարծիքով, լավագույն գոլը կարիերայում:

- Դժվար է ինչ-որ մեկն առանձնացնել: Հավանաբար, նախորդ առաջնությունում «Դինամոյի» դարպասը խփած գոլը: Այն ժամանակ «Կուբանում» էի խաղում: Վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեցինք:

 

- Դժվա՞ր էր հակագրոհներով գործող «Կուբանից» հետո հարմարվել «Սպարտակի» խաղաոճին, որը կառուցված է գնդակը տիրելու վրա:

- Իսկապես, «Կուբանում» ես խաղադաշտում մի փոքր այլ գործառույթներ էի կատարում: Սակայն ես խաղից խաղ հարմարվում եմ «Սպարտակի» ֆուտբոլին:

 

- Թվում է, թե «Սպարտակի» խաղաոճը թույլ չի տալիս Ձեզ շատ վազել խաղադաշտում:

- Այստեղ ես ազատ գործելու ավելի քիչ հնարավորություն ունեմ: Ինձ հարմար է խաղալ և' ձախ, և' աջ եզրերում, չնայած ազատ գործելն ինձ ամենաշատն է դուր գալիս:

 

- «Կուբանում» Դուք աշխատել եք Լեոնիդ Կուչուկի հետ, ով հիմա «Լոկոմոտիվում» է: Կարպինն ու Կուչուկը շա՞տ տարբեր են:

- Միակ նմանությունն այն է, որ նրանք շատ նվիրված են իրենց աշխատանքին: Սակայն նրանք տարբեր մարզիչներ են: Կարպինն ավելի շատ է շփվում ֆուտբոլիստների հետ: Նա, կարծես, ավագ ընկեր լինի, ում բոլորն էլ շատ են հարգում: Կուչուկը, իր հերթին, ֆուտբոլիստների հետ շփվում է այնպես, ինչպես հայրը որդու հետ:

 

- «Սպարտակի» կազմում խփած Ձեր առաջին գոլը համընկավ թիմի` այս մրցաշրջանում կրած ամենաաղմկալի պարտության հետ` «Սենկտ Գալլենի» դեմ խաղում: Ի՞նչ էիք զգում այդ երեկո:

- Երբ մենք խաղասկզբում բացեցինք հաշիվը, ես մտածեցի, որ կարող ենք 3-4 գնդակի տարբերությամբ էլ հաղթել: Սակայն ես արդեն ասել եմ` խաղի ընթացքը կարող է ցանկացած պահի փոխվել: Այդպես էլ եղավ «Սենկտ Գալլենի» դեմ խաղում: Մենք, մեղմ ասած, մեր լավագույն խաղը չանցկացրինք: Ինչ վերաբերում է երկրպագուներին, ովքեր սուլում էին մեզ… Ֆուտբոլն այդպիսին է: Լինում են վերելքներ ու վայրէջքներ: Այսօր քեզ հերոս են համարում, իսկ վաղը կարող ես ոչնչություն դառնալ:

 

- Ո՞ր թվականից եք մարզվել «Այաքսի» ակադեմիայում:

- 7 տարեկան էի` 1997-ից:

 

- 2000թ.-ին «Սպարտակը» ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում հաղթեց «Այաքսին»: Հիշո՞ւմ եք այդ հանդիպումները:

- Ո՛չ, բայց ինձ շատ են պատմել «Սպարտակի» մասին: Բայց ես հիշում եմ երկու տարի առաջ Եվրոպայի լիգայում «Սպարտակի» դեմ հանդիպումները: Այդ ժամանակ նույնպես «Այաքսը» պարտություններ կրեց:

 

- Այդ ժամանակ «Սպարտակի» ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ մարզաշապիկներով փոխանակվե՞լ եք:

- Այո՛, Մակեևի հետ: Երբ ես տեղափոխվեցի «Սպարտակ», նրանից հետաքրքրվեցի, թե որտեղ է իմ մարզաշապիկը: Նա ասաց, որ չի հիշում (ծիծաղում է): Երևի ինչ-որ մեկին է նվիրել:

 

- Ո՞վ է եղել մանկության Ձեր կուռքը:

- Դիեգո Մարադոնան:

 

- Այդ ինչպե՞ս: Նա ավարտել էր իր կարիերան, իսկ Դուք նոր էիք սկսել ֆուտբոլ խաղալ:

- Հայրս ինձ ցույց է տվել նրա մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները: Շատ տպավորիչ են: Նա ուղղակի հրաշալի ֆուտբոլիստ է:

 

- «Այաքսի» ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ եք շփվում:

- Շփվում եմ Վուրնոն Անիտայի հետ, նա այժմ խաղում է «Նյուքասլում», ինչպես նաև դարպասապահ Քեննեթ Վերմերի ու Դեյլի Բլինդի հետ, նրանք դեռ «Այաքսում են»: Բլինդի հետ մենք 10 տարուց ավելի մի թիմում ենք հանդես եկել:

 

- Ձեր լավագույն հանդիպումը Ձեր կարիերայի ընթացքում անցկացրել եք «Այաքսի՞» կազմում:

- Կարծում եմ՝ այո: Անցած տարի գարնանը Եվրոպայի լիգայի մրցաշարում մենք «Օլդ Թրաֆֆորդում» հաղթեցինք «Մանչեսթեր Յունայթեդին»: 75 հազար հանդիսական էր ներկա: Այդ խաղում ես դարձա գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

 

- Այդ խաղում Դուք գնդակը փոխանցեցիք Տոբի Ալդերվեյրելդին, ով ամռանը կարող էր միանալ «Սպարտակին»: Նրա հետ այդ պահը քննարկե՞լ եք:

- Այո, մենք զրուցել ենք: Տոբին կարիերան շարունակելու բազմաթիվ տարբերակներ ուներ: Թե ինչո՞ւ ընտրեց հենց «Ատլետիկոն», ես հաստատ չգիտեմ:

 

- «Այաքսում» Դուք խաղացել եք Էդգար Մանուչարյանի հետ, ով ժամանակին հեռանկարային ֆուտբոլիստ էր համարվում:

- Մանուչարյանը ամենամեծ տաղանդներից մեկն է, որին տեսել եմ կյանքումս: Տեխնիկապես լավ պատրաստված, արագ, խելացի: Երբ Էդգարը վազում է, նա կարծես ջրի միջով է գնում: Հավատացե՛ք` նա Հայաստանի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Բայց որպեսզի լիովին բացահայտես քո ֆուտբոլային տաղանդը, ֆուտբոլիստին մի փոքր բախտ է պետք: Մանուչարյանը շատ է վնասվածքներ ստացել: Դրանք նրան իր կարիերայի ընթացքում շատ են խանգարել:

 

- Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը «Ուրալ»-ում:

- Եթե նա լավ մարզավիճակում է, ապա Էդգարը շատ բանի է ընդունակ: Դա շատ կարևոր է: Հուսով եմ` նա դեռ իրեն ցույց կտա:

 

- Մենք գիտենք, որ Դուք Հոլանդիայի երիտասարդական հավաքականի մարզաշապիկ ունեք: Ինչո՞՞ընտրեցիք Հայաստանի հավաքականը:

- Երբ ես «Այաքսի» ֆուտբոլիստ էի, ինձ հրավիրեցին Հոլանդիայի` մինչև 21 տարեկանների հավաքական: Այդ ժամանակ ինձ հրավիրում էին նաև Հայաստանի հավաքականից: Մենք թիմով ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք էինք անցկացնում, և մեր գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը ինձ խորհուրդ տվեց չշտապել որոշում կայացնելիս, բայց ես առանց կասկածի ընտրեցի Հայաստանի հավաքականը, ինչի համար հպարտ եմ:

 

- Հայաստանի հավաքականը ԱԱ-2014 ընտրափուլը վատ չանցկացրեց: Ի՞նչ կասեք ԵՎՐՈ-2016-ի ընտրափուլի մասին:

-Հաջորդ Եվրոյի ժամանակ 16 թիմերի փոխարեն հանդես կգան 24-ը: Դա մեր հնարավորությունները մեծացնում է, այնպես որ` մենք միանգամայն կարող ենք հավակնել այդ ուղեգրերից որևէ մեկին:

 

- Իսկ Հենրիխ Մխիթարյանի հետ շփվո՞ւմ եք: Նա «Բորուսիայից» ի՞նչ է պատմում:

- Հենրիխը Դորտմունդում ամեն ինչից գոհ է: Նա շատ է պատմում թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպից, ով թիմի ֆուտբոլիստների հետ շատ ընկերական հարաբերություններ ունի:

 

- Մի փոքր կպատմեք Ձեր ընտանիքի մասին:

- Իմ պապերը ծնվել ու ապրել են Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում (այդ քաղաքն այժմ գտնվում է Թուրքիայի կազմում): Հետո տեղափոխվել են Ստամբուլ, որտեղ ես ծնվել եմ: Հայրս ինձ մեր ընտանիքի մասին շատ բան է պատմել, որն իր հերթին նրան են պատմել իր հայրը, պապը: Բայց ես չէի ցանկանա դրանք հրապարակել:

 

- Էջմիածնում եղե՞լ եք:

- Ծնողներս եղել են: Ցավոք, երբ ես գալիս եմ հավաքականի հանդիպումներին, ժամանակը չի ներում: Միայն Երևանում եմ հասցնում լինել:

 

- Իսկ Դուք գիտե՞ք` որտեղ ապրում եք,  «մաքուր» սպարտակյան շրջան է:

- Այո, ինձ դրա մասին պատմել են, բայց չեմ կարող ասել, որ Սոկոլնիկիում ես հաճախ եմ «Սպարտակի» երկրպագուների հանդիպում: Քանի որ նրանք ամենուր են:

 

- Իսկ Մոսկվայում ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը:

- Ես տանը երկար ժամանակ եմ անցկացնում, հանգստանում եմ: Հոբբի՞: Համակարգչով խաղեր եմ խաղում (ծիծաղում է):

 

- Իսկ «Սպարտակից» ամենալավը համակարգչով ո՞վ է ֆուտբոլ խաղում:

- Չգիտեմ, ես համակարգչով ֆուտբոլ չեմ խաղում: Նախընտրում եմ պատերազմական ոճի խաղեր՝ «Call of Duty»:  Այդտեղ երևի իմ ողջ ագրեսիան դուրս է մղվում:

 

- Մոսկվայում Ձեզ հարմարավե՞տ եք զգում:

- Լիովին: Մոսկվան Կրասնոդարից շատ է տարբերվում: Այնտեղ ամեն ինչ մի տեղ է: Այստեղ տարածությունները շատ մեծ են: Բայց ինձ մոսկովյան աղմուկը չի խանգարում:

 

- Ինչպե՞ս եք մեկնում Տարասովկա:

- Մեքենայով: Երբեմն Յուրայի հետ միասին ենք գնում:

 

- Իսկ ո՞վ է վարում:

- Յուրան, քանի որ գիտի, թե ինչպես ցանկացած խցանում շրջանցել:

 

- Մոսկվայում ամենաշատը Մովսիսյանի հե՞տ եք շփվում:

- Իհարկե: Նա կարծես իմ ավագ եղբայրը լինի: Երբ նոր էի եկել «Սպարտակ» ու «Կուբան» ամեն առումով օգնում էր: Յուրան այդ ժամանակ խաղում էր «Կրասնոդարում», որտեղ այժմ հանդես է գալիս Մարկոս Պիզելլին:

 

- Ժամանակին Յուրայի հետ դուք սկզբունքային մրցակիցներ էիք:

- Ի՞նչ մրցակցություն: «Կուբանը» միշտ էլ լավագույնն էր:

 

- Իսկ Յուրայի հետ դրա մասին խոսե՞լ եք:

- Ես նրան խորհուրդ էի տալիս ավելի հաճախ նայել մրցաշարային աղյուսակին (ծիծաղում է):

 

- «Սպարտակում» ո՞ւմ հետ ես ընկերացել:

- Ես բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ: Իհարկե, ավելի հեշտ է շփվել անգլիախոս տղաների՝ Մաքգիդիի և Չելստրյոմի հետ:

 

- Մովսիսյանն ասել է, որ երբեմն Մաքգիդիին շատ դժվար է հասկանալ:

- Այո, քանի որ նա խոսում է ոչ թե անգլերեն, այլ բրիտաներեն: Երբեմն ինձ էլ է մի 5 վայրկյան պետք, որպեսզի հասկանամ, թե նա ինչ ասաց:

 

- Իսկ ռուսներից ամենալավը ո՞վ է անգլերեն խոսում:

- Ամենալավը խոսում է Պարշիվլյուկը, Մակեևը նույնպես վատ չի խոսում:

 

- Իսկ Ձեր ռուսերենի վիճակն ինչպե՞ս է:

- Յուրան ավելի լավ է խոսում, ես էլ վատ չեմ խոսում,- Օզբիլիզը անցնում է ռուսերենին:- Քիչ-քիչ խոսում եմ, բայց գրեթե ամեն ինչ հասկանում եմ:

 

Թարգմանությունը՝ armfootball.com-ի: