Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել մի խումբ գյումրեցի դպրոցականների հետ, ովքեր համագործակցում են «Վորդ Վիժն» կազմակերպության հետ: Հանդիպման առաջարկությունը եղել է աշակերտներինը, որին էլ ընդառաջել է նախարարը:
Աշակերտները նախարարին դիմել են իրենց մտահոգող մի շարք հարցերով, որոնք վերաբերել են դպրոցական կրթական ծրագրերին, բուհական ընդունելության հարցաշարերը ներառող շտեմարաններին, Գյումրիում գործող բուհերի գործունեությանը և մի շարք այլ խնդիրների:
Աշակերտներից մեկը հարց է բարձրացրել, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած շտեմարանների ու դասագրքերի միջև կան անհամապատասխանություններ: Նախարարն առաջարկել է ասվածը հիմնավորել կոնկրետ օրինակներով և փաստարկված ներկայացնել ԿԳՆ: «Եթե դուք ներկայացնեք կոնկրետ օրինակներ, ես խոստանում եմ հարցը քննարկել ԳԹԿ-ի հետ և տալ լուծում»,- նշել է նախարարը:
Մեկ այլ աշակերտ էլ հարց է բարձրացրել, որ, օրինակ, ֆիզիկայի 10-րդ դասարանի դասագրքում կան բանաձևեր, որոնք սովորելու համար անհրաժեշտ է մաթեմատիկայից տիրապետել ածանցյալի թեմային, մինչդեռ ածանցյալը ընդգրկված է մաթեմատիկայի 11-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ծրագրում: Նշելով, որ խնդիրն ընդունելի է, նախարարը ներկայացրել է դասագրքերի հրատարակման ընթացակարգը: Աշոտյանի պարզաբանմամբ՝ դասագրքերը հրատարակվում են մրցութային կարգով՝ հեղինակները ընտրվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից, բացի այդ՝ մինչ հրատարակվելը դրանք նաև մասնագիտական կարծիքի և դիտողությունների համար ուղարկվում են բոլոր դպրոցներին:
«Ամեն դեպքում ձեր բարձրացրած հարցը վերաբերում է միջառարկայական կապերի համադրելիությանը, որը մասնագիտական քննարկման խնդիր է: Բարձրացված խնդիրները նկատի ունենալով՝ մենք հիմա կանգնած ենք կրթական ծրագրերի վերանայման անհրաժեշտության առջև: Վստահ եղեք, որ եթե անգամ մենք ձեր մատնանշած բոլոր խնդիրները հաշվի առնենք, միևնույն է, անպայման կլինեն մարդիկ, ովքեր կդժգոհեն նոր դասագրքերից: Մասնագիտական հանրույթը Հայաստանում միատարր չէ, չկա որևէ հարց, որի վերաբերյալ մասնագետները համակարծիք են: ԿԳՆ-ն փորձում է լսել բոլոր կարծիքները և գտնել մասնագիտական կոմպրոմիսի, ոսկե միջինի տարբերակը»,- նշել է Աշոտյանը և հավելել, որ, անկախ ներկայացված խնդիրներից, չկա այնպիսի հանգամանք, որը կարող է իրական խոչընդոտ հանդիսանալ աշակերտի բարձր առաջադիմության համար: