կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 15:43
Հասարակություն

Այսօր լրացավ Վեհափառի գահակալության 14-րդ տարին

Այսօր լրացավ Վեհափառի գահակալության 14-րդ տարին

Այսօր լրանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության 14-րդ տարին:

 

Վերջին շրջանում Հայ Եկեղեցին հաճախ է բարձրացնում ընտանիքի պահպանության հարցը: Այդ առիթով ներկայացնում ենք Գարեգին Բ Կաթողիկոսի մտքերը ընտանիքի մասին:

 

«Ընտանիքում են խնամվում եւ զորանում հավատքը, հույսն ու սերը, որոնցով ընտանեկան ազատ, ջերմ ու հարազատ միջավայրում մարդը աճում ու զարգանում է դեպի բարին ու կատարյալը: Աստված կազմեց եւ օրհնեց ընտանիքը, որ այն հաստատված մնա, աճի եւ բազմանա սիրո մեջ եւ արտացոլի Աստուծո փառքը, Աստուծո ներկայությունը եւ Աստուծո խնամքը արարչության եւ բոլոր մարդկանց հանդեպ: Ընտանիքը կոչված է շարունակելու Աստուծո արարչագործությունը եւ պաշտպանելու մարդկային հոգու աստվածապատկեր նկարագիրը: Իր այս կոչումով ընտանիքը սուրբ է, սնուցողը, կրողն ու փոխանցողը աստվածադիր պատվիրանների, որոնց վրա հաստատվում է կյանքը Տերունապարգև, եւ կառուցվում են հարաբերությունները դեպի մերձավորը, առ մարդը եւ առ Աստված:

 

Ընտանիքներում սերմանվող արժեքներն են, որ դրսևորվում եւ տեղ են գտնում կյանքի մեջ: Ինչը կկարեւորվի ընտանիքներում, կուսուցանվի ուղղակի կամ անուղղակի միջոցներով` ազնվություն, թե կեղծիք, նախանձ, թե բարի կամեցողություն, ատելություն, թե գթասրտություն, չարախնդություն, արհամարհանք, թե կարեկցություն ու մարդասիրություն, ամենը կարտահայտվի նաև հասարակական կյանքում:

 

Այսօր մենք անհանգստացած ենք ոչ միայն տեսնելով, որ ընտանիքը զրկված է հասարակական աջակցությունից, այլ նաև` ընտանիքի գաղափարի աղավաղումով: Աստվածաշնչյան ժառանգության և 2000 տարվա քրիստոնեական քաղաքակրթության ըմբռնումը շատ պարզ է: Կնոջ և տղամարդու միությունը, սերունդների փոխշաղկապվածությունը, որ ներառում է երեխաներին, ծնողներին և ավագ ծնողներին. այս է մարդկության մեջ ճշմարիտ բազմազանության արտահայտությունը: Ընտանիքը խորն իմաստով իրականացնում է մեր այն հույսը, որ իրենց զանազանությամբ մարդիկ կարող են միանալ սիրո բեղմնավոր միությամբ: Մեր հավատքը ընտանիքը որպես «դպրոց» է հռչակում, որն ուսուցանում է մարդու ամբողջականության մասին: Կուզեինք ավելացնել նաև, որ այս ընկալումը համահունչ է տարբեր քաղաքակրթություններում և ավանդական կրոններում ընդունված պատկերացումներին:

 

Ի՞նչ է Սուրբ Ընտանիքը այն մարդու համար, ով երբեք ականատես չի եղել ավանդական ընտանիքին: Ինչպե՞ս մենք կհասկանանք Մանուկ Հիսուսի հրաշքը, եթե երեխայի ծնունդը ավելի բեռ է համարվում, քան` օրհնություն հույսի: Ո՞րն է «Հայր մեր» աղոթքի իմաստը հասարակության մեջ, որտեղ հայրությունն արժեզրկվում է: Զոհաբերության այս տեսակը, որը հաճախ ընտանեկան կյանքի մի մասն է, ամբողջապես համապատասխանում է քրիստոնեության կոչին` զոհաբերվել դիմացինի համար և հոգ տանել թույլերի մասին: Երբ ընտանիքն անկում է ապրում, Եկեղեցին նույնպես թուլանում է: Հետևաբար, մենք կենսական կարևոր դեր ունենք ուժեղ, բարի և սիրող ընտանիքներ ձևավորելու և պաշտպանելու գործում»: