կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 12:55
Առանց Կատեգորիա

Շեֆդ ի՞նչ արեց, որ դու ինչ անես

Շեֆդ ի՞նչ արեց, որ դու ինչ անես

Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազում է` օրերս ԱԺ-ում ոգեւորությամբ հայտարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ըստ նրա՝  2014 թվականին կարող է լինել 32-33% աղքատություն՝ 2010 թ. 35,8%-ի եւ 2011 թ. 35%-ի համեմատ: «2014թ. կառավարության ակնկալիքներն այնպիսին են, որ, այո', աղքատության նվազում պետք է տեղի ունենա»,- հայտարարեց նախարարը:

 

Բանն այն է, որ մեր երկրի կառավարությունը աղքատությունը վերացնելու մասին բազմիցս խոստումներ է տվել, սակայն աղքատների թիվը գնալով մեծանում է: Հենց աղքատությունը վերացնելու մասով կառավարությունն ու նախագահը վաղուց տապալել են իրենց գործունեության ծրագիրը: Մասնավորեցնենք` ըստ «բարձր մակարդակով» հնչած հայտարարությունների:

 

2007թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի օրերին` այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Երեւանում` Նորքում, ելույթ ունենալով ընտրողների առաջ, ասում է. «Մենք ուզում ենք ձեւավորել այնպիսի կառավարության, որի յուրաքանչյուր անդամի համար պաշտոնը հարստանալու միջոց չէ, իսկ ժողովրդի խնդիրները լուծելը` պատվի, նամուսի հարց է, այնպիսի կառավարություն, որն ի վիճակի է Հայաստանը դարձնել ծաղկող երկիր... Վերջին 3,5 տարիների ընթացքում զգալիորեն կրճատվել է աղքատության տոկոսը, 700 հազար մարդ դադարել է աղքատ լինելուց: Կուսակցությունն ունի բավականաչափ փորձ, ծրագիր եւ առաջիկա 3 տարիների ընթացքում նպատակադրվելու է ամբողջովին հաղթահարել աղքատությունը»: Այսինքն, ըստ Սերժ Սարգսյանի հայտարարության, 2010 թվականին Հայաստանում աղքատներ պետք է չլինեին:

 

2012թ. ապրիլի 26-ին` դարձյալ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջան այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր չեն կարող աշխատանքով ապահովել ընտանիքի ապրուստը, մենք չենք կարող անտարբեր լինել աղքատության նկատմամբ: Այդ թշնամին բոլորի մեջ է: Աղքատությունն այսօր համազգային ոսոխ է, որի դեմ պայքարելու համար պետք է միացնենք մեր բոլոր ուժերը»: Նախագահը շարունակում է միտքը` «պետք է այսպես անել»-ով եւ 5 տարի անց արդեն բարեկեցիկ Հայաստան խոստանալով:

 

Սերժ Սարգսյանի` 2007 թվականի ելույթի ժամանակ աղքատությունը Հայաստանում 26 տոկոս էր, 2008-ին` 27.6%, ծայրահեղ աղքատներինը` 1,6 տոկոս, 2009-ին` 34,1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության թիվը` 3,6 տոկոս: 2010թ. աղքատության ցուցանիշն ավելի է բարձրացել` հասնելով 35,8 տոկոսի: Ծայրահեղ աղքատության ցուցանիշն էլ գերազանցել է 3 տոկոսը: Այսինքն` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, հակառակ աղքատությունը վերացնելու խոստմանը, այն գրեթե երկնիշ աճ է գրանցել:

 

Ի դեպ, 2012թ. հոկտեմբերին Երեւանի պետական համալսարանում, մասնակցելով Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը, Տիգրան Սարգսյանն ասում է, թե` 30% աղքատությունը վտանգավոր ցուցանիշ է: Իսկ այսօր, հիշեցնենք, ունենք աղքատների 35.8 տոկոսանոց բանակ:

 

Եվ հիմա ինչպե՞ս, նախագահի ու վարչապետի խոստումները «չմարսած», հավատանք ֆինանսների նախարարին:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ