կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 16:12
Հասարակություն

Ստում ես, որ ի՞նչ անես…

Ստում ես, որ ի՞նչ անես…

Որքան հեռանում ենք Արցախյան ազատամարտի տարիներից, այնքան «ազատամարտիկները»  շատանում են: Այսքան «ազատամարտիկների»  գոյության դեպքում կարելի էր Բաքուն գրավել ու դեռ մի բան էլ ավելի: Պարզվում է' մեկ անգամ այդ տարիներին ճանաչողական այցով Արցախում գտնվելը կամ արտասահմանյան լրագրողներին թարգմանչի առաքելությամբ  ուղեկցելը  ևս ազատամարտի մասնակցի կարգավիճակ է: Ամենայն հարգանքս բոլոր իսկական ազատամարտիկներին, բայց մեր հիշողությունից դեռ չի ջնջվել «ասֆալտի ֆիդայի» բնորոշումը, որ այն տարիներին  տվեց  ժողովուրդը: Նրանցից շատերն այժմ հպարտանում են իրենց ազատամարտիկ լինելու հանգամանքով,   ինչու չէ' նաև ինչ-ինչ ճանապարհներով ստացած պարգևներով: Ես Երկրորդ համաշխարհային պատերազմի (հայրենական ) մի վետերանի եմ ճանաչում, ով ծնվել է 1940 թվականին: Այդպես էլ է լինում: Լինում է նաև այսպես' օրերս  Սարգիս Հացպանյանը  Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել էր ԵԿՄ վարչությունում հավաքված մարդկանց, որոնց, ըստ Հացպանյանի, նույնիսկ «ասֆալտի ֆիդայի» կոչելը շքեղություն է: Չեմ կարող չհամաձայնել նրա որոշ մտքերի հետ, բայց, կարդալով հարցազրույցը, հայտնաբերեցի այնպիսի անճշտություններ, որոնց չանդրադառնալ չէի կարող:

 

 

Սարգիս Հացպանյանն ասում է. «Երբ ԵԿՄ-ն հիմնադրվում էր, ու երբ դրա վարչության անդամ նշանակվեց' կար մի Ալեքսան Հարությունյան,  Հեռուստապետկոմյան  նախագահ էր Քոչարյանի ժամանակ, ես էշացած էի, որ այս մարդը, լինելով արցախցի, կես ժամով չի գտնվել Արցախում, այս երկիրը ո՞նց է պահել, որ ոչ ոք խաբար չի: Այդ իշխանամետ բաները դեռ այն ժամանակ կային, Վազգեն Սարգսյանը ողջ էր, ասաց՝ «էդպես է պետք, էդպես են անում»

 

Թե ինչո՞ւ է  Հացպանյանը հիշել Ալեքսան Հարությունյանին, անհայտ է,  բայց, որ նա ստում է, ակնհայտ է: Ով, ով, բայց Սարգիս Հացպանյանը պետք է լավ իմանա, որ, երբ ստեղծվեց ԵԿՄ-ն, Ալեքսան Հարությունյանը Փարիզում Հայաստանի ներկայացուցիչն էր, հետևաբար' նա չէր կարող մասնակցած լիներ այդ կազմակերպության հիմնադիր համագումարին: Ավելին' Ալեքսան Հարությունյանը ԵԿՄ վարչության անդամ, նույնիսկ' հեռակա կարգով,  չի ընտրվել, որովհետև  երբեք չի անդամակցել այդ կազմակերպությանը: Իսկ թե ինչո՞ւ Հացպանյանը դա պետք է լավ իմանա. չեմ կարծում, թե նրա մոտ հիշողության կորստի սիմպտոմներ կան, քանզի նա այդ ժամանակ Փարիզում հանդիպել է Ալեքսան Հարությունյանի հետ' զուտ իր շահերից ելնելով, և հարցն էլ Հարությունյանի միջնորդությամբ լուծվել է հօգուտ իրեն: Որքան էլ Հացպանյանը պնդում է, թե ինքն էշացած էր, չեմ կարծում, որ մինչ օրս դեռ այդ վիճակում է, և մարդու մասին սուտ խոսելիս գոնե պետք է ուսումնասիրած լինի մարդու կենսագրությունը:  Նա ասում է, թե Ալեքսան Հարությունյանը, լինելով արցախցի, կես ժամով այնտեղ չի գտնվել:  Միայն այն փաստը, որ Ալեքսան Հարությունյանը ծնվել է Արցախում, արդեն բավական է, որ կես ժամից ավելի այնտեղ ապրած լիներ, բայց, կատակը մի կողմ թողնելով, ուզում եմ հիշեցնել նույն Հացպանյանին, որ Ալեքսան Հարությունյանի եղբայրը' վաղամեռիկ Դավիթ Հարությունյանը, Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից եղել է առաջնագծում և իր ուրույն ավանդն է ունեցել   Հայոց բանակի կազմավորման գործում: Այդ մասին նա կարող է տեղեկանալ թե' լեգենդար Կոմանդոսից և թե' այլ հրամանատարներից,  իսկ Ալեքսանի մյուս եղբայրները մինչ օրս Արցախի Պաշտպանության բանակի գործող սպաներ են և պատերազմի մասնակիցներ: Հացպանյանն այս դեպքում, ինչպես ընդունված է ասել, «բրնձել է», բայց թե ո՞րն է այդ բրնձոցի  բուն պատճառը, միայն ինքը գիտի: Կարելի է կարծել, որ երիտասարդ, անփորձ,  անտեղյակ  լրագրող է տեսել, մտածել է' «ո՞վ է հիշելու, խոսեմ հերոսանամ», բայց, այնուամենայնիվ, հարց է մնում' Հացպանյանը,  ինչպես ինքն է ասում,  դեռ էշացա՞ծ է, թե՞ դուրս է եկել այդ վիճակից: Հենց դուրս գա, կարծում եմ, արժե, որ հերքի  ասածները, այլապես կարելի է առանց էշանալու նայել Հացպանյանի նկարին' ադրբեջանցի խաթունի հետ և մտածել'  մի անգամ գնաց, նկարվեց և մինչ օրս մնացել է նկարի ազդեցության տակ:

 

Հ. Հարությունյան