կարևոր
2950 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-09 11:18
Քաղաքական

ԱԺ բուֆետի ճաշասեղանների համար՝ 5 մլն դրամ. «Ժողովուրդ»

ԱԺ բուֆետի ճաշասեղանների համար՝ 5 մլն դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի ճաշասեղանների համար ծախսել է 5 մլն դրամ գումար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնվել է չորստեղանի ճաշասեղան՝ աթոռներով։ Թվով 25 հատ սեղան է գնվել, միավորի արժեքը կազմել է 200 հազար դրամ։ Ազգային Ժողովի աշխատակազմը պայմանագիր կնքել է անհատ ձեռներեց Մանուկ Գալստյանի հետ։

Բացի այս, 6 մլն 940 հազար դրամ էլ Ազգային ժողովի աշխատակազմը ծախսել է շինարարական աշխատանքների համար։ Այսինքն՝ մոտ 7 մլն դրամ ծախսվել է ճաշարանի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Նշենք, որ մինչ այս՝ հոկտեմբերին, կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել էր որոշում՝ ԱԺ-ին թույլ տալով արտասահմանյան գործուղումների միջոցներից 31 մլն դրամով մեկ անձից գնում կատարել խորհրդարանի բուֆետ-ճաշարանի վերանորոգման համար:

Այդ որոշման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման եւ վերազինման աշխատանքներ՝ ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային եւ հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով եւ սպասքով: Հավելենք, որ այս պահին շինաշխատանքները դեռ շարունակվում են:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում