կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-25 18:03
Առանց Կատեգորիա

Նոր օրենքով պետությունը խուսափում է իր նվազագույն պարտավորություններից

Նոր օրենքով պետությունը խուսափում է իր նվազագույն պարտավորություններից

Օրերս մեծ աժիոտաժ առաջացրեց կառավարության` ԱԺ ներկայացրած օրենքի նոր նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է վերացնել գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները: Այս օրինագծին դեմ են արտահայտվել ընդդիմադիր պատգամավորները:  Դեմ արտահայտվելու պատճառներն ու դիտարկումները Yerkir.am-ին ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

-Պարո'ն Մինասյան, նոր օրենքի նախագծին դեմ արտահայտվելու Ձեր հիմնական նկատառումները որո՞նք են:

-Խնդիրն այն է, որ զբաղվածության քաղաքականությունը, ինչպես շատ երկրներում է կիրառվում, նպատակ ունի տվյալ երկրի քաղաքացիներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ, այլ ոչ թե զուտ ձեւական զբաղվածության ծրագրեր իրականացնել: Մինչդեռ ներկայացված օրինագիծն անդրադարձ է կատարում զբաղվածության քաղաքականությանը ոչ թե իբրեւ եկամտաստեղծ գործունեության մեջ մարդկանց ներգրավելու գործիք, այլ իբրեւ պետության` նվազագույն պարտավորություններից խուսափելու միջոց: Մասնավորապես` անգամ գործող, բայց թերկատար օրենքի պայմաններում կան զբաղվածության պասիվ ծրագրեր, որոնց մի զգալի հատվածը պարզապես վերացվում են այս նոր նախագծով: Առաջինը գործազրկության նպաստի ծրագիրն է, երբ մարդուն շնորհվում է գործազուրկի կարգավիճակ եւ տրվում է գործազուրկի նպաստ` 18 հազար դրամ, որ մինչեւ աշխատանք գտնելը նա գոնե կարողանա նվազագույն այս գումարը ստանալ` ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար: Երկրորդ` հասարակական վարձատրվող աշխատանքներն էին, որոնք փաստացի մի քանի տարի առաջ կառավորության կողմից դադարեցվեցին` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառաբանությամբ, իսկ այնուհետեւ այդ գումարները որեւէ ձեւով չնախատեսվեցին: Արդյունքում ստացվեց, որ մեր այն քաղաքացիները, ովքեր չունեն աշխատանք, հայտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

 

-Իսկ ո՞ր դրույթների առկայությամբ նոր օրենքը ձեզ համար ընդունելի կլիներ:

- Նոր օրենքն առնվազն պետք է պատասխաներ մի քանի հարցերի: Առաջինը` ինչպե՞ս է բացահայտվելու աշխատաշուկայում ստեղծված իրավիճակը` աշխատուժի առաջարկի ու պահանջարկի մակարդակով, ո՞ր մասնագիտություններն են, որ պետք է պահանջարկված լինեն եւ դրանց համապատասխան կրթական հաստատությունները կրթական ծրագրեր իրականացնեն: Ի՞նչ հնարավորություններ պետք է նախատեսվեին, այդ թվում' վարկային, հարկային, տնտեսական աջակցության, որպեսզի ՓՄՁ աջակցությամբ մարդիկ ընգրկվեին զբաղվածության մեջ: Եվ, վերջին հաշվով, խոցելի խմբերի համար, ինչպիսիք են, օրինակ, բանակից զորացրված երիտասարդները, կրթություն ստացած անձիք եւ այլք, առանձին ծրագրեր պետք է իրականացվեն: Այս ամենը բացակայում են այս նախագծում:

 

- Օրինագծի քննարկման ժամանակ իշխանական պատգամավորի կողմից նշվում էր, որ եղածը մուրացկանություն խթանող ծրագիր է, եւ սրանց փոխարեն պետք է սկսվեն ավելի ակտիվ աջակցության ծրագրեր...

-Իրենք ասում են` զբաղվածության պասիվ ծրագրերը, ինչպիսիք են գործազրկության նպաստի ծրագիրը, ամսական վարձատրվող աշխատանքները, պետք է նվազեցնենք կամ վերացնենք' փոխարինելով դրանք ակտիվ զբաղվածության ծրագրերով: Մենք ասում ենք' ոչ թե սրանք վերացրեք, այլ ակտիվ ծրագրեր առաջարկեք, սահմանափակումը դնենք, որ քաղաքացիները կարողանան կա'մ ակտիվ, կա'մ պասիվ ծրագրերում ընդգրկվել, որպեսզի մարդը, ինքն իր մասնակցության արդյունավետությամբ պայմանավորված, գնահատական տա, թե որ ծրագիրն է առավել արդյունավետ աշխատում: Եթե դուք վերացնում եք նպաստի ծրագիրը, անունը դնելով մուրացկանությունը զարգացնող, ապա դրա դիմաց դեռեւս առաջարկվող ակտիվ ծրագրի արդյունավետ մեխանիզմ չկա, որպեսզի մարդն առավել ակտիվ ներգրավվի այդ ծրագրում: Եթե քաղաքացին նախընտրում է 18 հազար դրամանոց գործազրկության նպաստը եւ դրա դիմաց չի գնում ակտիվ ծրագիր' ստանալու 200-300 հազար դրամ, նշանակում է, որ 200-300 հազար դրամանոց ակտիվ ծրագիրն արդյունավետ չէ: Եվ քաղաքացին իր մասնակցությամբ, փաստորեն, պետք է հուշի կառավարությանը, թե որ ծրագիրն է առավել արդյունավետ:

 

Ի վերջո, 3,8 միլիարդ դրամ զբաղվածության ֆինանսավորումից 2014 թվականի բյուջեի նախագծում ներկայացված է 1,7 միլիարդ դրամը:  Փաստորեն, 2,1 միլիարդ դրամ գումար անհասկանալի ձեւով կորչում է, ու ստացվում է, որ զբաղվածության ոլորտում քաղաքականության ֆինանսավորումը գրանցում է նահանջ: Մինչդեռ, եթե պասիվ ծրագրերը պահպանվեին, ապա այս հոդվածները, այս ծախսերը պաշտպանված հոդվածներ կլինեին: Եվ եթե ակտիվ ծրագրերը վաղը, մյուս օրն իրենց արդյունավետությամբ ավելին լինեին, քան պասիվ ծրագրերը, ապա այդ միջոցները հնարավոր կլիներ վերաբաշխել ակտիվ ծրագրերի մեջ: Հակառակ պարագայում, եթե դու ի սկզբանե չես նախատեսում որեւէ գումար, ստացվում է, որ ակտիվ ծրագրերի համար էլ վաղը սահմանափակումներ կլինեն, եւ կառավարությունը չի կարողանա իրականացնել ակտիվ ծրագրեր:

 

-Կարո՞ղ եք կանխատեսել, թե այս օրենքի ընդունումով ինչպիսի իրավիճակ կստեղծվի:

-Մենք համարում ենք, որ եթե այս օրինագիծը փոփոխության չենթարկվի առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում, ապա մենք չենք կարող ունենալ պաշտպանված զբաղվածության քաղաքականություն: Իսկ դա իր վատ հետեւանքները կթողնի աշխատաշուկայի ու քաղաքացիների սպասումների եւ ակնկալիքների վրա: Դա միանշանակ է:

 

ոցիալ-տնտեսական, կենցաղային վիճակի վրա ինչպե՞ս կանդրադառնա, որովհետեւ գործազրկության նպաստի գումարի չափն այնքան էլ մեծ չէ:

-Ի՞նչ է նշանակում' մեծ չէ: Եթե մարդը որեւէ տեղ չի աշխատում, 18 հազար դրամն էլ է էական գումար: Ի դեպ' ասեմ, որ երեք տարի առաջ սկսեցին 18 հազար դրամ վճարել: Մինչ այդ, ինչպես աշխատանքի միջազգային կազմակերպության եւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով էր ամրագրված, այն պետք է լիներ միջին աշխատավարձի 60 տոկոսը:  30 հազար դրամի պայմաններում դա կազմում էր 18 հազար դրամ: Հետո, երբ նվազագույն աշխատավարձը մի քանի տարի առաջ որոշվեց փոփոխել` բարձրացվել, 60 տոկոսը փոխարինեցին 18 հազար դրամով, որպեսզի պահպանեն եղած չափը: Սա, անշուշտ, հակասում է ստանձնած միջազգային պարտավորություններին:

 

-Ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի Ձեր մատնանշած դրույթները եւ մտահոգությունները հաշվի առնվեն:

-Պատրաստվում ենք հրավիրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձանց, որպեսզի իրենց հետ քննարկումների ընթացքում ներկայացնենք մեր մոտեցումները եւ լսենք նրանց վարկածները, երկրորդ` պատրաստվում ենք գրավոր առաջարկություններ ներկայացնել այս օրինագծի վերաբերյալ եւ փորձել պաշտպանել մեր առաջարկությունները: Մնացածն արդեն պառլամենտում քվեարկությամբ է որոշվելու: Հույս ունենք, որ քաղաքական մեծամասնությունը գոնե մեր առաջարկների մի մասին դրական ընթացք կտա:

 

Զրուցեց Գևորգ ԱՎՉՅԱՆԸ