կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 13:55
Առանց Կատեգորիա

Ազգային էության մասին. մաս 4

Ազգային էության մասին. մաս 4

Իշխանության ճգնաժամ

 

Nation-state հայեցակարգը, որի հիման վրա ծագել եւ կառուցվել է ժամանակակից պետությունների մեծ մասը, այն իմաստը չի պարունակում, որ հասկանում ենք «ազգային պետություն» ասելիս: Ավելի շուտ հակառակը` nation-state հայեցակարգը ենթադրում է, որ պետության նկատմամբ լոյալությունը պետք է ավելի բարձր լինի, քան այլ տիպի` էթնիկ, կրոնական, դասակարգային, կլանային, ընտանեկան եւ այլ հանրույթների նկատմամբ: Ստացվում է` պետության եւ ազգի նույնականացումը նույնպես տեղի է ունենում երկու ուղղությամբ:

 

ա) Քո պետական պատկանելությունը, այլ կերպ ասած` քաղաքացիությունը հենց քո ազգային պատկանելությունն է: Քո էթնիկ ծագումը կարեւոր չէ. նախնինիներդ կարող են լինել արաբներ Ալժիրից, ֆրանկների ցեղերի հետնորդներ, սեւամորթներ Մալիից, հայեր` փրկված Ցեղասպանության տարիներին եւ տեղափոխված Մարսել, հռոմեացի լեգեոներների ժառանգներ կամ 2 հազարամյակ Բրետանում ապրած կելտեր, միեւնույն է` բոլորդ ֆրանսիացիներ եք, քանի որ Ֆրանսիայի քաղաքացիություն ունեք: Դա էլ հենց իրականում nation-state հայեցակարգն է:

 

բ) Կա նաեւ այլ մոտեցում` քո պետական պատկանելությունը թելադրվում է քո էթնիկ պատկանելությամբ: Դու գերմանացի ես, եւ քո պետությունը Գերմանիան է, ավելին` Գերմանիան գերմանացիների պետությունն է:

 

Որքան էլ երկրորդ մոտեցումն ինձ սրտամոտ լինի, ես չեմ մոռանում, որ այն կարող է գրավիչ ու արդյունավետ լինել միայն ժողովրդավարական պետություններում, այդ պատճառով էլ նախ բերում եմ Գերմանիայի օրինակը: Ժողովրդավարական չափորոշիչներից հեռու պետություններում նման մոտեցումը` բացարձակության հասցված, դուռ է բացում ազգային փոքրամասնությունների դաժան ճնշման համար` ընդհուպ նրանց գոյության ժխտմամբ: Օրինակը` Թուրքիան, որը ստիպում է իր բոլոր քաղաքացիներին թուրք լինել` անտեսելով էթնիկ արմատները: Կամ` Ադրբեջանը, որտեղ թալիշ կամ լեզգի լինելը չափազանց դժվար է: Իսկ հայ ազգին պատկանելն ընդհանրապես հանգեցնում է քրեական պատասխանատվության:

 

Այսօր Եվրամիությունը փորձում է նոր աստիճանի բարձրացնել քաղաքացիների լոյալությունը` «Եվրոպա» վերպետական միավորման մակարդակի: Նմանատիպ միտումներ են նկատվում Լատինական Ամերիկայում, որտեղ կառուցում են Մերկոսուրը` Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան` հիմնված 1991 թվականին Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Պարագվայի եւ Վենեսուելայի միջեւ տնտեսական եւ քաղաքական համաձայնագրերի վրա:

 

Սակայն «պետություն» հասկացության այս տարատեսակ մեկնաբանումների բոլոր օրինակները մեկ համապիտանի կանոն ունեն հիմքում` իր նկատմամբ պատշաճ լոյալություն ապահովելու եւ իր գործառույթները հաջող իրականացնելու համար պետական իշխանությունը պետք է գոնե նվազագույն հեղինակություն վայելի:

 

Այս աքսիոմից ելնելով` ինչպիսի՞ն է, իմ կարծիքով, արդի հայ հասարակության հիմնական ներքին խնդիրը: Մի կողմ թողնենք այնպիսի ակնհայտ պատասխաններ, ինչպիսիք են ինքնամաքրումը, ընտրազանգվածից ազգի, բնակչությունից հասարակության վերափոխվելը եւ այլն: Այս ամենի մասին խոսել ենք նախորդ հոդվածներում, եւ, անշուշտ, այս ամենը անհրաժեշտ է: Սակայն ինչպե՞ս դրան հասնել: Կարծում եմ` նախեւառաջ հարկավոր է փոխել իշխանության մասին տեսակետը, վերաբերմունքը իշխանության նկատմամբ: Սեփական` հայկական իշխանության նկատմամբ: Խոսքը կոնկրետ թիմի եւ կոնկրետ մարդկանց մասին չէ: Խոսքն այն մասին չէ, որ պետք է սիրել կամ ատել իշխանությունը: Ե'վ սերը, ե'ւ ատելությունը ընդամենը արձագանքն են այն բանի, թե ինչպես է իշխանությունն իրականացնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ ԱՐՏՈՆՎԱԾ` այդ հասարակությանը ղեկավարելու ԻՐԱՎՈՒՆՔԸ: Հիմնախնդիրը վարչա-կառավարական չէ, այլ ավելի շատ փիլիսոփայական: Քանի որ այն դեպքերում, երբ իշխելու իրավունքը հասարակության կողմից ՉԻ արտոնված, վերաբերմունքը իշխանության եւ դրա հետ կապված ամեն ինչի նկատմամբ դադարում է հիմնված լինել քաղաքացիական կամ հայրենասիրական զգացմունքների վրա եւ լավագույն դեպքում կենցաղային մակարդակ է ունենում, իսկ երբեմն էլ պարզապես դառնում լիակատար ապատիա կամ արհամարհական անտարբերություն:

 

Սոլժենիցինյան բանաձեւ կա` իր հայրենիքը սիրողը պարտավոր չէ սիրել նրա ցանկացած կառավարություն: Դա այդպես է, սակայն այստեղ էլ, ուշադրություն դարձրեք, խոսքը հայրենիքի կամ դրա կառավարության նկատմամբ զգացմունքային վերաբերմունքի մասին է: Իսկ երբ կառավարության նկատմամբ վերաբերմունքը երկար տարիներ հիմնված է եղել լիակատար անտարբերության վրա, երբ իշխանության գործունեությունը դադարում է հետաքրքիր լինել, զգացմունքների այդ տխուր բացակայությունը անխուսափելիորեն տարածվում է նաեւ հայրենիքի վրա: Իշխանությանը հարկավոր է վերականգնել հեղինակությունը: Հենց հեղինակությունն է, որ նրան չի բավարարում, եւ հենց դա է մեզ` դարերի խորքից հասած տխուր ժառանգությունը: Չկա այն առանցքը, որի շուրջ հնարավոր կլիներ ստեղծել Ավանդույթը: Մենք` համաքաղաքացիներս կամ համերկրացիներս (ում ինչպես դուր է գալիս), չենք կարող վերցնել ու հեղինակություն նվիրաբերել իշխանությանը, իշխանությունն ինքը պետք է այն նվաճի: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը երեք որակ: Դրանցից մեկին արդեն ծանոթ եք` քննարկել ենք վերնախավի մասին հոդվածաշարում: Դա իշխանության` իշխանությունից ինքնակամ հրաժարվելու ունակությունն է: Սակայն այս առումով մեզ մոտ լիակատար անշարժություն է: Իշխանության ճգնաժամն այն է, որ չի կարող հեռանալ: Սակայն կա եւս մեկ, ոչ պակաս կարեւոր որակ` կոմպետենտությունը: Դա առանձին թեմա է, եւ դրան դեռ կանդրադառնանք:

 

Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ