Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպիսի՞ն է միջինվիճակագրական մեր հայրենակցի ստանդարտ կամ, ընդհանուր առմամբ, հաճախ հանդիպող արձագանքը նոր տեղեկությանը, գաղափարին, վարկածին: Պարզ է ու անսասան. «Գիտեմ»: Դրան հանդիպում ենք բոլորս եւ նույն այդ թուլությունն էլ ունենք բոլորս: Եվ բոլորիս դա զայրացնում է, սակայն.. ոչինչ չի փոխվում: Բոլորն ամեն ինչ գիտեն:
Ընդգրկույթը մեծ է. գիտեն ինչպես է խորոված պատրաստվում եւ ինչպես մտնել Մաքսային միություն ու միաժամանակ ինտեգրվել Եվրոպային, ինչպես մեծացնել երեխաներին եւ ինչպիսի երաժշտություն լսել, ինչպես կաշառք վերցնել եւ ինչպես տալ: Լսեք մեր քաղաքագետներին, նաեւ` որոշ քաղաքական գործիչների, կարդացեք նրանց հոդվածները, հարցազրույցները. նրանք ռուսներից լավ գիտեն, թե որոնք են Ռուսաստանի ազգային շահերը, նրանք ամերիկացիներից լավ գիտեն, թե ինչպես է հարկավոր լուծել նրանց ներքին ու արտաքին խնդիրները, ներողամիտ ժպիտով սովորեցնում են եվրոպացիներին եւ ցույց տալիս տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները:
Ամեն ինչ հատկապես հայտնի է մեր մշտադալար իշխանությունների ներկայացուցիչներին: Մի հարցրեք` որտեղից վերցրեցի այս տերմինը: «Միշտ» են այն պատճառով, որ մշտապես են, չփոխարինվող, իսկ «դալար»-ը բնապահպանության հետ կապ չունի, պարզապես ինչպես եղել են դիլետանտ, այնպես էլ մնացել են: Խորհրդարանի մի նիստ անգամ չի անցնում առանց այն բանի, որ նախագահողը քննադատությանը (կարեւոր չէ` արդարացի, թե` ոչ այնքան) չարձագանքի մեծամիտ արտահայտությամբ. «Խնդրում ենք մեզ դասեր չտալ...»: Այնուհետեւ` կախված իրավիճակից` բարոյականության, հայրենասիրության դասերից: Նրանց հարկավոր չեն բարոյախոսություններ, նրանք ամեն ինչ գիտեն: Նրանց դաս տալ չի կարելի: Ցանկանում ես ասել. «Այդ դեպքում ի՞նչ տանք: Մռութների՞դ»:
Բոլոր լեզուներում (բացի հայերենից) օգտագործվում է ծեծված մի արտահայտություն` վեճում է ծնվում ճշմարտությունը: Մեզ մոտ փոքր-ինչ այլ է` վեճը ծնում է ոչ թե ճշմարտություն, այլ անբարյացակամություն, անվստահություն, իսկ հետո` նաեւ ատելություն: Դա զարմանալի չէ. վիճելու մշակույթը, որպես հասարակական գործունեության ձեւ, մեզանում սաղմնային վիճակում է: Պատճառը պարզ է` բանավեճը ընդհանրապես չի դիտարկվում որպես հասարակական երեւույթ, որը որոշակի արդյունք է տալիս: Լավագույն դեպքում այն ընկալվում է որպես անվնաս դատարկախոսություն, վատագույն դեպքում` հակառակորդին ճնշելու եւ նվաստացնելու միջոց: Այդ պատճառով մեր հասարակության մեջ` դրա բոլոր մակարդակներում, կարելի է վստահ առանձնացնել բանավիճողների 2 տեսակ` դատարկախոսներ, որոնց համար կարեւորը արդյունքը չէ, այլ բանավեճի ընթացքը, եւ, այսպես կոչված, բանտային բանավեճի մասնագետներ, ովքեր կարողանում են վիրտուոզ կերպով վեճի էությունը շուռ տալ` միակ նպատակով` ընդդիմախոսին բռնեցնել խոսքի, «հասկացությունների» հակասությունների վրա, խեղդել, ծաղրել եւ նվաստացնել նրան: Կան նաեւ անմեղսունակ բանավիճողներ, ովքեր զայրույթով բացառում են ձեր առաջ քաշած ցանկացած թեզ, իսկ հետո, շփոթելով տերմինները, սակայն հաղթանակածի ինքնահավանությամբ սկսում են ճնշել ձեզ ձեր իսկ փաստարկներով: Իսկ մարդիկ, ովքեր վեճի միջոցով ճշմարտությունն են փնտրում եւ կարող են ձեզ լսել, հասկանալ ու նույնիսկ սրբագրել իրենց կարծիքը ձեր փաստարկների ազդեցության տակ, շատ քիչ են, այդ տեսակը մեզանում թանգարանային հազվագյուտ նմուշ է: Քանի որ բոլորն ամեն ինչ գիտեն:
Իսկ եթե դիտարկենք վեճի ու ճշմարտության մասին հոգնեցրած արտահայտությունը այլ` ձեւափոխված մեկնաբանությամբ, ապա կարելի է հանգել եզրակացության, որ վեճից դուրս ճշմարտություն պարզապես չի ծնվում: Հենց դա էլ տեղի է ունենում մեր երկրում: Այս ամենը մեթոդիկայի հարց է` գիտական, կառավարման, ցանկացած: Կա'մ եզրակացություն եք անում եւ ձեր հայեցակարգը կառուցում հավաքված ու համադրված փաստերի վրա, կա'մ հայեցակարգ արդեն ունեք կամ էլ ձեզ այն հրամցրել են, իսկ փաստերը ձեզ հարկավոր են միայն այն բանի համար, որ այդ հայեցակարգը (ճիշտ, թե` սխալ` կարեւոր չէ) ամրապնդեք: Երկրորդ դեպքում շատ քչերն են ընդունակ խուսափել իրենց վարկածին փաստերը հարմարեցնելու, դրանք կամայականորեն մեկնաբանելու կամ ընտրովի ներկայացնելու գայթակղությունից: Ահա, օրինակ, մեր իշխանությունները վարկած ունեն կամ նույնիսկ` անխախտ համոզմունք, որ իրենք լավ, արդյունավետ են աշխատում եւ անփոխարինելի են: Խստագույնս ընտրված, հաճախ խեղված փաստեր` կոչված հաստատելու այդ սխալ վարկածը, մենք լսում ենք ամեն օր մեր ղեկավարության ճառերում ու որոշ հեռուստաալիքների ռեպորտաժներում: Այլ փաստեր ստիպված ենք լինում «որսալ» տեղեկատվության այլ աղբյուրներից: Սակայն այդ փաստերի` նույնիսկ ակնհայտ հակասությունը չի հանգեցնում առողջ բանավեճի. փաստերն ապրում են իրենց կյանքով` բախման, մրցակցության մեջ չմտնելով եւ ճշմարտություն չծնելով: Վեճն ի սկզբանե դատապարտված է անարդյունավետության, քանի որ չկա դատավորը, որը կարող է համեմատել ու գնահատել փաստերը, եզրակացություն անել եւ որոշում ընդունել: Այդ դատավորը պետք է լինի հասարակությունը, բայց չեղավ: Որոշումները սովորաբար ընդունվում են ընտրությունների ժամանակ, իսկ եթե դատավորը կաշառք է վերցնում, ապա այդ ընտրությունների ելքը (ինչպես նաեւ դատավորի ճակատագիրը) ցավալիորեն կանխորոշված է:
Կամ, ասենք, ներկայումս շատ մոդայիկ է բանավիճել ազգային արժեքների, ազգի էության ու կոչման եւ այլ դժվարըմբռնելի հասկացությունների մասին: Ես տագնապով եմ նշում, որ այդ վեճերում ավելի հաճախ ու բարձր կրկնվում են խորամանկ հայեցակարգի ածանցյալ գաղափարներ, այն է` ինչ ունենք, մեր ազգային խորքային էության, մեր արժեքների արդյունքն է, ավելին` Երկիր մոլորակում հայ ժողովրդի սկզբնական կոչման արդյունքը: Ես այդ հայեցակարգն անվանում եմ խորամանկ, քանի որ ինչպես ցանկացած հաջողված սուտ, այն ճշտի, անճշտության եւ կիսով չափ ճշտի խորամանկ միաձուլումն է: Մանրամասներին չեմ անդրադառնա, բայց, ընդհանուր առմամբ, այն այսպիսի տեսք ունի. հայերը անհատականությունների ժողովուրդ են, այդ պատճառով ոչ մի կերպ չեն ենթարկվում կարգուկանոնի, չեն դառնում պետական ազգ, այդ պատճառով ոչ մի կերպ չի ստացվում վերանայել նրանց արժեքների «նախնական» համախումբը, այդ պատճառով ոչ մի կերպ չի ստացվում նրանց գլխավոր արժեքը դարձնել ինչ-որ բան, որն իրենցից դուրս է, ասենք` Հայրենիքը, պետականությունը, ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքները: Հայերի գլխավոր արժեքը շարունակում է մնալ ընտանիքը, եւ հանուն ընտանեկան բարեկեցության նրանք զանգվածաբար լքում են իրենց երկիրը: Ոմանք նույնիսկ հղանում են այն միտքը, թե այս արտագաղթն իր հիմքում գենետիկ նախատրամադրվածություն ունի, այդ պատճառով անխուսափելի է, սակայն նաեւ դրական տարր է պարունակում, քանի որ հայերին ճանաչելի է դարձնում աշխարհում: Եզրակացություն` արտագաղթն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես այն ներկայացնում են ընդդիմադիրները:
Մի կողմ դնենք անմիջապես ծնվող տրիվիալ պատասխանը` ճանաչելի լինել` չի նշանակում հարգված լինել: Կարեւորն այն չէ, որ ձեզ պարզապես ճանաչեն, կարեւոր է, թե ձեզ ինչ որակներով են ճանաչում: Հավատացնում եմ ձեզ, որ շատ քչերն են աշխարհում մեր ազգային նկարագրի մասին դատում Ներսես Շնորհալու կամ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններով: Օտարերկրյա հանրության գերակշիռ մասը մեր մասին դատում է խանութներից կոստյումներ եւ փողկապներ գողացող պաշտոնյաներով ու պատգամավորներով, Գլենդելի բենզալցակայանների առջեւ պպզած, չսափրված կերպարներով, տարբեր պատվիրակությունների` ոչ մի լեզվով չխոսող անդամներով, սակայն ովքեր իրենց կարեւորող տեսքով ներկայանում են արտասահմանյան համաժողովների ու նիստերից փախչում խանութները, մոսկովյան մետրոյում արեւածաղիկ չրթող լպիրշ տղաներով եւ այլն: Բոլորին հաճելի է հայ լինել, երբ խոսքը Արամ Խաչատրյանի, Վարդգես Սուրենյանցի եւ շախմատի մեր հավաքականի մասին է: Իսկ երբ խոսքը ձեր այն համաքաղաքացիների մասին է, այդ թվում` բավականին բարձրաստիճան, ովքեր դժվար թե տարրական ֆեյս-կոնտրոլ անցնեն բարձրակարգ ռեստորանում, եւ որոնց հետ ազգային կապ ունենալիս դուք անհարմար եք զգում, հատկապես` արտասահմանում... Ես կնախընտրեի, որ ինձ նրանց կողքին պարզապես չճանաչեին: Այնպես որ` ճանաչելի լինելը երկսայրի սուր է: Եվ ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է բոլորին իբր ընդհանուր ազգային բնավորության արշինով չափել:
Իսկ գուցե, բարեկամնե'ր, ավելի խո՞րն ուսումնասիրենք: Կուսումնասիրենք: Շուտով:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ