կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 17:31
Առանց Կատեգորիա

Հայաստանի հարցերով այսուհետ դիմել միայն Մոսկվային

Հայաստանի հարցերով այսուհետ դիմել միայն Մոսկվային

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր պարզապես նախանձելի կամք է ցուցադրել լրագրողներին` նրանց բարձրացրած մի քանի հրատապ հարցերն անպատասխան թողնելու առումով: Սակայն այդ կամքը ոչ թե հիացմունք է հարուցում, այլ` հասկանալի խղճահարություն: Դա բացատրվում է այն աննորմալ վիճակով, որում հայտնվեց Շավարշ Քոչարյանը` Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունից հետո:

 

Հիշեցնենք, որ հենց Քոչարյանն էր մինչ այդ համոզիչ փաստարկներ բերում այն մասին, որ այդ միությանը միանալու դեպքում Հայաստանը զգալիորեն կորցնելու է իր ինքնիշխանությունը: Նախագահի' լրիվ հակառակ տրամաբանությունն ունեցող այդ հայտարարությունից ստացվեց, որ, փաստորեն, փոխարտգործնախարարի պաշտոնն զբաղեցնելով` նա բացարձակապես չի տիրապետում արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներին և դրանց վերաբերյալ վարվող պետական քաղաքականությանը: Դրանից Քոչարյանը մի կարևոր դաս քաղեց, որով և պայմանավորվում է նրա հերոսական լռակյացությունը. եթե ուզում ես հիմար վիճակի մեջ չընկնել, (շառից-փորձանքից հեռու) լեզուդ պինդ պահիր ատամներիդ տակ:

 

Անհույս բան է հետայսու ինչ-որ թեմաներով փոխնախարարներից կամ նախարարներից պարզաբանումներ կամ մեկնաբանություններ վերցնելը, որովհետև նրանք այլևս կոմպետենտ չեն: Նրանք չեն կարող կոմպետենտ լինել այն պարզ պատճառով, որ պետական, քաղաքական որոշումների կայացմանը ոչ մի մասնակցություն չունեն կամ մասնակից են ճիշտ այնքան, որքան այս երկրի յուրաքանչյուր շարքային քաղաքացի: Ինչ տարբերություն' սովորական քաղաքացի՞ն է սխալ կարծիք հայտնում Մաքսային միությանը միանալու մասին, թե՞ պրոցեսներից անտեղյակ փոխարտգործնախարարը:

 

Ասել, թե սա «նոնսենս» է և անտրամաբանական պետական կառավարման տեսանկյունից, նշանակում է` չասել ոչինչ: Սակայն եթե մինչ այժմ թվում էր, թե Հայաստանում միակ կոմպետենտ կառույցը ՀՀ նախագահի ապարատն է, որտեղ հունցվում ու կայացվում են գրեթե բոլոր որոշումները' պետական մյուս իրավասու մարմիններին վերածելով պարզ կատարողների կամ գործակալությունների, ապա հիմա նույնիսկ այդ հարցում չի կարելի վստահ լինել:

 

Զորի Բալայանի հայտնի նամակի շուրջ Նախագահականի անմռունչ լռությունը ոչնչով չի տարբերվում Շավարշ Քոչարյանի ցուցադրած «կամքից»: Նախագահականը լռում է նույնիսկ բաց նամակի հասցեատիրոջ' Ռուսաստանի նախագահի' ի դեմս իր աշխատակազմի, արձագանքելուց հետո: Այնպիսի տպավորություն է, կարծես ոչ Զորի Բալայան անուն-ազգանունով մարդ գոյություն ունի, ոչ` ինչ-որ նամակ, ոչ էլ` հասարակություն, որ արդեն օրեր շարունակ ալեկոծվում է այդ նամակի բովանդակության շուրջ ու սպասում պաշտոնական (ոչ կուսակցական կամ շարմազանովյան) արձագանքի: Ասելիք չունեն ու` վերջ: Գրողի ծոցը` թե' հասարակությունը, թե' նրա առջև հաշվետու լինելու պարտավորությունը: Նման զիզի-բիզի բաների վրա ավելորդ ժամանակ ծախսելու ոչ ժամանակ, ոչ էլ հավես ունեն:

 

Իսկ եթե լուրջ' ապա այս կեցվածքը չի կարելի բացատրել նույնիսկ նամակի շուրջ միտումնավոր հասարակական խմորումներ առաջացնելու, թեման անընդհատ ծավալելու դաշտ ստեղծելու հնարավոր մարտավարությամբ: Նման դեպքերում արդյունավետ կարող է լինել, այսպես կոչված, դիվանագիտական, բազմանշանակ, անուղղակի արձագանքը, բայց ոչ երբեք` հետևողական լռությունը, որը անգործության և հասարակական կարծիքը բացահայտ արհամարհելու դրսևորում է, ինչի մասին Նախագահականի պրոֆեսիոնալները չեն կարող չիմանալ:

 

Չնայած` մյուս կողմից` ասելիք չուենալը ևս ասելիք է, ինչից կարելի է կատարել համապատասխան հետևություններ: Օրինակ այն, որ պարզապես անիմաստ է ավելորդ թակել նախարարությունների դռները' պարզաբանումների համար կամ ձայնագրիչը ձեռքին վազել Շավարշ Քոչարյանի հետևից' ապավինելով պարասխանելու նրա կուլտուրային կամ բարեհաճությանը: Չեն պատասխանում ՀՀ պետական մարմինները, նրանց փոխարեն պատասխանում է, օրինակ` Կրեմլը` ինչպես Բալայանի նամակի պարագայում: Եթե մերոնք պետք է հայ-ռուսական հարաբերությունների մասին իրենց դիրքորոշումները պայմանավորեն Կրեմլի արձագանքի, Ռուսաստանի կառավարության երրորդ-չորրորդական չինովնիկների միմիկայով, ուրեմն` վերջիններիս էլ պետք է դիմել: Որովհետև ստացվում է, որ Հայաստանի հարցերով ամենակոմպետենտը ռուսներն են' հին ու բարի սովետական տարիների նման, երբ մարդիկ, անգամ իրենց կենցաղային հարցրերով,  դիմում էին ոչ թե նույնիսկ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին, այլ` Մոսկվային:

 

Հետևաբար` պետք չէ զարմանալ նրանից, թե ինչու են զորիբալայանները դիմում «ռուսաց թագավորին»: Բա էլ ու՞մ դիմի, եթե միևնույնն է, պատասխանող չի լինելու:

 

Գևորգ Աղաբաբյան