Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս 2011թ-ի համաներման որոշումն ընդունելիս ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ համաներման գործընթացում արձանագրված ցանկացած խախտում խստագույնս կպատժվի: Նախարարն իր խոսքը վերահաստատեց նաև այս տարի` անխախության 22-ամյակի առթիվ ընդունված համաներման որոշմանն անդրադառնալիս` նշելով, որ նախարարությունը վերահսկելու է, որպեսզի նման երևույթներ ի հայտ չգան:
Սակայն այս մեկ շաբաթվա ընթացքում, երբ տարբեր քրեակատարողական հիմնարկներից պատժի կրումից ազատվել է ավելի քան 534 դատապարտյալ, արդեն երկու անգամ փորձ արվեց «մրոտել համաներման առաքելությունը»:
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե իբր 15 ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանին Վանաձորում սպանած Կարեն Կունգորցևը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել և մի քանի օր առաջ էլ` համաներմամբ ազատ արձակվել: Սակայն նույն օրը թե' Արդարադատության նախարարությունը , թե' ոստիկանությունը հերքեցին այդ լուրը`նշելով, որ մեղադրյալը բանտից ազատվել է դեռևս այս տարվա փետրվարի 22-ին:
Ոչ պակաս ուշագրավ դեպք էլ արձանագրվեց երեկ` Վաղարշապատում, երբ դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու համար կաշառք պահանջած պաշտոնյաները ձերբակալվեցին:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն դիմած կալանավորը հայտնել էր, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը իրենից որպես կաշառք պահանջում են 400 հազար դրամ՝ ՀՀ ԱԺ ընդունած համաներումն իր նկատմամբ կիրառելու համար:
Սակայն իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատում գտնվող Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:
Փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ 'ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: Ալեքսանդր Խաչատրյանը և Սահակ Հարությունյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:
Կատարվածի վերաբերյալ yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը նշեց, որ դա իրենց վարչության աշխատակիցների կողմից կաշառք վերցնելու առաջին դեպքն է:
«Մեր կողմից հենց սկզբից եղել է որդեգրված քաղաքականություն, որ այդպիսի արատավոր երևույթներ չլինեն»,-ասաց նա և հավելեց, որ ինքն իր ստորադասներից նման բան չէր սպասում:
Դիտարկմանը, թե համաներման գործընթացը կազմակերպելիս բաժանմունքում կոռուպցիոն ռիսկեր չի նկատել, Ավետիսյանը պատասխանեց' ոչ:
Այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բացառում էր նաև ՀՀ արդարադատության նախարար Նիկոլայ Առուստամյանը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ , երբ Yerkir.am-ի լրագրողը հարց էր ուղղել նրան `ճշտելու` արդյո՞ք վերահսկվելու է, որպեսզի կեղծիքների միջոցով բանտերից ազատ չարձակվեն այն մարդիկ, որոնց վրա համաներում չի տարածվում, խորհրդականը պատասխանել էր, որ օրենսդրությամբ նախատեսված վերահսկողության մեխանիզմներն, այսպես, թե այնպես, գործելու են: Նրա խոսքով' բացառված է` փաստաթղթեր դասավորելով համաներում ստանալը:
Նկատենք, սակայն, որ այն կալանավորը, ով ահազանգել էր ոստիկանություն, դատապարտված էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով. խարդախություն՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի` խոշոր չափերով հափշտակություն կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը , որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Այսինքն առանց փաստաթղթերը սարքելու էլ, այսպես, թե այնպես, համաներման ակտը տարածվելու է նրա նկատմամբ, և կալանավորն առնվազն հիմար պետք է լիներ, որ նախագահի հրամանով ընդունված համաներումը ձեռք բերեր 400 հազար դրամով:
Ինչևիցե, հանցագործությունն ամբողջովին բացահայտված չէ, և եթե իսկապես «խիստ վերահսկողությունը» մինչև վերջ գործի, հնարավոր է` իրավապահ մարմիններն այս գործին շղթայված այլ հետաքրքրական հանգամանքներ ևս բացահայտեն. օրինակ, թե ինչպե՞ս պետք է բաժանվեր վերցված կաշառքը, ու՞մ էր հասնելու առյուծի բաժինը և այլն...
Այնպես որ` ոչինչ բացառված չէ...
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ