կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 13:43
Առանց Կատեգորիա

Այս հողից սրբվել է ''Հայաստան'' էությունը

Այս հողից սրբվել է ''Հայաստան'' էությունը

Տարբեր կայքերում կարելի է կարդալ՝ այս պաշտոնյան խախտեց երթեւեկության կանոնները, այս մեկը խուսափել է հարկերից, այն մյուսը Վերահսկիչ պալատի թիրախում է շինարարության ոլորտում կատարված չարաշահումների համար... Եվ ամբողջ ընթացքում մտածում եմ՝ ի՞նչ են արել այդ մարդիկ: Օրե՞նք են խախտել: Իսկ ի՞նչ վատ բան կա օրենք խախտելու մեջ: Դա ի՞նչ է: Որեւէ մեկը նրանց բացատրե՞լ է, թե ինչ է օրենքը: Ո'չ: Նրանք, չեմ բացառում, որ կարգին էլ չգիտեն, թե օրենքն ինչ բան է, կա՞ Հայաստանում այդպիսի բան, թե` ոչ, եւ եթե կա՝ դա ինչի՞ համար է:

 

Ես հասկանում եմ օրինախախտ հանրապետականին: Եվ երբեք չեմ հասկանա նրան պատասխանատվության կանչող ընդդիմադիրին: Եթե ես՝ իշխանությունս, նրան պատասխանատվության չկանչեմ, ինձ ի՞նչ ես անելու, քո ձեռքի տակ ի՞նչ հնարավորություն ունես իմ անգործությունը քրեական հոդվածի տակ դնելու: Եվ հանկարծ հասկանում ես, որ, ախր, ճիշտ է ասում` Հայաստանում ո՞վ կարող է բռնել հրապարակավ մարդ ուտող հանրապետականի ձեռքը՝ ոչ ոք: Այդ մարդիկ, այսինքն` հանրապետականները, այս երկրում օրինականություն չեն տեսել: Նրանք տեսել են միայն պատիժ: Գագիկ Բեգլարյանի պարագան ապացուցեց՝ պատժել կարելի է, բայց դա օրինականության հաստատման հետ կապ չունի:

 

Ո՞վ պետք է լիներ օրինականության երաշխավորը Հայաստանում: Պարզ է, նա, ով իշխանության գլխին է: Եվ նա, ով եկել է իշխանության, պետք է Սահմանադրություն կարդացած լիներ: Եթե չի կարդացել, բայց իշխանության գլխին է եւ անում է ցանկացած անօրինականություն, որ կարող է նրա մտքով անցնել, դրա համար կա ընդդիմություն, որը կարող է պահանջել նրա պաշտոնանկությունը կամ պատասխանատվությունը:

 

Ահա այստեղ ես լուծում չեմ տեսնում: Հայաստանում ընդդիմություն չկա: Նույնիսկ ցավալի էլ չէ: Ցավալին շարունակությունն է, այսինքն` իշխանությանն ուղղված մեղադրանքները: Ասենք` Սարգսյան Տիգրանն օֆշորում իսկապես հաշիվ ունի եւ իսկապես այդ հաշվին փոխանցել է 10 միլիոն դոլար: Հետո՞ ինչ: Կա՞ ընդդիմությունից մեկը, ում ասելով պիտի դատեն Տիգրան Սարգսյանին: Հիշեք` օրենք չկա: Հետեւաբար` պիտի վախենան ընդդիմությունից մեկից: Ասենք` Նիկոլ Փաշինյանից կամ, Աստված հեռու պահի, Թեւան Պողոսյանից: Հիմա էս մարդիկ չեն վախենում ընդդիմությունից: Որոտանն էլ են տալու, «Հայռուսգազարդի» 20 տոկոսն էլ... Ու աչք էլ չեն թարթելու: Էդ հարցը ընդդիմությունն ինքն իրեն չի տալիս՝ ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ական իշխանությունն ապօրինություններ չանի, ո՞րն է օրինական լինելու նրա ստիմուլը: Հասկանո՞ւմ եք, խթան չունի: Մեկը պիտի՞ կարողանա ծուռ նայել, ասենք, Գալուստ Սահակյանին, որպեսզի այս մարդը կայֆ չբռնի Հայաստանի բնակչության ոչ հանրապետական հատվածի վրա: Էդ ծուռ նայողը չկա: Գալուստ Սահակյանը թեքվում է օրենքի կողմը, որպեսզի հասկանա, թե ի՞նչ է իրեն սպառնում ՀՀԿ-ական անպատժելիության գլխավոր դերակատարներից մեկը լինելու համար, տեսնում է օրենք չկա:

 

Հիմա պա՞րզ է, թե հասարակ ժողովուրդն ինչու է արտագաղթում: Հասարակ ժողովուրդն արտագաղթում է, որովհետեւ հարազատ հողի վրա պատրաստ չէ այսպիսի ժամանակների: Ինքն իրեն խաբված չի զգում: Այնպես չէ, որ նրան մի երկիր են ներկայացրել, մեկ այլ երկիր են «դեմ տվել», բայց վերջապես ժողովուրդը տեսնում է, թե իրականում ինչ հրեշավոր ժամանակների ներկայացուցիչ է ինքը: Ժողովուրդը հասկացել է, որ այս հողի վրայից սրբվել է «Հայաստան» բառը` որպես հողի անայլընտրանք էություն, ուստի իր՝ հայաստանցու համար մեկ է, թե ինչ երկիր է լքում ինքը: Վաղն էլ Ռուսաստանից կգնա, մյուս օրը՝ Ամերիկայից: Ինքը գնում է իմաստի հետեւից: Իսկ իմաստը օրենքն է: Ուրիշ ինչպե՞ս էր Աստված պատկերացնում Ավետյաց երկիրը, երբ Մովսեսի ձեռքին պատվիրաններ էր տալիս:

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ

Նկարը` Վ. Աբրոյանի

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: