|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրելի' հայրենակիցներ,
Սույն թվականի նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնելու է իր տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը: Այս անգամ եւս դրամահավաքի հասցեատերն Արցախն է. կառուցվելու է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը:
Անցյալ տարի հայության համախումբ ջանքերով կարեւոր քայլ կատարվեց հերոսական արցախահայության կեցության պայմանները բարելավելու ուղղությամբ, այսօր սկսվում է ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար խիստ անհրաժեշտ ծրագրի օժանդակությունը:
Այս ճանապարհի կառուցումն ամենամեծ երաշխիքն է հանդիսանալու մեր հայրենիքի արեւելյան ազատագրված տարածքների անքակտելի միասնության ապահովման համար: Մեր զավակները իրենց արյամբ ազատագրեցին հայրենիքի այս հատվածը. մենք այդ ճանապարհը կառուցելով պետք է վերջնականորեն ամրագրենք ազատագրումը:
Հերթական առիթն է համայն հայության համար, ցուցադրելու միասնականությունն ու համախմբումը մեր ազգային նպատակները քայլ առ քայլ իրականացնելու երկար ճանապարհին: Առ այդ, կոչ ենք ուղղում բոլոր ազնիվ հայորդիներին` առատաձեռն կերպով մասնակցելու համահայկական այս դրամահավաքին, օժանդակելու հեռուստամարաթոնի կազմակերպմանն ու քարոզչությանը:
Արցախի միջազգային ճանաչման գործընթացը իր հաղթական ավարտին կարող է մոտենալ նաեւ նման համախումբ ուժի գործնական ցուցադրության ճանապարհով:
Հաջողության եւ հաղթանակի վստահությամբ` Հայ Յեղափոխական Դաշնակցության ԲՅՈՒՐՈ
10 հոկտեմբեր, 2013թ.