կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-01 17:29
Առանց Կատեգորիա

Կառավարությունը հրաժարական կտա՞

Կառավարությունը հրաժարական կտա՞

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 18-ին մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Եթե ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, աճ, քան գնաճն է հանրապետությունում, պետք է հրաժարական տա»:

 

ՀՀ կառավարությունն օրերս Ազգային ժողով ուղարկեց 2014թ. պետական բյուջեի նախագիծը, որի հիմքում դրվել է 5.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Մինչդեռ, ըստ Հայաստանի 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի, կառավարությունը 2014թ. համար կանխատեսել էր 6,3% տնտեսական աճ: Սա նշանակում է, որ կառավարության սպասելիքները 1.1 տոկոսային կետով նվազել են, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ հաջորդ տարի այս կառավարությունը չի կարողանալու ապահովել նախագահի նախանշած` տարեկան կտրվածքով 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Ըստ ամենայնի` կառավարությունը չի կարողանալու այդ ցուցանիշն ապահովել նույնիսկ այս տարվա համար: Թեեւ 2013թ. ՀՆԱ-ի աճը նախատեսվում էր 6.2 տոկոսի չափով, սակայն ամենատարբեր հաշվարկներով այն կլինի մոտավորապես 5 տոկոսի սահմաններում:

 

Վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը նշել էր, որ 2013թ. Հայաստանի տնտեսական աճը ցածր է լինելու նույնիսկ 4 տոկոսից: Հիշեցնենք, որ նույն ԱՄՀ-ն դրանից առաջ այս տարվա կտրվածքով Հայաստանի համար կանխատեսել էր 5.1 տոկոսի աճ, որը պահպանվելու է նաև նախագահի սահմանած` ողջ քառամյակում, այսինքն` 2013-2017թթ: Ինքնին այս փաստը ցույց է տալիս, որ կառավարությունն այլևս չի փորձում թաքցնել իր ձախողման իրողությունը:

 

Հարց է առաջանում` արդյո՞ք իր հստակ ձևակերպված հանձնարարականը չկատարելու, սահմանված ցուցանիշը չապահովելու համար հանրապետության նախագահը կպահանջի Տիգրան Սարգսյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականը, որի մասին ինքն է խոսել, կամ արդյո՞ք Տիգրան Սարգսյանն ինքը կդնի իր վստահության հարցը: Այս իմաստով հակասական իրավիճակ կա: Մի կողմից` Տիգրան Սարգսյանն արդեն իսկ հող է նախապատրաստում ձախողումն, այսպես կոչված, օբյեկտիվ պատճառներով հիմնավորելու համար: Կառավարության վերջին` արտահերթ նիստում նա հայտարարեց, թե Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել են գնահատականները և նվազեցրել Ռուսաստանի աճի կանխատեսումը, որը չի կարող չազդել Հայաստանի վրա: Այդպիսով` վարչապետը փորձում է անուղղակի հասկացնել, որ տնտեսական աճի սահմանված ցուցանիշները չեն կարող ապահովվել համաշխարհային և, մասնավորապես, Ռուսաստանի տնտեսության հերթական անկման ալիքի պատճառով: Խնդիրն այն է, սակայն, որ մարտին, երբ նախագահը կառավարությանը պարտավորեցնում էր ապահովել տարեկան 7 տոկոս տնտեսական աճը, նաև նշել էր, թե այդ ցուցանիշը պահանջելու է` անկախ բոլոր պատճառաբանություններից` հղում անելով կառավարության` «բավականաչափ փորձ ունենալու» հանգամանքին: Այդպիսով` Սերժ Սարգսյանը հենց սկզբից թե' վարչապետի և թե' իր համար արգելափակեց հնարավոր մանևրներով ասվածի տակից դուրս պրծնելու ճանապարհները, և հիմա խնդիրը դրվում է ուղիղ` կա'մ նա պահանջում է Տիգրան Սարգսյանի հրաժարականը, կա'մ նրան հերթական անգամ առնում է իր պաշտպանության տակ` անկախ հերթական ձախողման փաստից:

 

Մյուս կողմից, սակայն, վարչապետի վերջին գործողությունները չափազանց ինքնավստահ, նույնիսկ` գերինքնավստահ մարդու պահվածք է հիշեցնում: Նախ` չնայած սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը մտնելու է Մաքսային միություն, սակայն դրանից օրեր անց վարչապետը հայտարարեց, թե չի փոխում այդ կառույցին Հայաստանի միանալու նպատակահարմարության մասին իր նախնական կարծիքը, ըստ որի` ՄՄ-ին միանալը չի բխում Հայաստանի շահերից: Ապա վարչապետը փաստացի անտեսեց կրթության և գիտության նախարարությունում նախագահի արած այն հայտարարությունը, թե պետական ծառայողների աշխատավարձն արդեն 2014-ի հունվարի 1-ից կբարձրանա գրեթե կրկնակի: Հաջորդ տարվա բյուջեով բարձրացումը լավագույն դեպքում տեղի կունենա 2014-ի հուլիսից, այն էլ` ընդամենը մոտ 40 տոկոսի շրջանում: Եվ ահա հիմա էլ հստակ, առանց այլևայլությունների 2014-ի բյուջեի նախագծով պաշտոնապես ամրագրում է, որ 7 տոկոսանոց աճի ցուցանիշը չի ապահովելու:

 

Այնպիսի տպավորություն է` կարծես Տիգրան Սարգսյանը հետևողականորեն գցում է նախագահի խոսքի արժեքը, ինչը կարող է երկու բացատրություն ունենալ` կա'մ նա իսկապես պատասխանատվությունից չի վախենում, որովհետև արդեն վարժվել է խոսքի ու գործի հակադրության այն սինդրոմին, որով տառապում է ողջ պետական կառավարման համակարգը, կա'մ էլ փորձում է պրովոկացիայի ենթարկել նախագահին` իրեն արագ հեռացնել դրդելու նպատակով: Երկրորդ տարբերակը հնարավոր է, եթե նա չցանկանա համապատասխանատվություն վերցնել Մաքսային միությանը միանալու տնտեսական հետևանքների համար, որի մասին բարձրաձայն արտահայտվել չի ցանկանում:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ