կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-02 15:44
Քաղաքական

Մարտի 1-ի գործով աննախադեպ դատավարություն է լինելու, երեք նախագահները կլինեն դատավարական տարբեր կարգավիճակներում. գլխավոր դատախազ

Մարտի 1-ի գործով աննախադեպ դատավարություն է լինելու, երեք նախագահները կլինեն դատավարական տարբեր կարգավիճակներում. գլխավոր դատախազ

Իշխանափոխությունն ակնհայտորեն կապ ուներ Մարտի 1-ի դեպքերի հետ:  Այս մասին Դավթյանն ասաց մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Իմ պատկերացմամբ` դրա ամենակարևոր էֆեկտն այն էր, որ մարդիկ համագործակցեցին: Առաջիկայում դատաքննության ընթացքում կտեսնեք անձանց, որոնք հրապարակային ցուցմունքներ են տալու: Իշխանափոխությունը կապ ունեցավ, որ քաղաքացին անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց: Այսինքն՝ դատավարության մասնակիցն անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, մասնակցեց քննչական գործողությունների կատարմանը, և դա հնարավոր եղավ բացահայտել»,- ընդգծեց նա:

Հարցին՝ ովքե՞ր են ցուցմունք տվողների շարքում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Բազում մարդիկ, աննախադեպ դատավարություն է լինելու: Դուք կտեսնեք երրորդ հանրապետության երեք նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակներում: Այս 11 ամսում տարբեր շշուկներ են եղել, բայց հրապարակային դատավարությամբ մեր հանրությունը կտեսնի յուրաքանչյուրին, յուրաքանչյուրի հայտնած տեղեկությունը, և ինքն էլ իր համար գնահատականներ կունենա: Իհարկե, կլինեն հատվածներ, որոնք կլինեն դռնփակ, բայց բնականոն ձևով դուք կլսեք մարդկանց ցուցմունքները հրապարակային»:

Հակադարձմանը՝ կլսե՞նք աղմկահարույց բացահայտումներ, գլխավոր դատախազը հորդորեց խուսափել «աղմկահարույց» ձևակերպումից:

«Ինչո՞ւ ենք ուզում հասարակ քաղաքացուն, որն առավոտյան արթնացել է, իր սուրճը խմել և մտածում է` ինչպես իր կենսակերպն իրացնի, մենք անպայման մեր պարտքն ենք համարում ինչ-որ սկանդալներ, աղմկահարույց տեղեկություններ փոխանցել, որպեսզի սուրճի սեղանի շուրջ խոսելու բա՞ն ունենա: Իմ գնահատմամբ՝ հանրությունը պահանջում է ունենալ կայուն, խաղաղ իր կենսակերպն իրացնելու հնարավորություն»,- հավելեց Դավթյանը՝ նշելով, որ նույն անձը, որը բազմաթիվ անգամ հարցաքննվել է, չի հայտնել այնպիսի տեղեկություններ, ինչպիսին հայտնել է  ակտիվացված նախաքննության պայմաններում:

Իսկ այն, որ փաստաբան Վահե Գրիգորյանն ասել է, որ լինելու են այնպիսի բացահայտումներ, որոնք շոկի կարող են ենթարկել, ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց. «Կտեսնենք, հիմա  ամեն մարդ մի բանից է շոկի ենթարկվում: Կտեսնեք և ինքներդ կորոշեք՝ դրանից ով է շոկի ենթարկված, ով՝ ոչ»: