Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահների հանդիպման լավագույն ֆորմատը կարող է լինել 5+2 բանաձեւով կոնֆիգուրացիան. «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով հոկտեմբերի 1-ին իր հայտնի նամակներով հանդես եկավ Հայաստանի նախագահների հանդիպում-քննարկում կազմակերպելու նախաձեռնությամբ, այսօր լրագրողներին պարզաբանեց, որ իր նախաձեռնած հանդիպման ֆորմատը կարող է տարբեր լինել:
Ըստ այդմ` ինչպես ներկայացրեց Գ. Իսագուլյանը, կարող են հանդիպել ՀՀ նախկին երկու նախագահները, կամ առաջին եւ երրորդ նախագահները, երկրորդ ու երրորդ նախագահները, ԼՂՀ ու ՀՀ նախագահները եւ այլն: Իսկ լավագույն ֆորմատը, ըստ բանախոսի, կլինի 5+2 ֆորմատը, այսինքն` ՀՀ եւ ԼՂՀ բոլոր նախագահներն ու երկու հայրապետները:
«Այս նախաձեռնությունը, եթե չլիներ սեպտեմբերի 3-ից հետո, ապա լինելու էր նոյեմբերի 23-ից ` Վիլնյուսում համապատասխան համաձայնագրի ստորագրում կամ չստորագրումից հետո»,- իր նախաձեռնության մասին պարզաբանեց Գառնիկ Իսագուլյանը:
Իսկ նախաձեռնության համար հիմք է հանդիսացել, ինչպես ներկայացրեց բանախոսը, իր մտահոգությունը, թե ինչի է հասել Հայաստանը անցած 19 տարիների ընթացքում: Այս դեպքի համար նա բերում է Իսրայելի օրինակը` Իսրայելի զարգացման մեկնակետը համարելով Դավիդ Բենգուրիոնի նախաձեռնությամբ Իսրայել պետության հռչակումից հետո ընկած 19 տարիները, երբ Իսրայելը արդեն կարողացավ պայքարել իր երեք ուժեղ հարեւանների հետ ու հաղթել երեքին էլ: Այս առումով Իսագուլյանը Հայաստանի դեպքում մեկնակետ է ընդունել 1994 թվականի հուլիսի 12-ը` Ղարաբաղյան պատերազմում հրադադարի համաձայնագրի ստորագրումը, երբ պատերազմն ավարտվել էր, երբ հայ ժողովուրդը հաղթել էր այդ պատերազմում եւ գտնվում էր շատ բարձր հոգեվիճակում:
«Մենք սեպտեմբերի 3-ին հայտարարեցինք, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, եւ հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանն ինքուրույն չի կարող ապահովել իր ազգային անվտանգությունը: Իսրայելը կարողացավ տասնինը տարի հետո հաղթել իր երեք ուժեղ հարեւաններին, իսկ մենք իննսունչորս թվականից հետո հասանք նրան, որ հայտարարեցինք, որ մեր ազգային անվտանգությունը չենք կարող ապահովել»,- նախաձեռնության հիմնական մտահոգությունը բացատրեց Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ ստեղծված իրավիճակի համար կա'մ մեր իշխանությւոնները այնքան անզոր էին, որ մենք հանգեցինք այս իրավիճակին, կա'մ կային պատճառներ, որոնք պետք է հրապարակվեն:
Իսագուլյանի դիտարկմամբ` այսօր ՀՀ քաղաքական վերնախավում չկան լուրջ քնարկումներ տարբեր հարցերի շուրջ, ու հարց է առաջանում, թե որտեղ են կայացվում կարեւորագույն որոշումները:
«Դրա համար ես առաջարկել էի, որ լավագույն տարբերակը, ուր մարդիկ կարող էին նստել ու առանց միմյանցից վախենալու` քնարկել բոլոր խնդիրները, նախագահների քննարկումն է, ինչպես ուզում եք, որակեք` լինի դա խորհրդացական մարմին, թե` ինչ: Որովհետեւ եթե նստած են երեք նախագահ, ապա այդտեղ ոչ մեկը մյուսին չի կարող պարտադրել իր տեսակետները: Բոլորը հիմա հարցնում են, թե որտեղ են քննարկվում այն հարցերը, թե լավ` որտեղ են որոշվել, որ Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը, կամ Հայաստանը ստորագրում է Ասոցացման համաձայնագիրը»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է հասնել այն վիճակին, որ երեք նախագահները հանդիպեն ու միասին քննարկեն ստեղծված իրավիճակը, ու այդ դեպքում գործող նախագահը չի կարող ասել, թե մեղավորը նախորդներն են, մյուսներն էլ չեն կարող ասել, թե մեղավորը գործող նախագահն է, քանի որ եկավ ու ամեն ինչ փչացրեց: Բանախոսը ներկայացրեց նախագահներին, իր խոսքերով` «մեր նախագահներին, կարելի է ասել` մեր թագավորներին» ուղղված նամակի բովանդակությունը` նշելով, որ երեք նախագահներին ուղարկված նամակների բովանդակությունները` միայն պաշտոնավարման վերաբերյալ ժամանակային տարբերությամբ, նույնն են եղել:
Գառնիկ Իսագուլյանը տեղեկացրեց, որ արդեն կան նամակի արձագանքները, չի բացառվում, բայց բոլոր դեպքերում հույս ու համոզմունք հայտնեց, որ նախագահների հանդիպումն ի վերջո իրականություն կդառնա, քանի որ իր առաջարկած ֆորմատը միակն է, որտեղ կարող է ընթանալ անկեղծ ու անբիծ զրույց:
«Իսկ եթե անձնական ամբիցիաները գերիշխեն, ապա նրանք այլեւս անելիք չունեն, եւ հայ ժողովուրդը պետք է ընտրի այլ լիդերներ, այլ առաջնորդներ, այլ նախագահներ»,- այս առումով հավելեց բանախոսը: