կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 12:00
Հասարակություն

Քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է

Քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է

Ներկայումս քաղաքապետարանի առջեւ բավականին թեժ իրավիճակ է ստեղծվել: Ոստիկաններն ու քաղաքացիները քաշքշում են միմյանց: Բերման է ենթարկվել յոթ քաղաքացի, այդ թվում` Սոնյա Մսրյանը, Վահագն Մինասյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Կարեն Հարությունյանը, Սուրեն Սահակյանը, Գոհար Սարոյանը, Արսեն Օհանյանը:

 

Civilnet-ը հաղորդում է, որ այսօր սեպտեմբերի 10-ին` ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց նախատեսված էր բողոքի ակցիա` պահանջով, որ Երևանի ավագանին` որպես համայնքային ինքնակառավարման բարձրագույն մարմին, հանդես գա հանրության շահերից: Ակցիայի մասնակիցները «ՍիվիլՆեթ»-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ այսօր մտադիր չեն ակցիա անցկացնել, այլ ցանկանում են ներկա լինել ավագանու նիստին: Նրանց խոսքով` տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում նշվում է, որ ավագանու նիստերը բաց են, և հանրության ներկայացուցիչները կարող են մասնակցել դրանց:

 

Ոստիկանության ներկայացուցիչները, սակայն, փակել են ակտիվիստների ճանապարհը` նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի մեկ այլ կետի համաձայն` նիստին կարելի է մասնակցել միայն որևէ խմբակցության ներկայացուցչի կողմից հրավեր ունենալու դեպքում: Այնուհետեւ ոստիկանության ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով քաղաքացիներին անօրինական քայլերի չդիմել: Վերջիններս, իրենց հերթին, նշել են, որ իրենք, ինչպես միշտ, խաղաղ ակցիաներ են իրականացնում: Քաղաքացիներին մոտեցել է քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը եւ վկայակոչել օրենքի վերոնշյալ կետը` ընդգծելով, որ նիստի մասնակցելու համար հրավեր է անհրաժեշտ: