կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-30 12:15
Հասարակություն

''Շիրակ կենտրոնի'' նախագահը նամակով դիմում է ՀՀ նախագահին, վարչապետին և քաղաքաշինության նախարարին

''Շիրակ կենտրոնի'' նախագահը նամակով դիմում է ՀՀ նախագահին, վարչապետին և քաղաքաշինության նախարարին

 

«Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը օգոստոսի 30-ին բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին:

 

Նամակի տեքստը ներկայացնում ենք ստորև.

 

«Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

   Անշուշտ քաջատեղյակ եք, որ դեռ անցյալ տարի Գյումրիում, երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար 1756 բնակարաններով շահագործված Մուշ - 2/2 նորակառույց թաղամասն ամբողջովին բնակեցված չէ, իսկ ներկայումս աղետի գոտում բնակարանաշինությունն ամբողջովին սառեցված է:

 

Մուշ - 2/2 թաղամասի նորակառույցների մեծ մասը գազաֆիկացված չէ, իսկ մյուս՝ մի փոքր մասի բնակիչներին էլ չի թույլատրվում օգտվել ջեռուցման սարքերից՝ բնակարաններում տեղադրված ջեռուցման կաթսաներին չհամապատասխանող ծխատարների կառուցման պատճառով: Ավելին, նորակառույցի բնակիչներին մինչև օրս նույնիսկ հնարավորություն չի տրվել սեփականաշնորհել իրենց ստացած նոր բնակարանները:

 

Մենք հիշում ենք, որ նախորդ տարի դուք ինչպես Գյումրու, այնպես էլ Ախուրյան և այլ գյուղական համայնքների՝ երկրաշարժի հետևանքով անօթևանների հերթացուցակներում հաշվառված, վաղուց շարքից դուրս եկած խարխուլ վագոն-տնակներում և շենք-շինություններում մի կերպ պատսպարված հարյուրավոր ընտանիքներին խոստացաք շարունակել բնակարանային շինարարությունը և 2012-2013 թթ. շահագործել Գյումրիում՝ 400-450, Ախուրյանում՝ 130-140, Շիրակի մարզի տասնյակ այլ գյուղական համայնքներում էլ՝ տասնյակ բնակարաններ: Սակայն մոտ մեկ տարի է, ինչ Շիրակի մարզում երկրաշարժից անօթևան ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված շինարարական աշխատանքներն ամբողջովին դադարեցված են և անգամ անհայտ է, թե բնակարանաշինությունը ե՞րբ է վերսկսվելու:

 

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

Ուզում ենք հավատալ, որ Գյումրիում և Շիրակի մարզի այլ համայնքներում բնակարանաշինության դադարեցումը, ի հեճուկս «չար լեզուների», որևէ կապ չունի ընտրական գործընթացների և ընտրություններին այս կամ այն թեկնածուների օգտին տրված ձայների քանակի հետ:

 

Ուստի դիմելով ձեզ, ակնկալում ենք ձեր հրապարակային պարզաբանումը հանրությանը և հատկապես անօթևան ընտանիքներին, թե ի՞նչ ճակատագիր է սպասում աղետի գոտուն, ե՞րբ են վերսկսվելու շինարարական աշխատանքները, վերջապես ե՞րբ են Մուշ - 2/2 նորակառույց թաղամասում տեղ գտած շինարարական թերությունները շտկվելու, բնակարան ստացած բնակիչներին ե՞րբ է հնարավորություն տրվելու սեփականաշնորհել դրանք, և ի վերջո՝ մեր աղետյալ հայրենակիցները անգամ քառորդ դար հույս ու հավատով սպասելուց հետո վերջապես ե՞րբ են օգտվելու պատշաճ բնակարան ունենալու տարրական իրավունքից»: