կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-01 17:13
Իրավական

Խաբեության զոհը սպառնում է ինքնահրկիզվել

Խաբեության զոհը սպառնում է ինքնահրկիզվել

Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Փնջիկ Թերոյանը պատրաստվում է ինքնահրկիզման ճանապարհով ինքնասպանություն գործել:  Նա yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց այդ քայլին դիմելու դրդապատճառները: 

 

 

Փնջիկ Թերոյանը պնդում է, որ դարձել է իր նախկին ծանոթի` նույն քաղաքի բնակիչ Արեն Աղաջանյանի խաբեության զոհը: Կինը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում այդ մասին հայտարարություն է տվել: Նա հայտնել է, որ 2011 թվականի փետրվար-մարտ ամիսներին ավտոմեքենաների գնելու, վերավաճառելու եւ ստացած հասույթի կեսը ստանալու նպատակով Արեն Աղաջանյանին է տվել 22.000 ԱՄՆ դոլար, սակայն վերջինս հիշյալ գումարով գնված ավտոմեքենան առանց իր գիտության վաճառել է եւ խաբեությամբ հափշտակել նշված գումարը:

 

Նախաքննական մարմինը, սակայն, հանցակազմի բացակայության հիմքով այս տարվա հունվարի 21-ին կարճել է Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի վարույթը: Այս տարվա  մարտի 11-ին Փ.Թերոյանը դիմել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան, սակայն նրա հայցը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

 

Մեզ հետ զրույցում կինը հուսահատված պատմեց, որ իր փաստաբանը հրաժարվել է դիմել վերաքննիչ դատարան և բողոքարկել վճիռը` պատճառաբանելով, որ ժամանակ չունի: Իսկ նոր փաստաբան վարձելու համար այլևս միջոցներ չունի. շուրջ 32 տարի է` վարձակալվող բնակարանում է ապրում:

 

Իր նկատմամբ կատարվող անօրինությունները Փնջիկը կապում  է Արեն Աղաջանյանի` վերևներում ունեցած կապերի հետ: «Արենի թիկունքին կանգնած է նրա բարեկամ` ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սարգիս Այվազյանը»,- մեզ հետ զրույցում ասաց նա  և լացակումած պատմեց, որ գործի քննության ողջ ընթացքում իրեն սպառնացել են, որ կսպանեն:

 

Վանաձորցի կինը դիմել է երկրում գործող գրեթե բոլոր պետական ատյաններին, դիմել է նախագահին, վարչապետին, սակայն որեւէ արձագանք չի ստացել: Իրավական աջակցություն ստանալու` կնոջ խնդրանքին չի արձագանքել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Մեր քաղաքացուն, որ Ռուսաստանում խալաթ հագցրեցին, Մարդու իրավունքների պաշտպանը հասավ մինչև Մոսկվա, իսկ իմ խնդրին մինչև հիմա լուծում չի տրվում»,- սրտնեղած պատմեց կինը:

 

Փ. Թերոյանը դիմել է նաև  օտարերկրյա մի քանի դեսպանատներ` Հայաստանից հեռանալու խնդրանքով, սակայն մերժում է ստացել:

 

Սեփական երկրում  անարդարությունների բախված կինն ասում է,  որ իր կյանքը վտանգված է  և իրեն այլ բան չի մնում, քան ինքնասպանություն գործելը: