կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-10 11:32
Առանց Կատեգորիա

Զինավառ Սուրիկ

Զինավառ Սուրիկ

Հայաստանի զինվորական դատախազությունը, աննախադեպ բան, տեղեկատվություն է հրապարակել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավված զենքերի մասին՝ հատ-հատ ներկայացնելով ամբողջական տվյալներ այդ զենքերի վերաբերյալ՝ անվանում, գրանցում, լիցենզիա և այլն: Ս. Խաչատրյանի տնից առգրավված զենքերը թվով 9-ն են, ևս 2-ը՝ գրանցված նույն անձի անունով, հանձնվել է Մանվել Մալինյանցի կողմից:

 

Եթե նույնիսկ հավատանք, թե ներկայացվածն այն ամբողջն է, ինչ առգրավվել է նախկին մարզպետի տնից, դարձյալ զարմացնում է զենքերի այսօրինակ առատությունը: Ս. Խաչատրյանի ինչի՛ն էր պետք այդքան զենքը, ինչու՛ էր նա այդպես հետևողականորեն իր առանձնատունը վերածում ամրոցի, ումի՛ց էր պաշտպանվում Սյունյաց աշխարհի «սիրելին»: Եթե նույնիսկ համարենք, որ նախկին ազատամարտիկն առանձին և բացատրելի սեր ուներ զենքի նկատմամբ, միևնույն է, 11 անուն զենքի առկայությունն առնվազն տարօրինակ է:

 

Սակայն առավել տարօրինակ է մեկ ուրիշ բան: Գաղտնիք չէ, որ նախկին մարզպետն իր պաշտոնավարման տարիներին պարբերաբար հայտնվում էր մութ պատմությունների մեջ, այդ թվում՝ նաև զենքի գործադրմամբ բռնությունների, և այս պարագայում զարմանալի է, թե ինչ թեթևությամբ են համապատասխան մարմինները զենք ունենալու թույլտվություններով շռայլորեն «զինել» նախկին մարզպետին:

 

Բայց առավել զարմանալին այն վիճակագրությունն է, որով պետական կառույցները ներգրավվել են Ս. Խաչատրյանին զինելու` հայրենասիրական գործին: Զինվորական դատախազության հաղորդագրությանը նայողը չի կարող զարմանքով չնկատել, որ իշխանության և ուժային կառույցների կողմից Ս. Խաչատրյանի զինանոցը պարբերաբար «թարմացվել է», ընդ որում՝ հենց այն շրջանում, երբ մամուլում անպակաս էին հրապարակումները Սյունյաց արծվի «քաջագործությունների» մասին: 2006-ին նա ատրճանակ է նվեր ստացել ՀՀ վարչապետից, 2007-ին՝ կարճ ակոսափող հրազեն ՀՀ պաշտպանության նախարարից, 2009-ին՝ մեկ այլ տեսակի կարճ ակոսափող հրազեն ՀՀ ոստիկանապետից: Նկատելի է նվիրված զենքերի տեսականու հարստությունը. տպավորություն կա, թե նվերն ստացողն ինքն է նախապես որոշել զենքի տեսակը:

 

«Զենքի մասին» ՀՀ օրենքը գործում է 1998 թվականից, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարվել են 2012-ին: Ակնհայտ է, սակայն, որ հայաստանյան իրականությունը բազմաթիվ ուրիշ կարևոր սրբագրումների տեղիք է տվել, որոնք անհրաժեշտ է կատարել այդ օրենքում, մասնավորապես՝ նույն անձին, անկախ նրա զբաղեցրած դիրքից և պաշտոնից, գոնե պետական կառույցների կողմից զենքեր նվիրաբերելու սահմանափակության վերաբերյալ: Թե չէ ստացվում է, որ Ս. Խաչատրյանը ևս մի քանի տարի պաշտոնավարելու դեպքում կարող էր մի ամբողջ վաշտի զինանոց «վաստակել», եթե, անշուշտ, չի վաստակել: Պակաս կարևոր չէ նաև զենքով պարգևատրելու որոշումների ու հրամանների հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը իմանա, թե, ի վերջո, ինչ զինանոցի տեր է այս կամ այն պաշտոնյան: Դա հանրությանը կարող է պետք գալ այդպիսի պաշտոնյաներից անվտանգ հեռավորություն պահպանելու գործում:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ