Միասին կարող ենք
կարևոր
505 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-27 15:59
Աշխարհ

ԱՀԿ-ն հայտնել է հանտավիրուսի դեպքերի ավելացման մասին

ԱՀԿ-ն հայտնել է հանտավիրուսի դեպքերի ավելացման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 27-ին հայտնել է, որ MV Hondius շքեղ զբոսանավում արձանագրված հանտավիրուսի դեպքերի թիվը հասել է 13-ի։

«Իսպանիան տեղեկացրել է կարանտինում գտնվող ուղևորների շրջանում նոր վարակման դեպքի մասին, ինչի արդյունքում ընդհանուր թիվը դարձել է 13»,- X սոցիալական հարթակում գրել է ԱՀԿ ղեկավարը։

Նրա խոսքով՝ վարակվածներից երեքը մահացել են, սակայն մայիսի 2-ից հետո նոր մահվան դեպքեր չեն արձանագրվել։

«Իրավիճակը շարունակում է մնալ կայուն։ Վարակված ուղևորները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ մյուսները դեռ գտնվում են կարանտինում»,- նշել է Գեբրեյեսուսը։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում MV Hondius շքեղ զբոսանավից տարհանվել են բոլոր ուղևորները, անձնակազմի անդամներն ու բուժաշխատողները։ Հենց այդ նավում էլ ավելի վաղ արձանագրվել էր հանտավիրուսի բռնկումը։

Հանտավիրուսը փոխանցվում է կրծողների միջոցով։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է հանտավիրուսով վարակման շուրջ 10 հազարից 100 հազար դեպք, իսկ հիվանդության ծանր ընթացքը կախված է վիրուսի շտամից։