Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չկա մի փաստաթուղթ, որն այսքան բաց ու լայն քննարկման է դրվել, ինչպես սահմանադրական բարեփոխումների փաթեթը. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա` քննարկումներն իրենց որակով և մշակույթով, իրոք, աննախադեպ են, իսկ ինչ վերաբերում է փաթեթին, այն շահեկանորեն տարբերվում է գործող Սահմանադրությունից:
«Առաջին կարևոր փոփոխությունը ժողովրդավարության էական բարձրացումն է: 5 տարին մեկ մեզ մոտ համապետական ընտրություններ են իրականացվում, և մենք քաղաքացիական հասարակության ձայնը լսում ենք միայն հինգ տարին մեկ անգամ, իսկ այդ ընթացքում նրանց, փողոց դուրս գալուց բացի, այլ միջոց չի մնում` իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Սակայն հիմա հասարակությունը չի կարող հանդուրժել, որ իր ձայնը լսելի լինի 5 տարին մեկ, ուստի կառավարման համակարգում քաղաքացիական հասարակության ներգրավումը շատ կարևոր է»,- ասաց Մինասյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ, ըստ առաջարկվող բարեփոխումների, 50 000 ստորագրությամբ մարդիկ կարող են ինչ-որ նախագիծ ներկայացնել ԱԺ, որը եթե ԱԺ-ում քննարկման դրվելուց հետո չընդունվի, կարող են հանրաքվե իրականացնել և 300 000 ստորագրությամբ նախագծի ընդունումը արդեն իսկ պարտադրել ԱԺ-ին: «Քաղաքացիական հասարակության ընդգրկումը կառավարման համակարգում ներքին կայունության հաստատման կտանի»,- նշեց պատգամավորը:
Երկրորդ կարևոր փոփոխությունը, ըստ Մինասյանի, այն է, որ ընդդիմությանը գործելու մեծ հնարավորություններ են ընձեռվում: «Խոհրդարանում պատգամավորները քննիչ հանձնաժողով կարող են ստեղծել, որն էլ, իր հերթին, կարող է պետական մարմիններից պահանջել ցանկացած փաստաթուղթ, եթե, իհարկե, այն պետական գաղտնիք չի պարունակում: Նոր Սահմանադրությամբ հետայսու ինչ-ինչ որոշումներ ուղղակի անհնար կլինի ընդունել առանց ընդդիմության ներկայության»,- ասաց նա:
Մինասյանը կարևորեց նաև, որ այսուհետ բացառապես համամասնականով է ձևավորվելու ԱԺ-ն, և մեծամասնական ընթացակարգը դուրս է գալու: Նրա հավաստմամբ` այդ կերպ քաղաքակիրթ կոալիցիոն իշխանության ենք գնալու:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին, ապա, ըստ Մինասյանի, եթե այդ քարոզարշավը և անգամ մարդկանց համոզելն օրենքի շրջանակներում է տեղի ունենում, ողջունելի է.«Ողջունելի է, քանի որ Սահմանադրությունը բացառիկ, արտառոց բարդ փաստաթուղթ է և քաղաքացիներից շատերի համար ոչ այնքան հեշտ հաղթահարելի»,- նշեց նա:
Yerkir.am-ի հարցին, թե, այնուամենայնիվ, բարեփոխումների փաթեթում կա՞ն դրույթներ, որոնք իր «սրտով» չեն, Մինասյանը պատասխանեց` այո, կան նման դրույթներ: «Կուզեի` մի երկու դրույթ ավելի շեշտադրված լիներ, չնայած փոփոխության տանող քայլն արդեն իսկ ողջունելի է: Առաջին անգամ Սահմանադրության մակարդակով հայրենադարձության մասին ենք խոսում, սակայն կուզեի, որ բարեփոխումների փաթեթում, օրինակ, այս դրույթն ավելի շեշտադրված լիներ, քանի որ մենք ազգ ենք, որի մեծ մասը դրսում է գտնվում»,- ասաց պատգամավորը:
Մինասյանը նշեց նաև, որ, իր կարծիքով, ժողովուրդը խոհեմ կգտնվի և իր համար կարևոր փաստաթղթի հանրաքվեն չի վերածի ոչ կառուցողական գործողությունների ընթացքի: