կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-01 11:58
Առանց Կատեգորիա

Պինդ հավատ

Պինդ հավատ

Նախագահականում հունիսի 29-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ակնհայտ շտապողականությամբ նախագահն իր համար փակեց օֆշորային թեման: Նախօրեին նա արդեն «արդարացրել» էր սկանդալի հերոսներից Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, երբ վերջինիս օրհնությամբ և իր քավորությամբ ամուսնացնում էր շախմատիստ Գաբրիել Սարգսյանին: Ակնհայտ էր, որ Ս. Սարգսյանի կողքին կանգնելը սրբազանին համարյա սրբացնում՝ մաքրում էր օֆշորային «կեղտից»: Իսկ վերոհիշյալ քննարկման ժամանակ վարչապետին սատարելու` նախագահի պատրաստակամությունն այնքան անսքող էր, որ այլևս կասկած չի մնում` Ս. Սարգսյանն անվերապահորեն, նույնիսկ առանց սպասելու գլխավոր դատախազության «ստուգումներին» հավատում է վարչապետին:

 

Առ մերձավորներ նախագահական այս պինդ հավատի պարագայում թե էլ ի՛նչ իմաստ ուներ հորդորել վարչապետին՝ արագ ու շուտափույթ արձագանքելու իրեն ուղղված քննադատություններին, անհասկանալի է, մանավանդ, որ նախագահի արտաբերած յուրաքանչյուր նախադասություն, յուրաքանչյուր արտահայտություն, նույնիսկ՝ ձայնի հնչերանգ ու խոլոր հայացք գլխավոր դատախազի համար այբբենարանի չափ հստակ «ուղեցույց» էին՝ ի՛նչ, ինչքա՛ն և մանավանդ ու՛մ «բացահայտել», որ «օֆշորահեն» վարչապետն այդ բացահայտումներից վարկաբեկված դուրս չգա: Այնպիսի տպավորություն էր, որ առաջին ատյանի դատարանը՝ ի դեմս հանրային կարծիքի, վարչապետին ու մյուսներին արդեն դատապարտել է, բայց վերջիններիս բերած «վերաքննիչ բողոքի» արդյունքում «վերաքննիչ դատարանը»՝ երկրի նախագահը, բեկանում է վճիռը:

 

Սակայն քննարկման ամենահետաքրքիր հատվածը նախագահի այն հայտարարությունն էր, թե Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ «քաղաքական մեծամասնության պահվածքը» առաջիկայում դեռ կքննարկվի (բնականաբար՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում): Եվ այդ բարձր «ատյանում», որպես ամբաստանյալ, պատասխան տալու «պարտավորություն» կունենա ամենից առաջ Ազգային ժողովի նախագահը, ով ակնհայտորեն չափազանց էր զարմացած պետական բյուջեն «լափելու»` գործադիրի անպատժելիությունից («լափել» բառը քննարկման ժամանակ կրկնեց Ս. Սարգսյանը՝ բոլորովին այլ համատեքստով և ակնարկելով, թե հանձին ու՛մ է մարմնավորված տեսնում «քաղաքական մեծամասնությանն» ու վերջինիս «պահվածքը»): Պատասխան կտա նույնիսկ միշտ սերժահաճո Շարմազանովը՝ իր անտեղի բոցաշունչ ելույթի համար: Պատասխան կտան շատերը: Այնպես որ` նախագահականում տեղի ունեցած քննարկումն ընդամենը քաղաքակիրթ երևակումն է իշխող կուսակցության ներսում կատարվող խմորումների, իսկ բուն գործողությունները տեղի կունենան, ինչպես միշտ, փակ դռների հետևում: Եվ ամենևին բացառված չէ, որ այդ դռները ոմանց համար կբացվեն վերջին անգամ:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ