կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-14 09:08
Քաղաքական

Հույս եւ հավատ. ՛՛Հրապարակ՛՛

Հույս եւ հավատ. ՛՛Հրապարակ՛՛

«Նրանք, ովքեր քարկոծում են մեր ժողովրդին, թերագնահատում նրան, համարում խավար ու անգիտակից, չարաչար սխալվում են: Վերջին օրերին հետեւելով քարոզարշավի ընթացքին եւ տեսնելով, թե ինչպես են մարդիկ արձագանքում նախագահական մրցապայքարին, կարելի է արձանագրել.

 

1. Մեր ժողովուրդը չի խաբվում: Նա, ճիշտ է, հաճախ գնում է ուժի, փողի, ապահովության կողմը, սակայն բաց աչքով ու իր գիտակցված ընտրությամբ՝ հասկանալով, որ ընտրում է չարյաց փոքրագույնը: Նա նաեւ ներողամիտ է եւ միշտ ուզում է շանս տալ իր մոլորյալ զավակներին:

 

2. Մեր ժողովուրդն աշխարհի ամենալավատես ժողովուրդներից է՝ այսքան հիասթափություններից հետո, եթե նա ունակ է ոգեւորվելու եւ հուսադրվելու, ուրեմն նրա մեջ մեծ կենսական ուժ կա եւ այդ ուժը վաղ թե ուշ հաղթելու է:

 

Քարոզարշավի սկզբում շատ դժվար էր պատկերացնել, թե թեկնածուներից որեւէ մեկը՝ լինի Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան թե Պարույր Հայրիկյան, կարող է մարդկանց փողոց հանել: Կարող է կրկին դահլիճներ լցնել, ունկնդիրներ ունենալ: Եվ դրա պատճառը միայն այն չէր, որ ասպարեզում եղած թեկնածուներին ժողովուրդը մինչեւ ուղնուծուծը ճանաչում է եւ նրանց հետ հույսեր չի կապում: Պատճառներն այլ են՝ այդ թվում ընտրությունների կանխորոշված ելքը, ընտրակեղծիքների կուռ համակարգը, սոցիալական ծանր վիճակը, գործազրկությունը, արտագաղթը, ապատիան եւ այլն:

 

Բայց այս օրերին, տեսնելով, թե ինչքան մարդ է հավաքում «Ժառանգությունը» Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումների ժամանակ, հասկանում ես, որ մի փոքրիկ կայծը բավական է, որ հայ ժողովուրդը կրկին խանդավառվի եւ ընտրությունների հետ հույսեր կապի: Հասկանում ես, որ ամեն ինչ կորած չէ: Եվ եթե հայտնվի նա, ում մեջ ժողովուրդը հույս տեսնի, նա ոչ մի բանի առաջ կանգ չի առնի»,- կարդում ենք «Հրապարակ»-ի խմբագրականում: