|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեւանի քաղաքապետարանը խոսում է տարեկան 300-400 փողոցի ասֆալտապատման մասին, բայց ներկայացնում է վերջին 5 տարիներին ընդամենը 66 հիմնանորոգված փողոցների անուններ:
Վերջին 5 տարիներին Երեւանում փողոցների ասֆալտապատման, հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 24 միլիարդ 579 միլիոն դրամ, իսկ 2013 թվականին` եւս 7 միլիարդ 485 միլիոն դրամ` պետական բյուջեի պահուստային ֆոնդից:
Դեռեւս նախորդ ամսվա սկզբին` հոկտեմբերի 4-ին, Yerkir.am-ը հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան` խնդրելով տեղեկատվություն տրամադրել Երեւանում վերջին 5 տարիների ընթացքում իրականացված` փողոցների հիմնանորոգման եւ նորոգման աշխատանքների մասին: Մասնավորապես` խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե.
«1. Վերջին հինգ տարիների ընթացքում Երեւանի քանի՞ փողոցներ են ասֆալտապատվել, եւ որո՞նք են այդ փողոցները:
2.Վերջին հինգ տարիների ընթացքում Երեւանի քանի՞ փողոցներում են կատարվել նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ, եւ որո՞նք են այդ փողոցները:
3. Վերոհիշյալ աշխատանքներից յուրաքանչյուրի համար ի՞նչ միջոցներ են ծախսվել»:
Ձեւակերպել էինք պարզ ու տրամաբանական երեք հարց ու ակնկալում էինք նույնպես պարզ ու հասկանալի պատասխաններ:
Այն, որ քաղաքապետարանից մեր հարցադիմումին պատասխանեցին ուղիղ մեկ ամիս անց` նոյեմբերի 4-ին, դեռ ոչինչ, սակայն քաղաքապետարանից ընդհանրական պատասխան էին ուղարկել, որում ոչ նշվում էր, թե վերջին հինգ տարիներին կոնկրետ քանի փողոց էր ասֆալտապատվել ու հիմնանորոգվել, ոչ էլ, թե յուրաքանչյուր փողոցի աշխատանքների համար որքան գումար է հատկացվել: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանում, մասնավորապես, նշվում է. «Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր տարի քաղաքապետարանի ծրագրերով ասֆալտապատվում է 300-400 փողոց»:
Այդ նույն պատասխանում նշվում է նաեւ, որ ասֆալտապատման աշխատանքների համար հատկացվել է` 2009թ՝ 4 միլիարդ 61 միլիոն դրամ, 2010թ.՝ 4 միլիարդ 208 միլիոն դրամ, 2011թ.՝ 4 միլիարդ 805 միլիոն դրամ, 2012թ.՝ 5 միլիարդ 550 միլիոն դրամ, 2013թ.՝ 5 միլիարդ 955 միլիոն դրամ, եւս 7 միլիարդ 485 միլիոն դրամ` ՀՀ պետական բյուջեից:
Այս պատասխանից ենթադրվում է, որ վերջին 5 տարիներին Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով պետք է ասֆալտապատված լիներ նվազագույնը 1500 փողոց, որոնց համար պահանջվել է, ընդհանուր առմամբ, 32 միլիարդ 64 միլիոն դրամ գումար: Բայց քաղաքապետարանից նաեւ ներկայացրել էին կից ցուցակներ, որոնցում նշված էին ոչ թե 300-400 փողոցների անուններ, ոչ թե այն միջոցները, որ ծախսվել էին յուրաքանչյուր փողոցում իրականացված աշխատանքների համար, ինչպես հարցրել էինք, այլ ընդամենը 2013 թվականի ծրագրով հիմնանորոգված փողոցների ցանկը` թվով 31 փողոց, 2012 թվականին հիմնանորոգված փողոցների ցանկը` թվով 31 փողոց, 2010 թվականին հիմնանորոգված 1 փողոցի, 2010-2011 թթ. հիմնանորոգված 2 եւ 2011 թվաանին հիմնանորոգված 1 փողոցների անուններ:
Մեր դիմումի պատասխանը ստանալուց հետո փորձում էինք սեփական ուժերով պարզել մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, քանի որ քաղաքապետարանից նոր պատասխան ստանալու համար վախենում ենք եւս 1 ամիս անիմաստ սպասել, բայց այդպես էլ ոչինչ չստացվեց` մեր պահանջածը, հավանաբար, «շա~տ գաղտնի» ինֆորմացիա է, ոչ մի տեղ չկա...
Այնուամենայնիվ, քանի որ քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ տարեկան 300-400 փողոց է ասֆալտապատվում, բայց կից ներկայացրել էին վերջին 5 տարիներին հիմնանորոգված ընդամենը 66 փողոցների անուններ, մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ մնացած' նվազագույնը 1436 փողոցների անունները կա'մ համընկնում են, այսինքն` նույն փողոցներում երկու կամ ավելի անգամներ են աշխատանքներ կատարվել կամ որպես կատարված ներկայացվել, կա'մ քաղաքապետարանը իրականության հետ կապ չունեցող թվեր է ներկայացնում:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի կայքից