Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները: Yerkir.am-ին նրանք ասացին՝ պահանջում են, որ կառավարությունը պարտադրի Արարատի մարզպետարանին՝ ներկայացնել Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին Նորաշենի ավագանու որոշման հիմքերը:
Գյուղացիների խոսքով՝ որոշումն անօրինական է, քանի որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները, գյուղապետի գլխավորությամբ, պահանջում են իրենց ներկայացնել նաև այն արձանագրությունը, որի հիման վրա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:
Նրանք նշում են, որ Նորայր Գրիգորյանի և մարզպետի հարաբերությունները լարվել են ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ Գրիգորյանը պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, որը նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից: Ըստ գյուղացիների՝ Նորայր Գրիգորյանի լիազորությունների դադարեցման պատճառ է նաև այն, որ նա հրաժարվել է դառնալ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ:
«Բերքահավաքի ու մթերման շրջան է, խաղողագործությունը կանգնած է, համայնքապետարանի աշխատակիցները չեն կարողանում տեղեկանքներ տրամադրել գյուղացիներին, իսկ գյուղում մեկը մյուսի թշնամին է դարձել»,- նշում են գյուղացիները՝ պահանջելով կառավարությունից՝ արագ արձագանքել իրենց խնդրին, որ ստիպված չլինեն բերքահավաքի ակտիվ շրջանում, գործը թողած, կառավարության շենքի առջև կանգնել։
Նրանք մեղադրում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ իրենց խնդրի լուծումն անձնական շարժառիթներով ձգձգելու համար: «Ինչ-որ մեկն իրեն կոկորդիլոս է ասել, հիմա նա ասում է՝ մինչև չգա, ներողություն չխնդրի, հետո էլ մամուլի ներկայությամբ ներողություն չխնդրի, գործ չի արվելու. լրիվ մանկապարտեզ»,- ասում են գյուղացիները:
«Ուժ և իրավունք» ՀԿ-ի հիմնադիր Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ մարզպետը չունի Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու բավարար հիմքեր, քանի որ նա իր պաշտոնավարման ընթացքում համայնքում արել է բարեփոխումներ: «Էս մարզն էն մարզը չէ, որ ամեն ինչին հելնի, գա հասնի ստեղ։ Էդ մարդիկ իրար հարգել գիտեն, գործ տվողներ չեն, և այդ կառույցին պետք է նորմալ ղեկավար։ Եկել-նստել եք, բարեկամներին բերել-լցրել եք... Խորհրդականն ասում է՝ գնացեք ստեղից, ստեղ դուռ մի՛ բացեք, մի՛ փակեք: Տեղակալը բաջանաղն է: Լավ, ձերոնցով եկեք, նստեք, բայց մի՛ մտեք մնացած հարցերի մեջ։ Սա համայնք է, բերել եք՝ բարեկամներին խառնել եք իրար, մեկը մեկին բարև չի տալիս, հանում եք իրար դեմ։ Երեկ խոսք տվեցիք, որ այդ հարցը կլուծվի, ամեն անգամ մի բան խոսք եք տալիս, ճանապարհում եք»,- վրդովվում է նա։
Նորաշենի բնակչուհի Ալինա Կարապետյանը մտահոգ է, որ ներկայումս համայնքը բաժանվել է 2 մասի, մի մասը սատարում է նախկին գյուղապետին, մյուս մասը՝ ներկայիս համայնքապետին: «Արյունահեղություն կլինի, նա ինձ ասում է՝ ահաբեկում եք։ Ես չեմ ահաբեկում, ես բացատրում եմ, որ կարող են լինել դեպքեր, որ 2 կողմերը բախվեն իրար, ո՛չ թող լինի Արտակ Հարությունյանը, ո՛չ էլ՝ Նորայր Գրիգորյանը»,- ասում է նա։
Նորաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Քնարիկ Ղազարյանի խոսքով՝ համայնքապետարանը վեց ամսվա ընթացքում երեք անգամ ավագանու նիստ է հրավիրել, սակայն ավագանու անդամները չեն ներկայացել նիստերին՝ պատճառաբանելով, թե իրենց քարտուղարը չի տեղեկացրել նիստի մասին: «Մենք 2 ամիսը մեկ, օրենքով սահմանված կարգով, պարտավոր ենք հրավիրել ավագանու նիստ։ Մենք 6 ամսվա ընթացքում կայացրել ենք 3 ավագանու նիստ: Նիստը 7 օր առաջ ներկայացնում ենք մարզպետարան, որ՝ նշված օրը, նշված ժամին համայնքապետարանում կայանալու է ավագանու նիստ։ Ես 7 ավագանու անդամներին հեռախոսազանգով տեղեկացրել եմ։ Մենք պահանջում ենք մեր նախորդ գյուղապետին, իր հետ աշխատել ենք 2 տարի 6 ամիս, շատ գոհ ենք իր աշխատանքից։ Եթե մեր պահանջը չկատարվի, չենք աշխատելու։ Թույլ չենք տալու, որ համայնքապետարանի դուռը բացվի»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: