Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ԵԽԽՎ ամառային նստշրջանի ընթացքում Բյուրոն իր զեկույցով հատուկ շնորհակալություն չհայտներ Հայաստանի կառավարությանը` նվիրատվություն կատարելու համար, մեզանում ոչ ոք այդպես էլ չէր իմանալու, որ Հայաստանը մասնակցել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի պալատի պատուհաններին վիտրաժներ տեղադրելու ինչ-որ նվիրատվության մրցույթի, շահել այն և բարեհաջող կերպով կատարել ստանձնած պարտավորությունը: Միայն այդ զեկույցի հրապարակումից հետո փոխարտգործնախարարի մակարդակով կառավարությունը հարկ համարեց կիսատ-պռատ պարզաբանել, որ վիտրաժների պատրաստումը պատվիրվել է նկարիչ, դիզայներ Արև Պետրոսյանին: Սակայն թե որքա՞ն գումար է դրա համար հատկացվել պետական բյուջեից, արդյո՞ք Արև Պետրոսյանը ևս նվիրատվություն է արել կառավարությանը, թե՞ ոչ, որևէ սպառիչ պատասխան, պարզաբանում ո'չ կառավարությունից, ո'չ արտաքին գործերի նախարարությունից դեռևս չեն տվել:
Ինքնին նման մրցույթին մասնակցելու մեջ ոչ մի տարօրինակ, նույնիսկ` քննադատելի բան չկա: Լավ արված վիտրաժները արվեստի ստեղծագործություններ են: Իսկ Արև Պետրոսյանի` գոնե հեղինակային ցուցահանդեսներին ներկայացված և համացանցում հրապարակված ստեղծագործությունները իսկապես արվեստի բարձրարժեք ու բարձրաճաշակ գործեր են: Եվ եթե ԵԽ-ի համար արված աշխատանքները ևս այդ մակարդակի են, ապա միայն կարելի է հպարտանալ, որ դրանք զարդարելու են եվրոպական այդ կառույցը: Սա կարելի է համարել հայկական մշակույթը Եվրոպային ներկայացնելու` յուրատեսակ միջոց, հնարավորություն` Հայաստանը մատուցելու բոլորովին այլ, եվրոպացիների համար գուցե ոչ ստանդարտ լույսի ներքո: Մյուս կողմից` եթե անգամ ընդունենք, որ նվիրատվության այս մրցույթին մասնակցելով (հետաքրքրական է, որ նվիրատվությունը ևս մրցույթով է արվում) Հայաստանն այդ կառույցում փորձել է լրացուցիչ դիվիդենդներ ստանալ, ապա միանշանակ սա շատ ավելի քաղաքակիրթ ու ընդունելի տարբերակ է, քան նախկինում կիրառվող` եվրոպացիներին կոնյակով, բաստուրմա-սուջուխով, իսկ ադրբեջանցիների պարագայում նաև կասպիական խավիարով «գնելու» «բազարային» պրակտիկան: Սա, իհարկե, ընդունելի է միայն այն դեպքում եթե դրա համար արվող ծախսերը եղել են խելամտության ու ողջախոհության սահմաններում: Իսկ սա արդեն ոչ թե Հայաստան-ԵԽ հարաբերություններին, այլ բացառապես հայաստանյան ներքին, պետական կառավարման մշակույթին, հասարակական կարծիքի վրա իշխանության թքած ունենալ-չունենալուն վերաբերող հարց է:
Ընդամենը մեկ ամիս առաջ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս հպարտորեն հայտարարեց. «ՀՀ-ն պետական բյուջեի թափանցիկության տեսակետից այսօր առաջատար երկրների դասին է պատկանում: Դուք կարող եք ինտերնետի միջոցով հենց այսօր այցելել մեր կայքէջը եւ տեսնել, թե այսօր պետական բյուջեից ինչքա՞ն գումարներ են ծախսվել, ի՞նչ նպատակով` ամենօրյա ռեժիմով»:
Ակնհայտ է, որ կառավարությունը վիտրաժները ոչ թե խլել է Արև Պետրոսյանից, այլ պատվիրել` ելնելով գնի շուրջ ձեռք բերված համաձայնություններից: Այդ գնումը կառավարությունը կա'մ կարող էր անել գնումների սահմանված ընթացակարգով` մրցույթ հայտարարելով, որի մասին որևէ տեղեկատվություն, հայտարարություն չի հրապարակվել, կա'մ մեկ անձից, ինչը շատ ավելի իրատեսական է` հաշվի առնելով, որ գործ է ունեցել կոնկրետ հեղինակի հետ: Սակայն կառավարության պաշտոնական կայքէջում, որտեղ տեղադրվում են նաև մեկ անձից արվող գնումները` տարեկան կտրվածքով և ըստ մարմինների, նման գնման մասին տեղեկատվություն չգտնվեց ո'չ 2013-ի, ո'չ էլ 2012-ի բազայում: Ուղղակի հնարավոր չէ գտնել որևէ հասանելի տեղեկատվություն, փաստաթուղթ, թե, ի վերջո, քանի՞ վիտրաժի մասին է խոսքը, ի՞նչ չափերի և ի՞նչ արժեքով: Մինչդեռ ակնհայտ է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, գնվել են հենց պետական բյուջեի միջոցներով, որովհետև մրցույթը շահել է կառավարությունը, իսկ ԵԽԽՎ-ն շնորհակալություն է հայտնում հենց վերջինիս, ոչ թե առանձին ֆիզիկական անձի:
Թե ինչո՞ւ է գործադիրը որոշել ծածկադմփոց անել նաև այս անմեղ, գոնե արտաքուստ արդարացված թվացող ծախսը, մնում է անհայտ և հենց այդ պատճառով` խիստ կասկածելի: Չի կարելի բացառել, որ դա արվել է պարզապես ԵԽ-ին կաշառելու տպավորություն չստեղծելու համար: Բոլոր դեպքերում կարելի է փաստել, որ իր թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ հպարտացող կառավարությունը պարզապես հարկ չի համարել դրա մասին գոնե ձևականորեն իրազեկել այն հասարակությանը, քաղաքացիներին, ում հարկերի միջոցներով կատարել է գնումը: Սա գործադիրի գաղտնապահության բացառիկ դրսևորում չէ: Որովհետև դրանից ընդամենը երկու ամիս առաջ հասարակությունը հանկարծ իր համար պարզեց, ավելի ճիշտ` վերջնականապես համոզվեց, որ գազի սակագինը սահմանին բարձրացել է դեռ մեկուկես տարի առաջ, ու այդ ընթացքում կառավարությունը բացառապես քաղաքական նկատառումներից, ավելի կոնկրետ` իշխանության վերարտադրման` «ընտրություններ» կոչվող օպերացիան բարեհաջող ավարտին հասցնելու անհրաժեշտությունից ելնելով, կարողացել է միջոցներ տրամադրել ու այդպիսով սպառողներին հասնող գազի գինը չփոխել: Ի դեպ, վարչապետն անձամբ ԱԺ-ում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոստովանեց, որ հենց այդպես էլ արվել է:
Այս ամենի ֆոնին բացարձակապես աբսուրդային չի թվում, թե ինչպես կարող է էներգետիկայի նախարարը ԱԺ ամբիոնի մոտ միանգամից հիշողության կորուստ ունենալ ու մոռանալ, թե կոնկրետ որ ամսի որ օրն է կնքվել ռուսական գազի գնի վերանայման հետ կապված պայմանագիրը, իսկ դրանից հետո նույն հիվանդությամբ սկսի տառապել մի ամբողջ նախարարություն` «մոռանալով» գոնե սեփական նախարարին անհարմար դրությունից հանելու համար ավելի ուշ հրապարակել այդ տեղեկատվությունը:
Հիշողության նման պերմանենտ կորուստը աշխատանք է, ձեռագիր: Այն չի բուժվելու, քանի դեռ պետական իշխանությունը համոզված է, թե գործ ունի ոչ թե հասարակության և քաղաքացու, այլ` բացառապես մանիպուլյացիայի պոտենցիալ զոհերի, օբյեկտների հետ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ