կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-13 18:52
Առանց Կատեգորիա

Հովիկ Աբրահամյանի զարմանցնող զարմանքը

Հովիկ Աբրահամյանի զարմանցնող զարմանքը

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում իր ղեկավարած գերատեսչության 2012թ. գործունեության ամենամյա հաշվետվությունը ներկայացնելիս փաստեր ու օրինակներ է բերել շինարարության և գնումների ոլորտներում կատարված լուրջ չարաշահումների, ապօրինությունների մասին: Սակայն Զաքարյանի ներկայացրած պատկերին առանձնահատուկ «դաժանությամբ» է արձագանքել, որքան էլ տարօրինակ թվա, ոչ թե խորհրդարանական ընդդիմությունը, այլ մեծամասնությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, օրինակ, այնքան է զարմացած ու զայրացած եղել, որ նշել է, թե նախկինում չէր ուզում հավատալ այդ մասին շրջանառվող խոսակցություններին, բայց այս հաշվետվությունից հետո այլևս կասկած չունի: Իսկ նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե այդ բացահայտումներին պետք է հետևեն կառավարության և վարչապետի կոնկրետ գործողությունները` մեղավորներին ու պատասխանատուներին պատժելու իմաստով: Ավելին` Շարմազանովը նույնիսկ հավելել է, թե անհրաժեշտության դեպքում պետք է ոչ միայն պատասխանատուներին ազատել պաշտոններից, այլև ենթարկել քրեական պատասխանատվության:

 

Որքան էլ նման արձագանքն առաջին հայացքից զուտ մարդկայնորեն բնական թվա, այն ոչ միայն խիստ զարմանալի է, այլև ինչ-որ տեղ զվարճալի: Խնդիրն այն է, որ Իշխան Զաքարյանի բացահայտումները բոլորովին էլ նորություններ չեն, ու ոչինչ, ըստ էության, նրա ներկայացրած համապատկերում արտառոց չէ: 2012թ. սեպտեմբերին այս երկու ոլորտներում տիրող խայտառակ իրավիճակի մասին բարձրաձայնել էր անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` կառավարության հետ անցկացրած հանրահայտ «ատկատային» խորհրդակցության ժամանակ: Բոլորն են հիշում, թե ինչպես էր նախագահը անուղղակի մատ թափ տալիս վարչապետի վրա: Այդ խորհրդակցությունից հետո պաշտոնանկ արվեց «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետ Հակոբ Բեգլարյանը, ձերբակալվեց քաղաքաշինության նախարարության վարչության պետերից մեկը, ուսումնասիրվեցին 2008-11թթ. Ազգային գրադարանում իրականացված մոտ 670 մլն դրամի վերանորոգման աշխատանքները, որոնց արդյունքնում գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց: Սերժ Սարգսյանն այդ խորհրդակցության ժամանակ խոսել էր նաև դեղերի շուկայում տիրող, մեղմ ասած, անմխիթար վիճակի մասին ու այդ կապակցությամբ նկատողություն հնչեցրել առողջապահության նախարարի հասցեին:

 

Այնպես որ` ինչ-որ իմաստով Զաքարյանը դեռ մի բան էլ կիսատ էր ներկայացրել: Հետևաբար` զարմանալի է դառնում այն, թե ինչու է մեծամասնությունը զարմանում ինչ-որ կոռուպցիոն դրսևորումներով այն ժամանակ, երբ դրանց մասին խոսվել է դեռ մեկ տարի առաջ: Եթե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պնդում է, թե մինչ այս հաշվետվությունը չէր հավատում դրանց մասին խոսակցություններին, ակամա խոստովանում է, որ չէր հավատում անձամբ Սերժ Սարգսյանի արած բացահայտումներին: Այս իմաստով խորհրդարանական մեծամասնության պահվածքն ավելին չի կարելի համարել, քան Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու` չստացված փորձը: Օգտագործելով ՎՊ-ի հաշվետվությունը, ինչ-որ իմաստով նաև դրանում ներկայացված նոր փաստերը, որոնք տեղավորվում են դեռ մեկ տարի առաջ մերկացվածի համապատկերում, ԱԺ նախագահն ու նրա տեղակալը փորձում են բարձրացնել պառլամենտի հեղինակությունը և ներկայանալ որպես այդ երևույթներից շատ մտահոգված ու վճռական տրամադրված իշխանության ներկայացուցիչներ:

 

Արդյո՞ք սա կարելի է համարել զուտ վերջին շրջանում խորհրդարանական մեծամասնության կողմից գերակտիվ երևալու մարտավարության դրսևորում, դժվար է ասել: Չի կարելի բացառել, որ այսպիսով աստիճանաբար հող է նախապատրաստվում վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը թուլացնելու, նրա հանդեպ նախագահի վստահությանը հարված հասցնելու համար: Ուշագրավ էր փաստը, որ Հովիկ Աբրահամյանը մինչ այս նաև խիստ քննադատության էր ենթարկել առանց ծրագրային հենքի Դիլիջանի միջազգային դպրոցի համար հարկային ու մաքսային արտոնություններ սահմանելու` կառավարության նախաձեռնությունը, որը ևս ուղղակի հարված էր Տիգրան Սարգսյանի դիրքերին:

 

Մինչդեռ ՎՊ այս հաշվետվությունը ոչ թե ԱԺ մեծամասնությանը զարմանալու և զայրանալու տեղիք պետք է տար, այլ կառավարությանը կոնկրետ հարցադրումներ ներկայացնելու: ՎՊ-ի հայտնաբերած խախտումները, չարաշահումները մեծ մասով առնչվում են նաև այլ ոլորտների, հատկապես` կապված կրթության, էկոնոմիկայի նախարարությունների, Արագածոտնի մարզպետարանի գործունեությանը: Իսկ դա նշանակում է, որ հայրենի կառավարությունը, որը ընդամենը երկու օր առաջ էր ԱԺ բերել փայլուն ցուցանիշներ արձանագրած` 2012-թ. բյուջեի կատարողականը, դիպվածային կամ հրշեջային քաղաքականություն իրականացնելով, կիսատ-պռատ քայլեր է արել միայն այն խնդիրների շրջանակում, որը նրա աչքն են մտցրել երկրի ղեկավարը և նրա աշխատակազմը: Այսինքն` կառավարությունն ունակ է պլան կատարող խելոք աշակերտի պես տեղաշարժվելու, ինչ-որ քայլեր ձեռնարկելու միայն այն դեպքերում ու միայն այն խնդիրների ուղղությամբ, որը բարձրաձայնվում է երկրի ղեկավարի կողմից` բացարձակ անտարբերության մատնելով մնացած, հարակից ոլորտներն ու ենթաոլորտները:

 

Սերժ Սարգսյանն այս տարվա մարտին ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ խոսում էր այն մասին, որ այդ խորհրդակցությունից հետո կատարված աշխատանքների արդյունքում հնարավոր է դառնալու տնտեսել, այսինքն` «ատկատներից» ու յուրացումներից փրկել 35-40 մլրդ դրամ: ՎՊ-ի ներկայացրած այս հաշվետվությունը, արձանագրած խախտումները, դրանց մասշտաբներն ու բնույթը ակնհայտորեն հուշում են, որ այդ թիվը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե գործադիրը մի քիչ ավելի նախաձեռնող լիներ: Իսկ սա արդեն թե' իրավական ու թե' քաղաքական պատասխանտվության հարց է առաջացնում, որը, սակայն, ճարպկորեն շրջանցվում է խորհրդարանում ընդամենը ինչ-որ երկրորդական, երրորդական դերակատարների պաշտոնանկ անելու կոչերի ներքո:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ