կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-11 14:48
Առանց Կատեգորիա

Ավելի քնքուշ Տարոն

Ավելի քնքուշ Տարոն

Իշխանությունն ամեն ինչ արեց, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը դարձնի սոսկ աղբ թափողի ու ծաղիկ տնկողի հաստիք, ընտրությունները՝ «քուչի» ընտրություններ: Դա նրան հաջողվեց: Այսօր խոսում են միայն այդ դիրքերից. մեր քաղաքում ոչինչ չկա անելու, բացի այդ «հույժ կարեւոր» աշխատանքներից:

 

Երկրի նախագահը ելույթ է ունենում քաղաքապետի երդման արարողության ժամանակ ու շեշտը դնում հենց այդ հարթության վրա. «Ես համոզված եմ, որ առաջիկա չորս տարիներին չի լինելու անբարեկարգ բակ: Գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը բարձրաձայն կարող է ասել, որ անխնամ եւ անբարեկարգ բակ այլեւս չկա»: Վերջ, Դուք 4 տարում մեկ կարեւոր անելիք ունեք՝ բակեր վերականգնել, արեք այդքանը ու ձեզանից այլ սպասելիք մենք չունենք: Նախագահը հույս է հայտնում, որ քաղաքապետը Երեւանը կդարձնի «ավելի հարմարավետ, ավելի հաճելի եւ ավելի գեղեցիկ»: «Ավելի»-ն ենթադրում է նախապես հարմարավետ, գեղեցիկ եւ հաճելի լինել:

 

Արդյո՞ք այդպիսին է այսօր Երեւանը: Այդպիսին չէ, չի եղել ու սպառնում է չլինել: Արդեն երկար տարիներ երեւանի քաղաքապետարանը հաջորդաբար ղեկավարում են ՀՀԿ ներկայացուցիչները, նրանք տալիս են բազմաթիվ խոստումներ, ամեն շաբաթ ավագանու նիստերում հանձնարարականների շարք իջեցնում, իսկ մեր նախագահի աչքում անգամ քաղաքապետի ուժերի սահմաններում շարունակում է մնալ բակ վերանորոգելը: Պատկերացնո՞ւմ եք, հանրապետության նախագահը մասնակցում է քաղաքապետի երդման արարողությանը ու այլ ասելիք չունի, քան՝ հույս ունեմ բակերը կվերանորոգեք: Պարզապես կարելի է ծիծաղել ու էջը համարել փակված: Իրավունք ունի՞: Այո', որովհետեւ, երբ Հանրապետականը Երեւանի քաղաքապետի կշիռը իջեցնում էր աղբ թափողի մակարդակի ու նրան ներկայացնում այդ դիրքերից, նույն քաղաքացին չպահանջեց` սպասեք, ինչո՞ւ մենակ բակերը, բա գարշահոտ, խոնավ ու մութ գետնանցումները, բա անկանոն շինարարությունը, բա քաղաքը խեղդող ապօրինի շինությունները, այգիներին փոխարինած բետոնակուռ շենքերը, բա օրեցօր քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույցերը՝ յուրաքանչյուրը մի պահանջով, բա այն նախկինում գեղեցիկ շինությունները, որ ոչ այն է՝ քանդում եք, ոչ այն է՝ շինում, բա թալանվող արձանները, բա քաղաքի ծանրաբեռնվածությունը, որը այդպես էլ չի կարգավորվում` ավտոբուսներ ներկրելով, որովհետեւ ավտոբուս շահագործելը դեռ բեռնաթափում չի նշանակում, բա մայրաքաղաքի՝ գնալով անապահով դառնալը՝ «քուչի տղերքի» ամենօրյա կրակահերթերի ու ռազբորկաների պատճառով:

 

Արդեն 2 տասնամյակ է, ինչ գերակա ուղղություն եք հռչակել տարածքային համաչափ զարգացումը: Իսկ հիմա փորձեք համեմատել Կենտրոնը՝ Աջափնյակի, վերջինս՝ Նորքի զանգվածների, դրանք՝ Շենգավիթի ու Չարբախի հետ, վերջում հավելեք Նուբարաշենը եւ տեսեք, թե ինչպես է ամեն թվարկումից թվարկում մակարդակն իջնում ձեր երազած աղբ թափողի մակարդակին: Իսկ ո՞վ ասաց, որ բակերում քարկտիկի խաղադաշտ սարքելուց առաջ քաղաքապետի պարտականությունը Երեւանում աշխատատեղ ստեղծելը չէ: Խնդիրն այն է, որ նվաստացվեց քաղաքապետի պաշտոնը` այն աստիճան, որ քաղաքապետից մեր պահանջների նշաձողը լինի բակերի բարեկարգումը:

 

Նախագահը գովերգում է, որ քաղաքապետը եղավ «համեստ, ազնիվ, մարդամոտ եւ Երեւանի խնդիրներով մտահոգ»: Հավատացնում եմ` մեզ պետք չէ քաղաքապետ, որ միայն մտահոգ լինի մեր խնդիրներով, իսկ դրանք կարգավորվելու փոխարեն կուտակվեն լույսի արագությամբ: Մարդամոտ չենք ուզում, թող լինի կոպիտ, բայց աշխատի, ու մարդիկ տեսնեն, որ ամեն առավոտ, որ ճանապարհը փակում են քաղաքապետի գործի գնալու կապակցությամբ, մյուսների աշխատանքից ուշանալը արդարացված է: Թող մարդամոտ չլինի, եւ ամեն անկյունում քուչի լակոտները ռազբորկեք չանեն՝ համեմված կրակոցներով, որ քաղաքապետարանի քթի տակ մարմին չվաճառեն մարդիկ, որոնք գուցե ընտրել են հենց Տարոն Մարգարյանին՝ ավելի ապահով Երեւան ունենալու համար, որտեղ ոչ թե մարմին կվաճառեն, այլ, ասենք, ձեռքի աշխատանք: Որտեղ ծնողները կունենան աշխատանք, իսկ երեխաներին չեն արգելի մանկապարտեզ հաճախել՝ խնայողություն անելու նպատակով: Մեզ իսկապես քաղաքապետ է պետք, բայց ինչպես տեսնում ենք, գործողը որեւէ չափանիշի չի համապատասխանում, բացի ձեր կողմից հենց սկզբում առաջ քաշած թեզից, այն է՝ մայրաքաղաքի աղբահանությոան կազմակերպմանը: Ի դեպ, դա էլ չի կազմակերպվում «քաղաքապետավարի»:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ