կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-06 11:51
Առանց Կատեգորիա

Ավելի լավ Տարոն

Ավելի լավ Տարոն

Վերնագրի «Տարոն» բառն ամենևին էլ Վանա լճի արևմտյան ափերին փռված Տարոն աշխարհի անվանումը չէ: Խոսքը տվյալ դեպքում Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող ՀՀԿ-ի նախընտրական աշխատանքների առաջին փուլի կարգախոսին է վերաբերում: Վերջնական փուլում, ինչպես հայտնի է, կարգախոսը լինելու է «Ավելի լավ Երևան», իսկ մինչ այդ յուրաքանչյուր փուլ կունենա իր փուլային կարգախոսը: Այս պահին ՀՀԿ-ն իրականացնում է «Ավելի լավ Տարոն»-ը:

 

Ի՞նչ է դա նշանակում: Մեր համեստ կարծիքով՝ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որ Երևանի ավագանու ընտրություններն արտաքնապես դարձնի մեծամասնական ընտրություն: Այսինքն՝ որ այս ընտրությունները մարդկանց ենթագիտակցության մեջ վերածվեն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերընտրության միջոցառման: Պատահական չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանից հետո ամենամեծ հեռուստաաստղն այսօր Տարոն Մարգարյանն է: Նա Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով այցելում է Երևանի մարզեր (վարչական տարածքներ), հեծանվահրապարակ, որտեղ հեծանիվ է քշում, մշակույթի տներ է բացում, ավտոբուս է ներկրում, ասֆալտ է փռում, տանիք է նորոգում, բազմաբնակարան շենքերի շքամուտքեր է սպիտակացնում, աղբ է թափում՝ վերջապես: Առաջին հայացքից կարող թվալ՝ քաղաքապետի սովորական գուրծառույթ է իրականացնում, բայց այս ամենի տակ բոլորովին այլ բան է թաքնված: Փորձառու աչքն անմիջապես կնկատի, որ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ այս բոլոր «աշխատանքների» կենտրոնում ոչ թե բուն աշխատանքներն են, այլ ինքը՝ Տարոն Մարգարյանը: Տարոնը չլիներ՝ առը հա, թե հեծանվահրապարակ կունենայինք, Տարոնը ասֆալտ չաներ՝ բախտավոր մեզ, թե ճանապարհ կունենայինք, Տարոնը մշակույթը գնահատող անձնավորություն չլիներ՝ թոբա թե ՕԵԿ ցուցակի առաջին համար Երիցյանն ու ԱԻՆ-ը մշակույթի տուն կունենային, Տարոնի բերած չինական ավտոբուսները չլինեին՝ դժվար թե մենք դադարեինք «ԳԱԶել»-ների մեջ կզելուց, Տարոնն աղբը չտաներ՝ Երևանը կհռչակվեր նաև աղբի մայրաքաղաք և այլն, և այլն:

 

Ուշադրություն դարձրեք՝ Տարոն Մարգարյանի թիմակիցների, որ նույն է՝ ՀՀԿ ցուցակի մասին` սկսած 2-րդ համարից, ոչ մի խոսք: Ո՞վ են, ի՞նչ են, ինչացո՞ւ են այդ 200 մարդը՝ ոչ մի ծպտուն: Տարոն, Տարոն և միայն՝ Տարոն: Այնքան են փչել Տարոնի փուչիկը, որ նույնիսկ բազմափորձ Ահարոն Ադիբեկյանն է մատնվել շփոթության: Փոխանակ ասելու՝ ՀՀԿ-ն Երևանում կստանա 45 տոկոս, հայտարարել է, որ Տարոնը կստանա 45 տոկոս: «Ավելի լավ Տարոն» փուլի մի առանձնահատկությունն էլ այն է, որ Երևանի ավագանու ընտրությունների շտաբը որոշ չափով մնում ստվերում: Դա, կարծեմ, արվում է հատուկ նպատակով, որ այս փուլում գոնե ՀՀԿ-ն իր վարկանիշով բացասական ազդեցություն չթողնի հիմնական խաղաթղթի՝ Տարոնի հեղինակության վրա:

 

Կարելի է հիշել, թե ինչ աղմուկ բարձրացրեց ՀՀԿ շտաբի պետ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ ընդդիմադիր ուժերը լարված պայքար են մղելու բացառապես երկրորդ և դրանից ներքև տեղերի համար: Եվս մի քանի նման հայտարարություն, և Երևանի ընտրություններում ՀՀԿ-ն կարող է գահընկեց անել վերջին նախագահական ընտրություններում արձանագրած իր անձնական ռեկորդը: Փետրվարի 18-ից մինչ օրս Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ահա, դեռ դժոխքի դռների առաջ են կանգնած ու չգիտեն ոնց երդվեն, որ դժոխք չընկնեն:

 

Այս փուլում ՀՀԿ-ն աշխատում է Տարոնին հեռու պահել նաև Սերժ Սարգսյանի ընկերակցությունից: Հանկարծ մի բան կասի «Տարոն ջան» տարբերակով ու ամբողջ միֆը, թե Տարոն Մարգարյանն արդեն բավական ժամանակ է, ինչ դուրս է եկել «դպրոցական» տարիքից, հօդս կցնդի:

 

«Ավելի լավ Տարոն» փուլի մեկ այլ, բավականին հետաքրքիր առանձնահատկությունն էլ այն է, որ փորձ է արվում գործող քաղաքապետին վսեմացնելու համար նսեմացնել նրա որոշ տեղակալների, ովքեր կառավարության նիստերում ստում կամ սխալ-մխալ բաներ են հայտարարում ՀՀԿ անդամների՝ Երևանում ունեցած ապօրինի կառույցների մասին: Այ, Տարոնը կվերընտրվի և նման բաների վերջը կգա՝ երևի այսպիսի միտք են ուզում անցկացնել, ինչը, սակայն, չի ստացվում, որովհետև բոլորը գիտեն, որ իրենց սիրելի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախևառաջ ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ականների քաղաքապետն է, ապա նոր՝ մնացած երևանցիների:

 

Ինչպիսի՞ն կարող է լինել ՀՀԿ-ի հաջորդ հանգրվանային կարգախոսը՝ ավելի լավ ի՞նչ: Գուցե՝ «Ավելի լավ քարոզարշա՞վ»: Հնարավոր է, բայց, մեր կարծիքով, քիչ սպասելի: Մի՞թե հնարավոր է նախագահ Սարգսյանից ավելի լավ քարոզարշավ իրականացնել՝ չեբուրաշկաներով, կուրսի աղջիկներով, վարունգով, տոկոս խփելով… Հետաքրքիր է, թե իրենց «ավելի լավ» քարոզարշավով այդ ում են ստվերելու երիտհանրապետական Շարմազանովի շտաբի մասնագետները: Շատ անհարմար բան կարող է ստացվել, եթե, իհարկե, վերևից չասեն՝ ոչինչ, միայն թե՝ հաղթենք:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ