կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-03 17:55
Առանց Կատեգորիա

Թիկունքում լիսկայահեն ''բուլդոզերն'' է

Թիկունքում լիսկայահեն ''բուլդոզերն'' է

Գորիսում ողբերգական իրադարձությունները արյունալի հանգուցակետին են հասել Սյունիքի մարզպետի տանը կամ դրա մոտ: Ձերբակալված է նրա որդին, թիկնապահը, ինքը` մարզպետը, ենթարկվել է հարցաքննության, նրան պատկանող օբյեկտներից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, և Լիսկան չի հերքել, որ դրանք պատկանում են իրեն: Այս մանրամասներից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, հրաժարականի հիմք է: Բայց ոչ Լիսկայի մտածողությունն է բավարար` այդքանն ընկալելու համար, ոչ էլ` նրան հովանավորող իշխանության:

 

Լիսկան չի պատժվելու այն չափով, որ չափով ակնկալում է հասարակությունը: Որովհետև իշխանությունը Լիսկային կորցնել չի կարող, ինչպես չի կարող մարդկային օրգանիզմը կորցնել իր հոգին: Լիսկայի կորուստը Սյունիքի մարզի նկատմամբ տոտալ վերահսկողության կորուստն է, իսկ դա իշխանության ինքնասպանության առաջին լուրջ քայլն է: Իշխանությունը չի պատժելու Լիսկային, որովհետև չի կարող սասանել մնացած լիսկաների դիրքերը, ովքեր իրենց ուսերին են տանում այս իշխանությանը և, իբրև փոխհատուցում, նրանից ստանում անգամ նման ծանրագույն հանցագործությունների համար չպատժվելու քարտ-բլանշը:

 

Բայց  Լիսկան առաջին հերթին չի պատժվելու, որովհետև նրա տան մոտ կատարված սանձարձակությունն ուղղված էր հասարակության, քաղաքացու, այլ ոչ թե «սրբություն սրբոց» համարվող և այդ տեսանկյունից անձեռնմխելի «սիստեմի» դեմ: Հայաստանում պատժվում են լիսկաների միայն այն ոտնձգությունները, որոնք ուղղված են համակարգի դեմ կամ հանուն սեփական միկրոհամակարգը ստեղծելուն:

 

Գորիսի դեպքը, սակայն, խիստ խորհրդանշական է: Այն պարզորոշ ուրվագծում է, որ բանակը, որպես ինստիտուտ, այդ համակարգի մասը չէ: Բանակի սպայի արժանապատվության դեմ ուղղված ոտնձգությունը, փաստորեն, պատժելի չէ: Դա ապացուցվեց «Հարսնաքար»-ում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի վայրենաբարո սպանության ժամանակ, ապացուցվում է զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գնդակահարելու այս փաստով: Երկու դեպքում էլ հիմնական գործող անձինք մնում են անձեռնմխելի: Եվ սա լուրջ մտորելու տեղիք է տալիս: Ինքնին արդարացնելի չէ Բուդաղյան եղբայրների` ստացած վիրավորանքը նման եղանակով մաքրելու ձգտումը: Բայց դա առաջին հերթին պատասխան էր լիսկայական սանձարձակությանը` նրան իր տեղը վերջապես ցույց տալու ակնհայտ ցանկությամբ:

 

Սա ունի երկու շերտ: Նախ` արժանապատվությունը ցանկացած գնով ու միջոցով պաշտպանելու` հասարակության մեջ արմատացած վենդետային մտածողությունը, որը վերածվում է համահասարակական ամենակուլ հրեշի: Բուդաղյան եղբայրները դա փորձել են անել` Լիսկայի տունը շուրջկալելով ու փոխհրաձգության մեջ մտնելով, ինչի համար հատուցել են կյանքով ու առողջությամբ: Ապագա սպան ռազմական ինստիտուտում հենց նույն մտածողության արդյունքում կրակ է բացում համակուրսեցու, զորամասում շարքային ծառայողը` ծառայակցի ուղղությամբ, ու բոլոր դեպքերում ունենում ենք կորսված երիտասարդ կյանքեր, խեղված ճակատագրեր, ողբացող ծնողներ, հարցականների ու դրանց պատասխանները չգտնելու, սեփական մեղքի բաժինը չգիտակցելու ծանրության տակ իրեն պատեպատ խփող հասարակություն, անվստահություն ամենակարևոր արժեքներից մեկի` բանակի նկատմամբ:

 

Երկրորդ շերտը հենց լիսկաների անձեռնմխելիության ու անպատժելիության գիտակցումից առաջացող անզորությունն է: Գուցե Բուդաղյանները նման քայլի չդիմեին, եթե վստահ լինեին, որ անգամ բարոյական հարթությունում Լիսկան իր պատիժն ստանալու է, որովհետև մարդկային արժանապատվությունը, սպայի պատիվը, արդարությունն ու արդարադատությունը սեփական պետության համար շատ ավելի մեծ արժեքներ են, քան լիսկաների գերին ու սպասարկուն մնալը: Եվ այստեղ հարց է առաջանում` արդյոք լա՞վ է, որ բանակն այդ կրիմինալահեն համակարգի մասը չի կազմում, թե՞ վատ, և ընդհանրապես` ո՞րն է իսկական բանակը: Մի կողմից պարզվում է` տարածաշրջանի ամենամարտունակ բանակն անզոր է անգամ մեկ Լիսկայի, մեկ Նեմեցի ու նրանց նմանների դեմ և կարող է լռելյայն համակարգային այս անպատժելիությանը հերթով զոհել իր լավագույն սպաներին, որոնց, որպես զինվորականի կերպար, փորձում էր մատուցել շարքային զինվորներին: Բայց մյուս կողմից` հո չի կարող գրոհ կազմակերպել նրա տան վրա կամ դիմել «դիվերսիոն» գործողությունների:

 

Ի՞նչ է ասելու պետությունը սահմանին` խրամատում, իր պարտքը կատարող այն զինվորին, ով տեսնում է, թե ինչպես է լիսկայական թայֆան հաշիվներ մաքրում իր վիրավորված արժանապատվությունը պաշտպանել ձգտող զինվորականի հետ, ու ինչպես է հարազատ պետությունը մեդալ շնորհում մինչև ատամները զինված, հաշվեհարդար տեսնող ներքին թշնամուն: Ո՞ւմ է նա սահմանին պաշտպանում` այդ կրիմինալի՞ն, նրան սպասարկող իշխանությա՞նը, անարխիա՞ն, թե՞ այդ ամենից ահաբեկված` երկրից փախչող հասարակությանը: Եվ ո՞ւմից է պաշտպանում, երբ ներքին թշնամին, պարզվում է, շատ ավելի զորեղ է: Մյուս կողմից, սակայն, դեռ հարկ է պարզել` ո՞րն է հայկական բանակը, ավելի ճիշտ այն արժեքային համակարգը, որի շուրջ կառուցվում կամ պետք է կառուցվի մարտունակ բանակը. այդ զինվո՞րը, նրա կողքին կանգնած, իր պատասխանատվության գիտակցությամբ առաջնորդվող սպա՞ն, թե՞ նրանք, ովքեր ամեն անգամ լեզուն ատամների տակ կծոտելով համբերատար լռում են, դառնում այս «սիստեմի» սպասավորները:

 

Ողջ խնդիրն այն է, որ բանակը միայն հասարակության հայելին չէ, այն հասարակությունն է` իր բոլոր շերտավորումներով, կարծրատիպերով, հարաբերություններով, ներթափանցված է հասարակության մեջ անխտիր բոլոր թելերով: Այն վարակված է նույն ախտերով, ինչ հասարակությունը, պետական ու հանրային կառավարման բոլոր մյուս ինստիտուտները: Բարձրաստիճան սպաների, գեներալների մի մասը ոչնչով չեն տարբերվում լիսկաներից, նրանց հետ հավասար կրում են կրիմինոգեն բոլոր կոդերը, իշխանության վերարտադրման պատասխանատվությունը, նրանց նման առաջնորդվում անձնական շահով, համալրում մերօրյա մեծ ու փոքր օլիգարխների թիվը: Ցածրաստիճան սպաների մի մասն էլ ապրում է վերոնշյալների դասին պատկանելու, այդ արտոնություններից օգտվելու նույնպիսի երազանքներով, ինչպես կուսակցությունների երիտկոմսոմոլները` քաղաքական արևի տակ իրենց տեղը մյուսների հաշվին նվաճելու ձգտումներում:

 

Բանակի առողջացման, այնտեղ մարդու կենսագործունեության նորմալ պայմանների ստեղծման առաջին նախապայմանն այս որակից ձերբազատվելն է, ինքնամաքրումը, ներքին նոր մշակույթի, նոր ավանդույթների, արժեքների ստեղծման, սպայի ու զինվորի նոր կերպարի ձևավորման միջոցով: Միայն այդ կերպ կարելի է ու պետք է ապտակել լիսկայականությանը, պաշտպանվել բանակի դեմ ուղղված բոլոր տեսակի ուղղակի ու անուղղակի, տեսանելի ու անտեսանելի հարձակումներից: Գուցե պետք է հենց բանակը դարձնել հասարակության վերափոխման առաջամարտիկն ու գործիքը... Բայց ինչպե՞ս դա անել, եթե թիկունքում չկա պետություն, կա միայն լիսկայահեն իշխանական «բուլդոզերը»:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ