Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թե' «Ապահով Հայաստանը» և թե' Հայաստանը խորասուզված են անարդարության մեջ: Պայմանականորեն «անարդարությունը» որակենք որպես ճահիճ: Ուրեմն այսպես` թե' «Ապահով Հայաստանը» և թե' Հայաստանը, ճահճում խրված, սուզվում են: Ճահիճն էլ ոչ թե բնական է` բնության ստեղծագործություն, այլ ստեղծվել է «Ապահով Հայաստանի» ձեռամբ: «Ապահով Հայաստանը» արհեստավարժ աճպարարի պես փայտով «ալե՜ հոպ» արեց և մի այնպիսի ճահիճ ստեղծեց, որ ինքն անձամբ չի կարողանում խուսափել իր իսկ արարած հայտնագործությունից:
«Ապահով Հայաստանից» այսօր չեն արտագաղթում, փախչում են: Դրանք տարբեր բաներ են: Փախչում են արդեն գերդաստաններով, փախչում են ոտքով, ավտոբուսով, սեփական ավտոմեքենայով, ինքնաթիռով: Փախչում են` ով ոնց պատահի: Փախչում են առանց տները վաճառելու, որովհետև բոլորը վաճառող են, իսկ գնորդին պետք է փնտրել օրը ցերեկով` մոմի լույսի առկայությամբ: Փախչում են ահաբեկված, զզված, «Ապահով Հայաստանի» «արդարությունից» հոգնած, տարիներ շարունակ տրվող սին խոստումներից, ապաշնորհ ղեկավարներից հիասթափված: «Ապահով Հայաստանը» դարձել է փորձանք այս ժողովրդի գլխին, կախվել է դամոկլյան սրի պես և ճոճվում է: «Ապահով Հայաստանը» ապահով մատնոց է ֆռռացնում և գայթակղիչ խոստումներով քամում միամիտներին ու շպրտում օտար ափեր: «Գնացեք ապրեք»,- ասում է ու, ինքն էլ, չիմանալով` ում համար, վեհ հայրենասիրական գաղափարներ է քարոզում:
Լենինյան պիոներիայում մի արտահայտություն կար, տիկին Հրանուշը լավ կհիշի. «Ծնվել ենք, որպեսզի երազանքը դարձնենք իրականություն»: Իսկ երազանքը կոմունիզմն էր` պայծառ ապագան: Չստացվեց: Գիտեք` ինչո՞ւ: Որովհետև թե' կոչը և թե' ցանկությունը կեղծ էր: Կեղծիքը չի կարող դառնալ իրականություն, կեղծիքը միայն կարող է ավելի կեղծվել: «Ապահով Հայաստանն» էլ, փաստորեն, կեղծիք էր: Ո՞նց կարող էր նման արյունարբու «ղեկավարների», օլիգարխների համաստեղությունը ստեղծել «Ապահով Հայաստան»: Եթե հնարավոր էր դա անել, ապա միայն իրենց պատկերացրած Հայաստանում, որտեղ չկա քաղաքացին, չկա գյուղացին, կան միայն իրենք` իրենց հաստավիզ սափրագլուխներով և «վեցնոց» ջահելությամբ: «Ապահով Հայաստանը» միֆ էր, ցնորք, որ պայթեց շատ արագ: Հրաբխի պես պայթեց` իր մեջ քաշելով հենց հեղինակներին և նրանց կեղծավոր բանակը: Ուղղակի նրանցից շատերը դրան թեթև են նայում, քանզի իրեց փորձառությունից գիտեն` ճամբարափոխ լինելը մեկ գիշերվա հարց է…
…Եվ նորից կգա «Ապահով Հայաստանը» այլ երանգների մեջ, մինչև որ երկրից կհեռանա վերջին մոհիկանը և կգնա դրսում փնտրելու իր հինգ հազար դրամանոց «Ապահով Հայաստանը»: Չե՞ք հավատում, մի քանի ժամով խարսխ գցեք Հայաստան-Վրաստան սահմանակետում և կհամոզվեք:
Համլետ ՀԱԿՈԲՅԱՆ