կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 17:55
Իրավական

''Մատաղիսից'' մինչև ''Ապահով Հայաստան''

''Մատաղիսից'' մինչև ''Ապահով Հայաստան''

2012 թվականը հագեցած տարի էր արդարադատության ոլորտում: Քրեակատարողական ծառայությունները կանոնակարգող մի շարք իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարվեցին: Տարին նշանակալի էր ԱՆ Արմավիր ՔԿՀ-ի կառուցմամբ: Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական  վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ այս տարի կալանավայրերում  փախուստի դեպքեր  չեն գրանցվել: Սրանք, իհարկե դրական բարեփոխումներն էին, որոնց մասին ավելի ընդգրկուն կխոսի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` տարեվերջյան ամփոփիչ ելույթում:

 

Սակայն չի կարելի չհիշատակել  նաև տարվա  սկանդալային իրադարձությունները` կապված ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գրանցված ինքնախեղման դեպքերի հետ, որոնք լայն արձագանք ստացան հասարակության շրջանում: Քիչ չէին նաև կալանավայրերում հացադուլ հայտարարած բանտարկյալները, ովքեր մեծ մասամբ պահանջում էին վերանայել իրենց քրեական գործերը`պնդելով, որ իրենք անարդար դատավարության զոհ են:

 

Մեր երկրի անարդար դատավարությունների արդյունքում ամենից շատ տուժեց հենց ժողովուրդը: Եվրադատարանն այս տարի Հայաստանի քաղաքացիների օգտին բազմաթիվ վճիռներ էր կայացնում, որն, ըստ էության, «մաքրում էր» հայկական բյուջեն: Եվրադատարանի կայացրած վճիռներից ամենաաղմկահարույցը, թերևս Եհովայի 6 վկաների` այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու գործով  վճիռն էր, ինչը  ոչ միայն լցրեց ժողովրդի համբերության բաժակը, այլև ստիպեց ՀՀ արդարադատության նախարարությանը վերանայել այդ խնդիրը կանոնակարգող  օրենքները` փոփոխության ենթարկելով դրանք:

 


2012 թվականը նշանակալից  էր նաև մի քանի սկանդալային դատական գործերով: Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի արտահանձնումից հետո մեծ հնչեղություն ստացավ ոճրագործի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբոր` Վահրամ Մարգարյանի գործով դատաքննությունը: Թեև նախաքննությունից արդեն իսկ ակնհայտ էր, որ Վահրամն իրեն առաջադրված մեղադրանքի` սպանության հետ որևէ առնչություն չունի, սակայն գործն, այնուամենայնիվ, 1 տարի ձգձգվեց և արտահանձման հայտնի դեպքից հետո միայն նրա նկատմամբ կայացվեց արդարացման դատավճիռ:

 

Ամենաանսպասելի դատավճիռը թերևս Մատաղիսի գործով  «ցմահ» դատապարտված երեք երիտասարդների արդարացումն էր: Այս վճիռը  կասկածի տակ դրեց Հայաստանի նախորդ տարիների դատական համակարգի վարկը, գործի անփությությունը անուղղակիորեն կապվեց այն ժամանակվա զինդատախազ Ջհանգիրյանի անվան հետ: Հրապարակված դատավճռի նկատմամբ արձագանքներում կար նաեւ այն հաստատուն համոզումը, որ դատարանը չէր կարող առանց իշխանության պատվերի կայացնել արդարացման դատավճիռ: Այն, փաստորեն, «հաղթաթուղթ» էր գործող նախագահի` «ապահով Հայաստան» կառուցելու ճանապարհին:  Բայց կարևորն, իհարկե այն է, որ անմեղներն արդարացվել են: Իսկ Մատաղիսի գործը կարող է լավ դաս լինել մեծ ու փոքր բոլոր չինովնիկների համար:

 

Որոշ մարդկանց համար լավ դաս կարող է լինել նաև «Հարսնաքարի» գործով վճիռը, որի մասին խոսելը դեռևս վաղ է: Գործի քննությունը կշարունակվի հաջորդ տարի: Վաղ է խոսել նաև մի շարք պաշտոնատար մարդկանց տներ թալանած «բանդայի» գործով վճռից: Գործով տուժողները` բարձրաստիճան պարոնայք ու տիկնայք, դեռ չեն հասցրել դատարանում թվել իրենց տներից գողացված գումարներն ու ոսկիները, իսկ թե ովքե՞ր կպատժվեն` առայժմ պարզ չէ:

 

Այս և այլ հետաքրքիր դատական քննությունների հետագա զարգացումների մասին` հաջորդ տարի:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ