Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի խորհրդարանական քննարկումը ցինիզմի գագաթնակետին հասավ իշխող կուսակցության ներկայացուցիչների ելույթներով, որոնցում, սպառելով տնտեսական, սոցիալական ու հոգեբանական հիմնավորումները, նույնիսկ պնդումներ էին արվում աշխատավարձերի բարձրացման «ռազմավարական նշանակության» մասին: Խնդիրն անուղղակի կերպով համարյա կապվում էր երկրի անվտանգության հետ, և մազ էր մնում, որ Ղարաբաղի անկախությունն ուղղակիորեն կախված լիներ Գալուստ Սահակյանի աշխատավարձի չափից:
Ցինիզմի գագաթը վերանվաճվում էր նաև գործազրկության նպաստների վճարումից հրաժարվելու` կառավարության դիրքորոշման շնորհիվ. սեփական բարեկեցության ապահովման մարմաջը, թալանելուց բացի, բյուջեն նաև «օրինականորեն» յուրացնելու իրավունք ստանալը այնպես էր կուրացրել օրենսդիր ու գործադիր մեծամասնությանը, որ նրանք չէին խորշել իրենց աշխատավարձերի բարձրացման մասին խոսել գործազուրկ թշվառական մի խավի չնչին նպաստները կտրելու` կառավարության հերոսական որոշմանը զուգընթաց: Ավելի ճիշտ՝ դրա համատեքստում:
Երևույթի հասարակական հնարավոր սուր արձագանքը նկատի ունենալով՝ իշխող կուսակցությունն իր շարքերից արագորեն հրապարակ նետեց ծանրքաշային գաղափարախոսների՝ դեմքը փրկելու համար: Եվ ահա նրանցից ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրատվամիջոցներից մեկին («168 ժամ») տված հարցազրույցում փորձում է «գիտականորեն» հիմնավորել այն, ինչն իր կուսակից ընկերները՝ Գ. Սահակյանը, Վ. Այվազյանը և մյուսները, անում են թոթով, իրենց համար սոսկ հասկանալի լեզվով: Սակայն իշխող կուսակցությունը մարտավարական կոպտագույն սխալ է թույլ տալիս՝ հրապարակ նետելով մի տիկնոջ, ով այս երկրի մեծահարուստներից մեկն է, «կովերու և ագարակներու»՝ «գծերու և հանքերու, շենքերու և բնակարաններու տեր», հետևաբար դժվար թե պատշաճ էր հենց նրա՛ բերանով հնչեցնել հայոց պաշտոնական դասի թշվառ գոյության մասին իշխանալացը: Բայց տիկինը համաձայնել է իրեն ամենևին էլ ոչ սազող այդ առաքելությանը և հնչեցնում է… զարմանալի՜ մտքեր, մտքեր, որոնք գալիս են փոխելու նույնիսկ պաշտոնական այն ընկալումն ու պատկերը, որ գոյություն ունի մեր երկրում զբաղվածության, գործազրկության և հարակից խնդիրների մասին: Հ. Նաղդալյանը, ահավասիկ, չի վարանում հայտարարել, որ ՀՀ-ում… գործազրկություն չկա. մի կարճ ու ցնցող վերլուծություն անելով աշխատաշուկայում աշխատատեղերի և աշխատուժի վերաբերյալ՝ սույն հանճարը եզրահանգում է. «Արդյունքում՝ ինչքան աշխատանք փնտրող կա, այնքան էլ ազատ աշխատատեղ կա»: Այսպես՝ Հայաստանը հայտարարվում է աշխարհի միակ երկիր, ուր, եթե ճիշտ կազմակերպվի աշխատող-աշխատատեղ փնտրտուքը, ոչ մի գործազուրկ, փաստորեն, չի մնա:
Տիկինը կա'մ ինքն է իրականությունից այնքան դուրս, որ չիմանալով ստեր է դուրս տալիս, կա'մ հանրությանը բանի տեղ չի դնում այնքան, որ վերջինիս առաջ ստելը համարում է սովորական բան: Նույնիսկ երեխան գիտի, թե պետական համակարգում, թեկուզ և չնչին աշխատավարձով, աշխատանքի տեղավորվելը ի՛նչ «արժե», բայց ահա մեր տիկինը բոլորովին այլ բան է պնդում. նրա համոզմամբ՝ մարդիկ ոչ թե կաշառքով ու հովանավորչությամբ սողոսկում են պետական համակարգ, այլ կամովին … դուրս են գալիս: Դե, իհարկե, ցածր աշխատավարձի՜ պատճառով: «Լավ, որակյալ կադրերը դուրս են գալիս աշխատանքից կամ էլ ցանկություն չեն հայտնում ընդգրկվել պետական համակարգ»,- մորմոքում է տիկինը:
Տիկինը յուրատեսակ բավարարվածություն է զգում, երբ պատկերացնում է, թե ինչպես են 18000 դրամ ստացող նպաստառու «անբանները», չստանալով այլևս այդ չնչին գումարը, ստիպված գնում և… աշխատում: Խոսքն, ի դեպ, նաև գյուղացիների մասին է: Իսկ թե գյուղում ի՛նչ են աշխատելու անբանները, Նաղդալյանն, իհարկե, չի ասում, որովհետև թքած ունի թե՛ իրականության, թե՛ նաև հասարակ տրամաբանության վրա: Ինչպես նաև՝ գյուղացի նպաստառուների:
Ի դեպ, հույժ գրագետ այս տիկինը նաև արտահայտություն է հորինում՝ «նպաստառուական հոգեբանություն», որով, իբրև թե, համակված են տասնյակ հազարավոր իր անբան հայրենակիցները, և որոնց պետք է բուժել կործանարար ախտից: Բուժումն էլ, ահավասիկ, նոր օրենքն է, որի գովքն է զլել անդարդ մեր տիկինը: Նա այնքան հմայված է ընդունվելիք օրենքով, որ հիացմունքի զեղման մեջ հաճույքով տրվում է նաև պատկերավոր խոսելու գայթակղությանը, մասնավորապես՝ նոր օրենքը համեմատելով պոմպի հետ, որը, նպաստառու թշվառականի ծակ գրպանից վերջին կոպեկն էլ «ծծելով», փոխարենը նրան մղելու է արժանապատիվ աշխատանքի որոնման, որը, ինչպես «տեսանք», աշխատաշուկայում պարզապես թափված է: Ընդամենը գտնել է պետք: Ցինիզմը, ինչպես ասում են, «նաղդ» է:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ