կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-23 10:16
Աշխարհ

Առեւանգել են Հակոբ Միքայելյանին

Առեւանգել են Հակոբ Միքայելյանին

Ծայրահեղ իսլամական «Ալ Նուսրա» խմբի կողմից մայիսի 21-ին առեւանգվել է սիրիահայ գաղութի ճանաչված հայ մտավորական, ՀԲԸՄ Հալեպի տեղական վարչության ատենապետ, արձակագիր, տեղի Բարեգործականի վարժարանի տնօրեն, 70-ամյա Հակոբ Միքայելյանը: Մտավորականն առեւանգվել է Հալեպ-Բեյրութ ճանապարհին:

 

Իսլամականները կանգնեցրել են ուղեւորներով լի ավտոբուսը եւ առեւանգել նրան: Միքայելյանը կարողացել է կապ հաստատել հարազատների հետ եւ հաղորդել իրեն առեւանգելու պատճառը` Միքայելյանին զինված խմբավորումը «դատապարտել է» երեք ամսվա ազատազրկման՝ սիրիական վարչակարգի համակիր լինելու և նախագահին սատարող ակցիաներին մասնակցելու, ինչպես նաեւ գրառումներ կատարելու համար:

 

Թատերագետ, գրող Լեւոն Մութաֆյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Հակոբ Միքայելյանի մասին գրում է. «Իմ լավ բարեկամ, իմ ավագ ընկեր, տաղանդավոր արձակագիր, դերասան և բեմադրիչ, արաբական կինոաշխարհում մեծ ճանաչում վայելող Հակոբ Միքայելյանը առևանգվել է... Անցած տարի հալեպյան իրադարձությունների շրջանում Երևան եկավ, մի շրջան ապրեց այստեղ, դստեր տանը, սակայն նորից Հալեպ վերադարձավ` ասելով, որ հայ մանչերուն դասեր պիտի տա, պիտի մասնակցի պաշարված քաղաքում մնացած հայերին աջակցություն կազմակերպելու գործին...

 

Խնդրեցինք, համոզեցինք, բայց չմնաց, որովհետև ազնվագույն մտավորականն ուզեց լինել բոլորի հետ, իր սիրելի համաքաղաքացիների, իր աշակերտների, իր «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ... Հիմա հոգիս տագնապած է, սիրտս մթագնած:

 

Հակոբը վատառողջ է, նրան դեղեր են պետք, բժշկական աջակցություն է պետք... Միայն աղոթում եմ ու խնդրում Երկնավորին, որ խնայի Հակոբին, աջակցի ու փրկի նրան: Հակոբը Սփյուռքի երևելիներից է, նաև սիրիական հեռուստակինոյի աստղերից... Սիրելի Հակոբ, ավագ ընկերս և եղբայրս, քաջալերվիր, ուժով մնա, ամուր մնա...»: