կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-28 11:50
Քաղաքական

Կոտայքի նորանշանակ մարզպետը հարգում է Սասուն Միքայելյանին

Կոտայքի նորանշանակ մարզպետը հարգում է Սասուն Միքայելյանին

Կոտայքի նորանշանակ մարզպետ,  բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը էթիկայի նորմերից դուրս է համարում քննադատական խոսքեր ասել  նախորդ մարզպետի` Կովալենկո Շահգալդյանի մասին և ցանկություն ունի բոլորի հետ կառուցողական աշխատանքային հարաբերություններ հաստատել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` ինչպե՞ս է հարմարվել նոր աշխատանքին  ու նոր միջավայրին, Արամ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ այն նոր միջավայրում, որտեղ պատրաստվում է աշխատել, պետք է կարողանա իրեն ճիշտ դրսևորել և ճիշտ շփվել բոլորի հետ, որպեսզի նոր միջավայրն էլ իրեն ընդունի: Նա շեշտեց, որ նախարարից մարզպետի աշխատանքին անցել է սիրով, նվիրումով և մեծ պատասխանատվությամբ:


Հարցին` ինչպե՞ս է պատրաստվում նոր մարզպետը հարաբերվել Հրազդանում ապրող ըմբոստ ընդդիմադիր ազատամարտիկ Սասուն Միքայելյանի հետ, ով վատ հարաբերություններ ուներ թե'  Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, թե' Հրազդանի ներկայիս քաղաքապետի հետ, Արամ Հարությունյանը  պատասխանեց. «Ես պարոն Միքայելյանին շատ վաղուց եմ ճանաչում, իրեն շատ հարգում եմ, իր հետ ժամանակին աշխատել եմ ԱԺ-ում: Որպես մարզպետ` գիտեմ իմ իրավունքներն ու պարտականությունները, հենց այդպես էլ պատկերացնում եմ մեր շփումներն ու հարաբերությունները: Առիթ լինի, խնդիրներ կբարձրացնենք, կքննարկենք, որևէ կաշկանդվածություն չկա»:


Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր խնդիրներին է առավելապես ուշադրություն դարձնելու, նոր մարզպետը նշեց, որ խնդիրները շատ են: «Համայնքների հետ կապված սեփական եկամուտներն են` չորս հարկատեսակի գծով` գույքահարկն է, հողի հարկը, վարձավճարներն են ու տուրքերը: Նախապատրաստվեցինք «Վերջին զանգ»-ի արարողությանը, զորակոչի հետ կապված խնդիրներ կան լուծելու»,- ասաց Արամ Հարությունյանը` հավելելով, որ բավական ծավալուն աշխատանքներ կան անելու և ինքն էլ պատրաստակամ է դրանք իրականացնել: