կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 17:15
Քաղաքական

Մեր կռիվը ձեզ հետ չէ, այլ իշխող ուժի. Մարուքյանի այս հայտարարությունը դուր չեկավ Սասուն Միքայելյանին

Մեր կռիվը ձեզ հետ չէ, այլ իշխող ուժի. Մարուքյանի այս հայտարարությունը դուր չեկավ Սասուն Միքայելյանին

Հայտնել ենք, որ ԱԺ փոխնախագահների պաշտոնում  իշխանությունից առաջադրվել են Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, իսկ ընդդիմությունից Վահե Էնֆիաջյանը` ԲՀԿ-ից, և Մանե Թանդիլյանը` «Լուսավոր Հայաստան»-ից:

Թանդիլյանի թեկնածությունը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Անդրադառնալով իշխող «Իմ քայլը» խմբակցության այն պնդումներին, թե ԲՀԿ-ն ավելի շատ ձայն է ստացել, հետևաբար պետք է ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը նրանց տրվի, նա ասաց. «Թանդիլյանը ստացել է 3600 ձայն, իսկ Վահե Էնֆիաջյանը նույն ընտրատեղամասում ստացել է 1200 ձայն: Ասեք` հիմա ո՞վ է որպես ընդդիմադիր ավելի շատ քվե ստացել»:

ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Արման Աբովյանը հակադարձեց. «Մենք ընտրում ենք ոչ թե տարածքային պատգամավորի, այլ ԱԺ փոխնախագահի: Թվերին նայելիս նայեք` որ քաղաքական ուժն ինչքան քվե է ստացել. ԲՀԿ-ն մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է: Գոյություն ունի արդարության սկզբունք: Հիմնվելով արդարության սկզբունքի վրա` տեսնում ենք, թե որ քաղաքական ուժն է ընկալվում որպես ընդդիմադիր ուժ»:

Մարուքյանն էլ նշեց, որ շատ ձայների փաստարկն ինքը չի բերել, իշխող ուժն է բերել: «Բախտի բերմամբ, թե պատահմամբ` երկու թեկնածուները նույն տարածքում են առաջադրվել, և ժողովուրդն է  որոշել: Մենք չենք վիճարկում, որ ԲՀԿ-ն երկրորդ ուժն է, դա փաստ է: Մենք վիճարկում ենք այն հանգամանքը, թե փոխխոսնակը պետք է լինի ԲՀԿ-ի՞ց, թե՞ ԼՀԿ-ից:  Մենք գտնում  ենք, որ մեր առաջադրած թեկնածուն ավելի լավը կլինի, քան ձեր թեկնածուն: Մենք ձեզ հետ կռիվ չունենք, դուք չեք` որոշելու տիկին Թանդիլյանը լինի՞ փոխխոսնակ, թե՞ ոչ, իրենց հետ ունենք»,- ասաց նա:

Մարուքյանի այս հայտարարությանը դուր չեկավ իշխող ուժի պատգամավոր Սասուն Միքայելյանին: Նա Մարուքյանի հայտարարությունը վիրավորանք համարեց:

«Մյուս անգամ, որ ես խոսում եմ, չմիջամտեք: Եթե ես վիրավորել եմ ,կարող եմ ներողություն խնդրել: Բայց դուրս եկավ, որ միայն դուք վիրավորվեցիք: Եես ոչ մի վիրավորական բան չեմ ասել»,- ասաց Մարուքյանը:

Մանե Թանդիլյանն էլ իր ելույթում նշեց, որ սա իշխող ուժի պատգամավորների գուցե միակ ընտրությունը լինի, և դա բացատրեց հետևյալ կերպ. «ԱԺ նախագահի, իշխանական փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահներին դուք չեք ընտրում, դրանք քաղաքական որոշում են: Սա կարող է լինել ձեր միակ ընտրությունը»,- ասաց նա: