կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-23 16:38
Քաղաքական

Ոստիկանապետի հերոսանալու ժամանակը

Ոստիկանապետի հերոսանալու ժամանակը

Ուժային կառույցները մեկ շաբաթ շարունակ փնտրում են իրենց անդամներին, որ պատժեն: Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատները, երբ մայիսի 18-ին իրենց զավակի դին բերում էին` կառավարության շենքի առջեւ դնելու, Սեւան–Երևան ավտոճանապարհին բախումներ արձանագրվեցին ոստիկանների,  ՌՈ աշխատակիցների եւ գյուղացիների միջեւ:

 

Տուժեցին նաեւ լրագրողներ: Համազգեստով եւ քաղաքացիական հագուստով ուժայինները լրագրողներին նախ արգելել էին մոտենալ ճանապարհի այն հատվածին, որտեղ գտնվում էին ցուցարարները, հետո հարձակվել էին լրագրողների վրա եւ, բռնություն գործադրելով, խլել տեսաձայնագրող սարքերը, կոտրել «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկը, ապա վերադարձրել` ամեն ինչ ջնջված, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբից վերցրել էին տեսաերիզը, այլ լրագրողներից էլ` ձայնագրիչները՝ ասելով՝ չտաք, կջարդենք:

 

Այս հանցագործությունը կատարողներին ոստիկանությունը հաղորդագրությամբ համարեց անհայտ անձինք: Ոստիկանապետն ու պաշտպանության նախարարը հայտարարեցին, թե իրենք նման հրաման չեն արձակել։ Ոստիկանությունը դատապարտում է, ՊՆ-ն դատապարտում է, նախագահի մամուլի խոսնակն էլ՝ վրադիր: Լավ, բա ո՞վ է հրաման տվել, ովքե՞ր են այդ խուլիգանները: Գուցե գյուղացինե՞րն էին: Դժվար, նրանք ուզում էին, որ առավել լուսաբանվի ու տարածվի ակցիան: Լրագրողնե՞րն էին, դժվար, դաշտում բոլորն էլ միմյանց ճանաչում են: Ոնց նայում ես, մնում են ուժայինները, եթե, իհարկե, բացառենք վերերկրային արարածների կամ դժոխային ոգիների մատն այս գործում խառը լինելու վարկածը...

 

Ուժային կառույցների ներկայացուցիչները նախ օրինազանցություն են անում, երբ իրենց մասնագիտական աշխատանքը կատարում են առանց համազգեստի: Առաջին անգամը չէ, որ նրանք մասնակցում են որեւէ պիկետի ու առանց բացատրության խլում լրագրողի ապարատը՝ ասելով, թե նման հրաման ունեն: Իսկ ո՞վ է հրաման տվողը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարտավոր է հրապարակայնորեն պատասխանել հարցին՝ ինքը, արդյոք, արգելո՞ւմ է բողոքի գործողությունների ժամանակ նկարահանում իրականացնել: Եթե` այո, ապա ի՞նչ հիմքով: Իսկ եթե` ոչ, ապա պարտավոր է ոչ միայն պատժել հանցագործին՝ ի տես մյուսների, նաեւ հանդես գալ հայտարարությամբ՝ արգելելով լրագրողի աշխատանքին խոչընդոտումը:

 

Եթե ոստիկանապետը չի արգելում նկարահանումները, ուրեմն ինչ-որ ծառայամիտ ոստիկան իրեն իրավունք է վերապահել մտքով անցած տեղում, սեփական կամքով արգելել լրագրողի աշխատանքը՝ ողջ համակարգի ու նրա ղեկավարի անունը գետնելով: Այս դեպքում ստացվում է, որ ոստիկանապետն այնքան թույլ է, որ նախ` չի կարողանում ազդել ոստիկանների վրա, ապա մեկ շաբաթում մի քանի «պագոնավոր ժուլիկների» չի կարողանում հայտնաբերել: Եվ նման պայմաններում` երբ այդ ոստիկանները կարող են սեփական քայլերին լիակատար ազատություն տալ, չենք զարմանա, որ վաղը` արդեն կառավարության նիստերի օրերին, ոչ թե շենքը շրջափակվի ուժայինների կողմից, այլ հենց բողոքավորների տան մուտքը, որ կառավարության դիմաց չբողոքեն: Եթե չկա նկարահանելու` ներքին արգելանք, այդ ո՞ր մի ոստիկանն է առյուծի կաթ խմել, որ լրագրողներին արգելի մասնագիտական աշխատանք կատարել:

 

Ինքս կասկած չունեմ, որ չեն էլ հայտնաբերելու այդ հանցագործներին, այլ սպասելու են` մինչեւ ամեն ինչ խաղաղվի ու մոռացվի կատարվածը: Իսկ հաջորդ նման միջոցառմանը տղերքը դարձյալ կանցնեն գործի. սա միանգամայն ձեռնտու է ինքն իրեն հերոսացնելու ճանապարհով ընթացող ոստիկանապետին: Կարիերա կա, բան կա... Նրան անհրաժեշտ է, որ նախ իր ենթակաները խոչընդոտեն լրագրողների աշխատանքին, որ ինքն էլ հետո գա ու ասի՝ սիրելի' լրագրողներ, «ո՞վ չի թողել, ցույց տվեք՝ հենց ստեղ չոքցնեմ»:

 

«Չոքցնել» պետք է օրենքով, պարո՛ն ոստիկանապետ, որ հաջորդ անգամ նման ղալաթ չանեն: Ձեր «գործը» արդեն ճանապարհ փակե՞լն է, մարդկանց տեղաշարժն արգելե՞լը, ճնշե՞լը: Ուրեմն` մեր գործն էլ նկարելն է, թե դուք ինչպես եք փակում, ճնշում ու ահաբեկում: Մենք գիտենք, թե ինչու չեք թողնում, որ մենք մեր գործն անենք: Որովհետեւ դրա արդյունքում կամաչեք ձեր արած գործի համար: Ինչ վերաբերում է այդ օրինազանցների հայտնաբերմանը, դա այնքան էլ դժվար չէ, ի վերջո, յուրաքանչյուր միջոցառում նկարահանվում է ոստիկանության կողմից՝ ամեն առիթից գործ բացելու ակնկալիքով: Կադրերը ետ պտտեք ու այնքա՜ն ծանոթների կհանդիպեք...

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ