կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 01:52
Հասարակություն

Րաֆֆիի վրանը հանել են ոստիկանապետի հրամանով, այլ ոչ թե օրենքով

Րաֆֆիի վրանը հանել են ոստիկանապետի հրամանով, այլ ոչ թե օրենքով

«Րաֆֆի Հովհաննիսյանից հետո մի կին տան հարց ուներ, եկավ բենզինի շիշը ձեռքը, մյուս ձեռքին էլ` մի հատ զոնտիկ, ասեց, թե էստեղ եմ մնում...»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:

Եվ որպեսզի հացադուլավորների եւ բողոքավորների թիվը չշատանա, եւ մարդիկ էլ վրաններ չկապեն Ազատության հրապարակում, որոշվել է արգելել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել:

Հարցին, թե ի՞նչ օրինական հիմքով են ոստիկանները պատառոտել Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում տեղադրված վրանը, ոստիկանապետը պատասխանեց. «Նախ ասեմ, որ դա պատառոտել չէր: Փորձել են հանել, դիմադրել են: Շատ հանգիստ է անցել: Հանել են դրել մի կողմ, իրենք էլ գնացել, տեր են եղել իրենց վրանին»:

Իսկ դրանից առաջ վրանը հանելու հրահանգը օրենսդրական ոչ մի հիմք էլ չունի. «Օրենսդրական հիմքը չեմ նայել, առանց դրա էլ մենք թույլ չենք տալիս դա անել: Իմ հրահանգով թույլ չեմ տվել, որպեսզի դա չդառնա նախադեպ մյուսների համար»:

Ն. Նազարյանը խուսափեց մեկնաբանել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` վերջերս արած այն արտահայտությունը, թե «պատմությունը ցույց է տվել, թե ինչեր են լինում այդ վրանների պատերի ներսում»: Սակայն ասաց, թե, օրինակ, մարտի 1-ի դեպքերից առաջ վրաններում զինամթերք է եղել:

Իսկ հարցին, թե, արդյո՞ք վրաններ տեղադրելն արգելելով, ոստիկանությունը փորձում է կանխել հերթական մարտի 1-ը, ոստիկանապետը պատասխանեց. «Մարտի 1-ը մոռացեք, նման բան չի լինելու»։