կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-20 17:19
Իրավական

Սպանություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է Արկադի Վարդանյանը

Սպանություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է Արկադի Վարդանյանը

Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ս.թ մայիսի 18-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

 

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ, ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա` դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով / մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն/:

 

Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու հարցերը: Քրեական գործի քննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը կտրամադրվի հաշվի առնելով նախաքննության բնականոն ընթացքի և համակողմանիության միաժամանակյա ապահովման անհրաժեշտությունը:

 

Նշենք, որ ձերբակալվածներից Արկադի Վարդանյանը հայտնի հասարակական-քաղաքական գործիչ է և ՀՀ նախագահական ընտրություններից հետո միացել էր Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժմանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը: