Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը առաջին հերթին գնահատում ու կարեւորում է աշխատանքը: Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում վարչապետի խորհրդականը, անդրադառնալով մեր հարցին, թե ո՞ր աշխատանքն է իր համար ավելի հոգեհարազատ' մարզպետի՞, թե՞ վարչապետի խորհրդականի, պատասխանեց, թե չի ցանկանում համեմատություն անել, քանի որ ամեն մի պաշտոն ունի իր առավելությունները, թերությունները, հեշտ ու դժվար կողմերը:
«Այնպես չէ, որ մարզպետի պաշտոնը մի ինչ-որ երանելի պաշտոն էր, ծանր, ծանրագույն աշխատանք ենթադրող պաշտոն էր»,- անկեղծացավ Կովալենկո Շահգալդյանը:
Մայիսի 29-ից Շահգալդյանն անցել է վարչապետի խորհրդականի պաշտոնին, իսկ այս ընթացքում դեռ չի հասցրել «խորհուրդ» տալ (նկատի ունենք պաշտոնից բխող գործունեությունը' իր տեսակետը, կարծիքը, դիտարկումները ներկայացնելը, քննարկումներին մասնակցելը եւ այլն): Վարչապետի խորհրդականը նշեց, որ, խորհրդական ասելով, շատերը հասկանում են, թե այդ պաշտոնը հենց ստեղծված է ղեկավարին, բառիս բուն իմաստով, խորհուրդ տալու համար: Նա վստահեցրեց, թե, իհարկե, հարցեր կան, որոնց վերաբերյալ ինքն իր տեսակետներն ասում է...
Մեր ճշտող հարցին ի պատասխան` իր գործատուն' ի դեմս կառավարության ու նրա ղեկավարի' վարչապետի, հաշվի առնո՞ւմ է Շահգալդյանի կարծիք-տեսակետները, մասնագիտական խորհուրդները, ու ինչպե՞ս է դա դրսեւորվում, վարչապետի խորհրդականը խորհուրդ տվեց չշտապել, մի քիչ սպասել, որպեսզի ինքն ամբողջությամբ մտնի աշխատանքային գործընթացների մեջ, ամբողջ թափով սկսի մասնակցել պրոցեսներին' իմանալու համար, թե իր որ առաջարկն է ընդունվում, որն է գնահատվում, որին են քայլեր հետեւում և այլն:
«Վերջիվերջո, այդ կառավարությունում, այդ աշխատակազմում, ես առաջին անգամ եմ աշխատում: Դեռ ծանոթանալու, ուղղություններն ընկալելու եւ գնահատելու խնդիրներ կան»,- ասաց Կովալենկո Շահգալդյանը:
Նախկին մարզպետը չի կարող գնահատել' նախկին կառավարության հե՞տ էր աշխատելն ավելի հեշտ, թե՞ նոր, քանի որ նոր կառավարության հետ աշխատելու առիթ նոր ունի, իսկ հին կառավարության հետ, որպես խորհրդական, չի աշխատել:
Մեր հարցին' նոր վարչապետի հետ աշխատելը հեշտ կլինի՞, պատասխանեց, թե Հովիկ Աբրահամյանն իր համար նոր մարդ չէ' 6-7 տարի միասին աշխատել են, երբ Հովիկ Աբրահամյանը դեռ փոխվարչապետ- տարածքային կառավարման նախարար էր:
Հետաքրքրվեցինք' Հայաստանում այնպիսի տեսակետ է ձեւավորվել, որ երբ ինչ-որ նախկին վարչական, ղեկավար պաշտոններ զբաղեցրած մարդու տեղափոխում են խորհրդականի կամ օգնականի աշխատանքի, դա դիտարկվում է որպես նրան վերջնականապես «հաջողություն» ասելուց առաջ արվող ժեստ, ու իր' խորհրդականի պաշտոնում նշանակվելու պարագայում նման բան զգացե՞լ է: Շահգալդյանը ծիծաղելով պատասխանեց, թե այդ առումով ինքն այլ կարծիք ունի. «Եթե ես այդպիսի մոտիվներ զգայի, չէի համաձայնի խորհրդականի հաստիքը զբաղեցնելու առաջարկին: Կարծում եմ, որ անհրաժեշտ է, կամ ես դեռեւս ունեմ հնարավորություն ու հարուստ փորձ' պիտանի լինելու: Կարծում եմ' Կոտայքի մարզպետի պաշտոնում 13.5 տարի աշխատելուց հետո իմ տեսակետը պետք է որ արժեքավոր լինի»:
Նախկին մարզպետը հավելեց, թե նոր կառավարությունը կարեւորում է երիտասարդ կադրերին ու չի էլ անտեսում հարուստ փորձ ունեցող մասնագետներին:
Իսկ վերջնական «հաջողություն» ասելուց առաջ խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին, բնականաբար, մտածել է, բայց իր պարագայում նման տրամադրվածություն չի զգացել:
Ուշագրավ է, որ Շահգալդյանն անգամ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականների թվում չէ, այլ ընդամենը 6 խորհրդականների շարքում: