| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելեց Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց այդ գործընթացում Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը: 
Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: 
Նույն օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խմբերի անդմաների հետ ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների նախաձեռնությունները և ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Տարբեր կուսակցություններ ներկայացնող Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ։
Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, որին ներկա էին Փարիզում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի արտգործնախարարության և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ, ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: 
Նախարար Նալբանդյանը իր ելույթում ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։ 
Երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, հեղինակավոր քաղաքագետների և վերլուծաբանների հետ։ Հանդիպմանը տեղի ունեցավ շահագրգիռ և հանգամանալից քննարկում միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ: