կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-13 21:18
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահի հետ

Էդվարդ Նալբանդյանը  հանդիպեց ԵԽԽՎ նախագահի հետ

Ապրիլի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ ‪ ‎Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն  Բրասերի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ  Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի աշխատանքներում իր ակտիվ ներգրավվածությունը։

Երկուստեք կարևորվեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացվող քայլերը:


Անդրադառնալով Եվորպայի խորհրդի դերակատարությանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնած հայտարարությանը միացել են վեհաժողովի շուրջ 150 անդամներ։


Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշմանը ՝ շեշտելով, որ պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձևաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը: Նախարարի խոսքերով հարկավոր է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել ընդհանրապես բանակցային գործընթացին։ «Սա վերաբերում է հատկապես այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում՝ Բաքվի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպայի խորհուրդ փոխգործակության հարցերի շուրջ։