կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-07 17:17
Հասարակություն

Ցեղասպանությունը` լուսանկարներում. հայ մայրը՝ մահամերձ զավակի մոտ

Ցեղասպանությունը` լուսանկարներում. հայ մայրը՝ մահամերձ զավակի մոտ

Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակհազարավոր վավերագրերով: Բացառիկ փաստագրական ապացույց են Հայոց ցեղասպանության տարիներին հայ և օտարազգի լուսանկարիչների արած հարյուրավոր լուսանկարները: Տարեցտարի ի հայտ են գալիս Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները փաստող նոր լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս առնչվելու տեղի ունեցածին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկ տեղում՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքում, հավաքել է հայերի կոտորածը պատկերող լուսանկարներ, որոնց մի մասն ArmenianGenocide100.org-ը պարբերաբար ներկայացնում է:

 

Լուսանկարում իր մեռնող երեխայի կողքին գլխիկոր կանգնած է հայ մայրը: Լուսանկարը մակագրված է դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի ձեռագրով՝ «Մահացող երեխա` Խարբերդում»: Լուսանկարիչը, ամենյան հավանականությամբ, հենց Մարիա Յակոբսենն է (խարբերդ, 1915 թ.):

Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը, ապրելով Խարբերդում և ականատես դառնալով հայերի ցեղասպանության զարհուրելի դրվագներին, դրանք ներկայացրել է իր օրագրում՝ հիմնականում անդրադառնալով 1915-1919 թթ. Խարբերդի հայության տեղահանության և կոտորածի մանրամասներին: Օրագրում արձանագրված են խարբերդահայության և այլ քաղաքների ու գյուղերի բռնագաղթյալ հայերի հանդեպ թուրքերի կիրառած անմարդկային դաժանությունների տեսարանները:

 Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1918-1919 թվականներին, Մարիա Յակոբսենը Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների օգնությամբ մի քանի ամսվա ընթացքում հավաքագրեց շուրջ 3600 հայ որբերի, որոնց մեծ մասը տառապում էր տարբեր վարակիչ հիվանդություններից. նրանք, սովից հյուծված և կմախքացած, թափառում էին փլուզվող կայսրության տարբեր վայրերում:

1919 թ. առողջական խնդիրների պատճառով (որբերից վարակվել, հիվանդացել էր տիֆով) Յակոբսենը մեկնում է Դանիա, սակայն դեռ հայրենիք չհասած՝ հրավեր է ստանում Միացյալ Նահանգներից: Մարիա Յակոբսենը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում դասախոսություններ է կարդում Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից իրականացվող հայերի ցեղասպանության մասին՝ փորձելով նյութական միջոցներ հայթայթել հայ որբ երեխաների համար:

 «14-ը օգոստոսի, 1915 – շաբաթ: Այսօր Մր. Րիկզը, Էլիսը և ես Մէզրէ [Խարբերդ – ծնթ. ArmenianGenocide100.org] ուրկէ ՔարէնՄարիային հետ, ինչպէս նաեւ հիւպատոսին, գերեզմանօց գացինք ուր կառավարութիւնը հիւանդ հայերը հաւաքած էր: …Ոեւէ մէկը չէր կրնար ատկէ փախչիլ: Երբ մուտքին մօտեցանք շատ սոսկալի տեսարան մը պարզուեցաւ մեր աչքերուն առջեւ: …Անոնց կերպարանքը շատ սոսկալի էր: Անոնք գրեթէ մերկ էին: Անոնց հագուստներէն միայն ցնցոտիներ մնացեր էին իրենց վրայ: Անոնք չափազանց աղտոտ էին: Շատ նիհար էին: …Անոնցմէ շատերը այնքան հիւանդ էին, որ չէին կրնար ոտքի ելլել ու մեզի մօտենալ: Անոնք կ’ ուզէին ոտքի կանգնիլ ու մեզմէ օգնութիւն խնդրել, ուրիշներ այնքան տկար էին, որ նոյնիսկ ոյժ չ’ ունէին պոռալու»:

Մարիա Յակոբսեն (1882-1960)

դանիացի միսիոներուհի

Հայոց ցեղասպանության ականատես