Փոխարժեքներ
15 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Մայիսի 11-ին Ազատության հրապարակում, ինչպես նախապես հայտարարվել էր, նստացույց է սկսել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով իշխանություններից պահանջում է վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նրան են միացել մի խումբ այլ ազատամարտիկներ:
Ավելի վաղ Վոլոդյա Ավետիսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հայաստանի կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքները:
Ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության երաշխիքները խիստ անբավարար են: Անկախ սոցիալական առումներից, այս երևույթն ինքնին անհարիր է մարդկային և ազգային արժանապատվության տեսակետից:
ՀՀ կառավարությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում զինծառայողներին հնարավորինս ցածր կենսաթոշակ վճարելու նպատակով: Ծառայության ընթացքում զինծառայողներին քիչ թե շատ տանելի վարձատրություն տրամադրելու պարագայում ՀՀ կառավարությունը կենսաթոշակի անցնելիս նրանց կենսաթոշակը հաշվարկում է օրենքով սահմանված կարգից բխող չափից առնվազն 3-4 անգամ ավելի պակաս չափով, ինչի հետևանքով կենսաթոշակի անցնող զինծառայողները հայտնվում են աղքատության մեջ:
Այդպիսի քաղաքականությամբ կառավարությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, որ զինծառայողներն իրեն պետք են միայն ծառայության ընթացքում: Նման երևույթը ոչ միայն սոցիալական անարդարություն է, այլև բացասաբար է ազդում Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա, քանի որ զինծառայողներին դնում է վարձկանի կարգավիճակում:
ՀՀ կառավարությունից պահանջում եմ ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան`
1. արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները,
2. վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը,
3. ըստ այդմ` կատարել վերահաշվարկ և փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:
Նշված պահանջների կատարմանը հասնելու նպատակով 2013 թ. մայիսի 11-ից` ժամը 10:00-ից, Երևանի Ազատության հրապարակում անցկացնում եմ նստացույց և ազատամարտիկներին, կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև այս հարցով մտահոգ ՀՀ այլ քաղաքացիներին հրավիրում եմ մասնակցելու այս պայքարին»:
Լուսանկարը՝ News.am-ի: