Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՀՀ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին, որը ուշագրավ է մի քանի դրվագներ է պարունակում:
«Տարոն Մարգարյանին, երիտասարդ տղա ա, նորմալ աշխատում ա: Մյուսների մեջ էլ առանձնապես պերսպեկտիվա չեմ տեսնում: Որ մյուսները գան, ի՞նչ նոր բան պիտի անեն, այ, դա չեմ հասկանում: Մենք Տարոն Մարգարյանին ենք հնարավորություն տալիս, թող աշխատի, ջահել, նորմալ տղա ա: Նորմալ դեմքով, դիրքով, նորմալ ընտանիքից, գենը լավն ա, օղորմածիկ հորը շատ լավ ճանաչում էի: Նորմալ կաշխատի»,- Տարոն Մարգարյանին իր ընտրելը այսպես է մեկնաբանում նրա թիմակիցը: Որ Տարոն Մարգարյանը «ջահել, նորմալ տղա ա՝ նորմալ դեմքով, դիրքով, նորմալ ընտանիքից», որեւէ առարկություն չունենք: Թող լինի: Բայց դա դեռ շատ քիչ է մայրաքաղաքի քաղաքապետ աշխատելու համար: Ալիկ Սարգսյանը, սակայն, սահուն հասնելով հարցազրույցի վերջին, սայթաքում է ու հակասում ինքն իրեն: Հարցին, թե` ինչպե՞ս եք վերաբերվում Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությանը, պատասխանում է. «...Միշտ էլ ասել եմ՝ 3 տարուց ավելի մարդուն նույն պաշտոնին չեն թողնում...»: Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետն է 2011թ. նոյեմբերի 15-ից, այսինքն՝ 1.5 տարի է արդեն: Ստացվում է, եթե նա առավելագույնը երկու տարի անց դեռեւս նույն պաշտոնին մնա, դա աննորմալ երեւույթ կլինի: Այդ դեպքում ինչո՞ւ է Ալիկ Սարգսյանն ընտրել Տարոն Մարգարյանին, եթե նրան ընդամենը մեկուկես-երկու տարվա պաշտոնավարում է «մաղթում»:
Բայց Ալիկ Սարգսյանի մտքերը հեռուն են տանում: Վերջին 4 տարիների ընթացքում Երեւանը փոխել է 3 քաղաքապետ՝ Գագիկ Բեգլարյանին հաջորդեց Կարեն կարապետյանը, նրան էլ՝ Տարոն Մարգարյանը, եւ երեքի դեպքում էլ նախագահականի «մատն էր խառը»: Այսինքն` 1,5 տարի անց, երբ արդեն Տարոն Մարգարյանը նույն պաշտոնում կիշխի երեք տարի, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը խորհուրդ կտա մի հատ էլ ասել՝ «Տարոն ջան, սիրուն չի»...
Ալիկ Սարգսյանի երկրորդ` արդեն սենսացիոն հայտարարությունը վերաբերում է Տարոն Մարգարյանի ունեցվածքին: «Պարո'ն Սարգսյան, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե որտեղից Տարոն Մարգարյանին այդքան ունեցվածք: Մի քանի բնակարան, առանձնատներ, հազարավոր դոլարներ հաշվեհամարին, բիզեսներ»,- հարցնում է լրագրողն ու ստանում այսպիսի պատասխան. «Իսկ Դուք կարո՞ղ եք ասել, թե ինչի համար են այդ չարաշահումները հարմար տեղում, հարմար պահին երևում մամուլում: Ինչի՞ համար տարիներ շարունակ չեն խոսում, և հանկարծ մի օր, երբ պետք է մարդուն վարկաբեկելու փորձ արվի, գրում են՝ նա ունի էս, ունի էն: Իմ կարծիքով` սա նույնիսկ բարոյական չէ: Մարդու մասին բան ունեք ասելու՝ ասեիք, ինչո՞ւ հենց հիմա»: Նախկին ոստիկանապետն ու Տարոն Մարգարյանի թիմակիցը նախ ընդունում է, որ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ չարաշահումներ է թույլ տվել այդ ունեցվածքին հասնելու ճանապարհին: Երկրորդ` Ալիկ Սարգսյանը համարում է, որ երբ խոսում ես մարդու ունեցվածքի մասին, ուրեմն նրան վարկաբեկում ես, այսինքն` ընդունում է, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել պախարակելի ճանապարհով: Երրորդ` նախկին ոստիկանապետը համարում է, որ չարաշահումը, փաստորեն, ունի վաղեմության ժամկետ, այսինքն` եթե չարաշահում անելու պահին չես բռնել, իրավունք չունես հետո արտահայտվելու եւ մեղադրելու:
Ոստիկանապետ աշխատած մարդն իրավունք չունի նման սխալներ թույլ տալու:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ